Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել հայ-ադրբեջանական հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին «նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմանը»։
Երեկ Անկարայում նախագահական նստավայրում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացած նիստից հետո խորհուրդը դարձյալ Հայաստանին է մեղադրել Ադրբեջանի նկատմամբ սադրիչ գործողությունների համար։ Անկարան իր տարածքների ադրբեջանական օկուպացիայի մասին բարձրաձայնող Երևանին հորդորել է օգտագործել խաղաղության հնարավորությունն ու կատարել ստանձնած պարտավորությունները:
Թուրքիան վերստին վճռական աջակցություն է հայտնել Ադրբեջանին, պնդելով, թե Բաքուն մեծ ջանքեր է գործադրում կայուն խաղաղության հասնելու համար։
«Բոլոր երկրները, հատկապես՝ տարածաշրջանի պետությունները և ներգրավված բոլոր դերակատարները, պետք է անկեղծորեն նպաստեն խնդրի մնայուն կարգավորմանը, ոչ թե խորացնեն տարաձայնությունները», - հայտարարել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն՝ առանց հավելյալ մանրամասների։
Այսօր էլ Թուրքիայի արտգործնախարարն է ասել, որ պատերազմից հետո տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություն է ստեղծվել. «Տարածաշրջանում կարգավորմանը ուղղված քայլեր են արվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Իհարկե, Հայաստանը դժվարությամբ է քայլեր անում, սակայն մեր հատուկ ներկայացուցիչները ևս աշխատում են նորմալացման համար»:
Էրդողանը նպատակ ունի կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպում
Թուրքիայի նախագահական նստավայրում քննարկվել է նաև ռուս-ուկրաինական ճգնաժամը: Ընդգծվել է, որ Անկարան շարունակելու է իր միջնորդական դերը հացահատիկի միջանցքի և գերիների փոխանակման հարցում, ինչպես նաև ջանքերը պատերազմի հումանիտար խնդիրները մեղմելու համար:
Նախօրեին կառավարության նիստից հետո էլ Էրդողանը հայտարարել է, որ նպատակ ունի կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը: Երեկ Թուրքիայի նախագահը զրուցել էր Ուկրաինայի նախագահի հետ, իսկ այսօր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է նախապատրաստվում:
Անկարան կրկին Աթենքին կոչ է արել հրաժարվել սադրիչ գործողություններից
Ազգային անվտանգության խորհրդի նիստի առանցքային թեմաներից մեկն էլ թուրք-հունական լարվածությունն է եղել: Անկարան կրկին Աթենքին կոչ է արել հրաժարվել սադրիչ գործողություններից և հարգել միջազգային իրավունքի նորմերը:
Անվտանգության խորհուրդն ընդգծել է, որ Թուրքիան միջազգային իրավունքի շրջանակներում բոլոր ընդունելի միջոցներով պաշտպանելու է իր շահերը ընդդեմ Հունաստանի անմիտ ու ապարդյուն գործողությունների:
Շաբաթներ շարունակ Անկարան Աթենքին մեղադրում է Արևելյան Միջերկրականում ՆԱՏՕ-ի առաքելություն իրականացնող իր F-16 ինքնաթիռների նկատմամբ հակահրթիռային պաշտպանական համակարգեր կիրառելու և դրանց թռիչքները խոչընդոտելու համար: Ավելի քան երկու շաբաթ առաջ էլ Թուրքիան պնդել էր, թե Էգեյան ծովում ափերի անվտանգությունը ապահովող հունական ստորաբաժանումները կրակ են բացել թուրքական բեռնանավի ուղղությամբ:
Հունաստանը հերքում է այս բոլոր մեղադրանքները: Կողմերը նաև վիճելի տարածքային հարցեր ունեն: ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներին երկխոսության կոչ է անում: Թուրքիայի պաշտպանության նախարարը այսօր հայտարարել է, որ Անկարան կողմ է բանակցային ճանապարհով Աթենքի հետ խնդիրները հարթելուն: Հուլուսի Աքարը ասել է, թե պատրաստ են հյուրընկալել հույն գործընկերներին կամ իրենք գնալ հյուր:
«Թուրքիան վտանգ չի ներկայացնում մենք ուժեղ և վստահելի գործընկեր ենք», - պնդել է Աքարը:
Your browser doesn’t support HTML5