Այսօր ավարտվում է Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանի նախաձեռնած հանրաքվեն

Ակնկալվում է, որ ընդամենը մի քանի ժամից Ռուսաստանի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքներում Կրեմլի նշանակած ղեկավարները կհայտարարեն Դաշնությանը միանալու մասին։

Դեռ երկու օր առաջ սկսված «հանրաքվեն» ավարտվում է այսօր: Կիևը և արևմտյան երկրները վաղուց են հայտարարել, որ օկուպացված տարածքներում զենքի ուժով անցկացվող քվեարկությունը չեն ճանաչի, պատժամիջոցներն էլ կխստացնեն։

Ռուսաստանում, մինչդեռ, շարունակում են գործընթացը` չնայած այդ սպառնալիքներին: Ըստ ռուսական մամուլի, ընդամենը երեք օրից նախագահ Պուտինը ուղերձով կդիմի Դաշնային խորհրդին և կհայտարարի այդ տարածքները Ռուսաստանի կազմ ընդունելի մասին:

Պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա, սակայն ռուս պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում ընդգծելու, որ Դաշնության կազմ մտցնելուց հետո այդ տարածքների նկատմամբ հարվածը կդիտարկվի որպես հարձակում Ռուսաստանի նկատմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դմիտրի Ռոգոզինը կարող է նշանակվել Կրեմլի ներկայացուցիչ Ղրիմի Դաշնային տարածքում

Ռուսական մամուլը, մասնավորապես «Վեդոմոստին» գրում է, որ Կրեմլը մտադիր է Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունը, Զապարոզժիեի և Խերսոնի մարզերի օկուպացված տարածքները, ինչպես նաև 2014 բռնակցած Ղրիմը միավորել մեկ` Ղրիմի օկրուգի մեջ։ Ըստ այդ հրապարակումների, նոր միավորը կղեկավարի ազգայնական հայացքներով հայտնի նախկին փոխվարչապետ, «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:

Մինչ այդ կատաղի մարտերը շարունակվում են. ռուսները այս գիշեր ռմբակոծել են Կրիվոյ Ռոգի օդանավակայանը, Օդեսան, Խարկովի մարզը, Նիկոլաև քաղաքում առնվազն ութ բնակելի շենք է տուժել, վնասվել է նաև ջրամատակարարման համակարգը։

«Հերթական անգամ չես իմանա, թե ֆաշիստները ինչ թիրախ կընտրեն: Խնդրեմ`սա այգի է, հանգստի վայր մարդկանց համար, թե ինչին էին հարվածում գիշերով, հայտնի չէ»:

Ուկրաինական կողմն էլ շարունակում է սեպտամբերի սկզբից սկսած հակահարձակումը։ Երեկ երեկոյան Գլխավոր շտաբը անուղղակիորեն հաստատել է, որ ուկրաինական ստորաբաժանումները ազատագրել են Կուպյանսկ-Ուզլովոյը՝ Կուպյանսկի հարավային արվարձանը և Օսկոլ գետի արևելյան ափին գտնվող հիմնական երկաթուղային հանգույցը։

Մասնակի մոբիլիզացիայի դեմ ցույցերը չեն դադարում

Ռազմաճակատում մեկը մյուսին հաջորդած անհաջողություններից հետո անցած շաբաթ Ռուսաստանի նախագահը մասնակի մոբիլիզացիա հայտարարեց, որի դեմ ցույցերը չեն դադարում: Ամենաթեժ ակցիաները Դաղստանում են, որտեղ մայրերը չեն թողնում, որ իրենց որդիներին զորակոչեն։

Բողոքի ցույց Մախաչկալայում

Իշխանությունները շեշտում են, որ զորակոչը մասնակի է, որ զորակոչվելու են միայն նրանք, ովքեր արդեն ծառայել են։ Իսկ իրականում զորակոչվում են նաև նրանք, ովքեր երբեք չեն ծառայել, ըստ որոշ հաղորդումների` նաև վատառողջները։

«Ընտրություն չկա, քեզ ստիպում են գնալ։ Եթե չգնաս, կհայտնվես բանտում, իսկ ես չեմ ուզում բանտ նստել», - ասում է զորակոչիկներից մեկը:

Համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ նորակոչիկներից մեկը պնդում է, թե առանց որևէ նախապատրաստության արդեն սեպտմեբերի 29-ին նրանց ուղարկելու են Խերսոն` ռազմաճակատ. - «Բարև բոլորին, 1-ին տանկային գունդն է կապի մեջ։ Մեզ պաշտոնապես ասացին, որ մինչև մարտական գոտի ուղարկելը նախապատրաստություն չի լինելու։ Գնդի հրամանատարը հաստատել է այս տեղեկությունը։ Սեպտեմբերի 29-ին պետք է ուղարկեն Խերսոն»։

Մոբիլիզացիայի մասին հայտարարությունից ժամեր անց զորակոչի տարիքի տղամարդիկ սկսել են հնարավոր ճանապարհներով լքել երկիրը։ Վեց օրվա ընթացքում, ըստ պաշտոնական աղբյուրների, Ռուսաստանից հեռացել է մի քանի հարյուր հազար երիտասարդ տղամարդ։

Ռուս-ֆիննական սահմանը, ըստ Ֆինլանդիայի իշխանությունների, անցած օրերին միայն հատել է 17 հազար մարդ։ Ղազախստանի իշխանությունների տվյալների համաձայն, մոտ հարյուր հազար ռուսատսանցի է Ղազախստան մտել։ Ընդ որում, այդ երկրի ներքին գործերի նախարարն այսօր հայտարարել է, թե Ղազախստանը Ռուսաստանին չի արտահանձնի մոբիլիզացիայից խուսափողներին։

Չափազանց լարված է իրավիճակը ռուս-վրացական սահմանին։ ՌԻԱ Նովոստին հղում անելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը այսօր հայտնել է, թե Ռուսաստանի և Վրաստանի ցամաքային սահմանին մոբիլիզացիոն կետ կհայտնվի։ Կա տեղելություն, որ Վերի Լարսում հավքավծ ռուսաստանցիներին արդեն զինկոմիսարիատ ծանուցագրեր են հանձնում ։

«Վերին Լարս» ցամաքային անցակետում մի քանի օր է, հսկայական հերթեր են։ Երեկ այստեղ ԲՏՌ էր հայտնվել, ինչպես Հյուսիսային Օսիայի իշանություններն էին հայտնել ՝ սահմանի չարտոնված հատումը կանխելու համար։