Մատչելիության հղումներ

«Ամեն անգամ մտնելով «Եռաբլուր»՝ սիրտդ կտոր-կտոր է լինում». զոհված զինվորի հարազատ


Ուղիղ երկու տարի առաջ այս օրը՝ ժամը երեքին Հակոբյանների ընտանիքը լուրերից իմացավ՝ իրենց մինուճար զավակը էլ չկա։ 18-ամյա Հենրիկն ընդամենը մեկ ամսվա զինծառայող էր, նոր էր դպրոցն ավարտել... արյունալի պատերազմը տղային չխնայեց հենց առաջին օրը:

«Հարգված, սիրված, բարի, հոգատար, երազում էր, երբ մեծանա կարողանա ծերանոց կառուցի, բարեգործությամբ զբաղվի, ծնողներին բնակարանով ապահովի», - ասաց Հենրիկի մորաքույրը:

Հենրիկի շիրիմին այսօր մորաքույրն էր այցելել՝ Նունե Թովմասյանը։ Վերջին անգամ տղայի հետ դաժան պատերազմի նախօրեին են խոսել՝ սեպտեմբերի 26-ին։ Հաջորդ առավոտյան զենքը դեռ նոր բռնել սովորող պատերազմի ճիրաններում հայտնվեց, զոհվեց Մարտակերտում:

«Անգամ այնտեղ հասցրել էր մեծ հարգանք վայելել տղաների, ղեկավարության մոտ, որովհետև իր էությամբ ինքը բարի, ազնիվ, հայրենասեր էր: Իսկ երազանքը՝ դառնալ լավ տնտեսագետ, լավ մարդ, ծառայել հայրենիքին», - պատմեց մորաքույրը:

Հենրիկի նման հազարավոր երիտասարդների կյանքը խլած պատերազմից երկու տարի անց էլ սահմանային լարվածության մասին լսելիս «նույն սարսափում ենք հայտնվում», ասում է տիկին Նունեն:

«Ամեն անգամ հիշում ես, ամեն անգամ վերապրում ես էդ ցավը, կորուստը, չնայած էլի շատ ցավում ենք էս երեխաների համար: Ամեն անգամ մտնելով «Եռաբլուր», սիրտդ կտոր-կտոր է լինում, որ տեսնում ես էսքան երիտասարդ, գեղեցիկ, խելացի երեխաներ, որոնք պետք չէր, որ սենց ճակատագրի արժանանային», - նշեց Նունե Թովմասյանը:

44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցին ընդառաջ գիշերվանից էր սկսվել հարազատների հոսքը «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Իշխանություններին ու անձամբ վարչապետին իրենց զավակների մահվան համար մեղադրող մի խումբ ծնողներ այստեղ էին գիշերել, որպեսզի այսօր էլ թույլ չտան իշխանավորների մուտքը պանթեոն։ Բայց ի տարբերություն Անկախության օրվա, կառավարության անդամներն այսօր «Եռաբլուր» չեկան, ըստ իշխանական մամուլի, լարվածությունից խուսափելու համար։

Սեպտեմբերի 21-ին կարմիր բերետավորները վարչապետի այցին ընդառաջ ուժ կիրառելով բերման էին ենթարկել զոհված զինծառայողների տասնյակ հարազատների՝ բացելով կառավարության անդամների ճանապարհը։ Այսօր «Եռաբլուր»-ում հանգիստ էր, ոստիկաններ գրեթե չկային:

Նարեկ Սահակյանն 8 ամսվա զինծառայող էր։ Նրա մայրը մահացել էր, հայրն էլ Հայաստանում չէ։ «Իմ տղան էր, բոլորը ինձ որպես Նարեկի մամա գիտեին», - արցունքներն աչքերին պատմում է հորաքույրը՝ Էլիզա Սահակյանը։

Տղային մեծացրած կինը բառեր չի գտնում Նարեկին նկարագրելու համար։ Ասում է՝ միայն աչքերը հերիք են. «Շատ ընկերասեր, բոլորի կողմից սիրված, չգիտեմ Նարեկին ինչ բնութագրեմ, իրա աչքերից երևում ա, թե ինչ մարդ էր: Նարեկը մեր ապրելու իմաստն էր, մեր ընտանիքի լույսն էր»:

18-ամյա Նարեկն ապագա գինեգործ էր, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր ագրարային համալսարան, հոկտեմբերի 26-ի գիշերը լսեցին չարաբաստիկ լուրը։ Նարեկը զոհվեց Մարտունիում:

«Նարեկի ընկերները մեր ընտանիքի հետ միասին պուրակ են սարքել, մինչև հիմա ոչ մեկը չի համակերպվում Նարեկի կորուստի հետ, ասում էին՝ Նարեկը բակի խաղաղության աղավնին էր», - ասաց հորաքույրը:

Անգամ ամենադաժան մարտերից հետո՝ տեսնելով պատերազմի ողջ սարսափը, Նարեկը չէր ուզում, որ հարազատներն անհանգստանան իր համար՝ պայթյունների որոտի տակ անգամ հանգստացնում էր հորաքրոջը. «Շատ ուժեղ կռվի մեջ ա եղել, զանգում էր ինձ ասում էր՝ «լավ ենք», ձայն էի լսում, ասում էի՝ «Նարեկ ջան, ի՞նչ աղմուկ ա», ասում ա՝ «ես չեմ լսում, դու որտեղի՞ց լսեցիր», մի օր էլ ասեց՝ «էդ պուլտով խաղալիքները շատ են էսօր», ընկերոջը ասել է՝ «փղերն են շատ», դե ամեն ինչը պարզ էր: Ամսի 29-ին առաջին զանգը, որ եղավ, 27-ից տեղեկություն չունեի, գժվում էի, խելագարվում էի, 29-ի առավոտը զանգեց, սկսեցի լացել, ասում ա՝ «հո չեմ մեռել, ինչի՞ ես լացում», ասում եմ՝ «ուրախությունից, որ ձայնդ լսեցի»:

Նարեկի կորստից երկու տարի անց ընտանիքն այժմ մեկ այլ սարսափ է ապրում։ Ազգականներից մեկը, որ ծառայում էր Ջերմուկում, սահմանին վերջին բախումներից հետո անհետ կորածների ցանկում է հայտնվել։ Ընտանիքը արդեն 15 օր է տեղեկություն չունի տղայից։ Իսկ «Եռաբլուր»-ում հիմա նոր գերեզմաններ են ավելանում՝ սեպտեմբերի 13-ի մարտերում ընկածների համար։

XS
SM
MD
LG