Արցախում առավոտյան լռության րոպե է հայտարարված։ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը այստեղ աշխատանքային է, կյանքը մեկ րոպեով կանգ է առնում ամենուր՝ փողոցում, աշխատավայրերում, դպրոցներում։
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից արցախցիներն այսօր խաչերթով շարժվեցին դեպի քաղաքային հուշահամալիր։ Մարդկանց ձեռքերում պատերազմում զոհված տղաների լուսանկարներն են... հազարավորների այս երթում ժպտացող դեմքեր միայն լուսանկարներում կան։
«Պիտի լինենք տղաների շիրիմների կողքին։ Իսկ նրանց հոգիները թող թևածեն՝ լինելով մեր երկնային զորքը։ Նրանք անհիշատակ չեն. ժողովուրդ ունեն, հայրենիք ունեն, որի համար տվել են իրենց կյանքը», - ասում է Սվետլանա Թովմասյանը։
Նա երկու տարի անց, երբ պատերազմը թե' Արցախի ու թե' Հայաստանի սահմանին չի ավարտվում, խոսում է համախմբման անհրաժեշտության մասին. - «Պետք ա որ դասեր քաղենք հենց չարենցյան տողերից՝ միասնությունը քո հավաքական ուժի մեջ է»։
«Թույլ էինք, միասին չէինք ու ադրբեջանցին մեր հողը մտավ», - դառնանում է ստեփանակերտցի Ռաշիդ Նաջարյանը. - «Շատ դժվար օրեր ենք ապրում... Մենք պիտի մեր սահմանները ամուր պահեինք, բոլորս միանայինք, ամբողջ ազգը պիտի միանար, որ կարողանայինք մեր ընտանիքներում, մեր հողում, մեր ջրում մեր կյանքը շարունակեինք։ Ուզում ենք այստեղ, մեր հուղուջրում ապրել մինչև մեր կյանքի վերջը»։
Հիշատակի միջոցառումներին մասնակցում են նաև Արցախի նախագահը , բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևորականներ։ Ստեփանակերտի հուշահամալիրում այսօր բացվեց «Լուսո խորան» կոթողը, այն կիսավեր մատուռ է հիշեցնում։
Վալիդա Ադամյանի որդին՝ Անդրանիկ Լալայանը Մարտակերտում է զոհվել , երկու փոքրիկ է թողել։ Պապան նկարից դուրս կգա ՞, հարցնում են տատիկին։ Տիկին Վալիդան թոռների համար Արցախում ապագա չի տեսնում։ Նա էլ է շեշտում ՝ քանի դեռ միավորված չենք. - «Հայ ժողովուրդը եթե միասնական լինեն, ելք կգտնեն, բայց եթե տարբերություն դնեն Հայաստանի և Արցախի միջև, ինձ թվում ա, թե ոչ մի ելք էլ չեն գտնելու»։
Գոհար Պետրոսյանը 29-ամյա որդու՝ հատուկջոկատային Գևորգ Բաբայանի շիրիմի մոտ ո'չ ապագայից է ուզում խոսել, ո'չ Արցախի ու խաղաղության հեռանկարից։ Որդու մարմինն անգամ մեծ դժվարությամբ է գտել. - «Աշխարքիս մորգերը շոռ եմ եկալ... Խոխիս մարմինը թորքերը տարած են իլալ Ժդանով, երեսներկու հոգի ածած մին փոս... Աստված պահե, հայաստանցի մի ծնող իրա խոխի մարմնին հետ բերալ ա Հերացիի դիահերձարանը»։
Իշխանությունը, ասում է, թող մեզ տված 10 միլիոն դրամը չթափահարի, այս վշտին փոխհատուցում չկա. - «Հի՞նչ ա արալ մեզ հետի... աբսալյուտնի ոչ մի պեն։ Բունկերումը նստալ, հայ-հայ ըրալ, թա՝ եկեք, եկեք, կռեվ են օզում, կռեվ եմ անում... Բա խի՞ էսօր կյամ չես էս ժողովրդին ասում՝ ժողովուրդ, լավ եմ ըրալ, ձեր խոխերքը տարալ եմ կըտորալ... Չի կարելի չէ՞... մունք էլ ենք մարդ...»
Գևորգը տիկին Գոհարի միակ որդին էր, հւիշատակի օրեր են վերջին երկու տարվա բոլոր օրերը
«Իմ խոխաս եմ ուզում, իմ խոխաս...» - մղկտում է կինը։