«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը մի քանի խախտումներ է արձանագրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Այսպես, հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված 71 տեղամասային կենտրոններից 14-ում ՏԸՀ նիստը նախատեսված 7։00-ի փոխարեն մեկնարկել է 15-30 րոպե ուշացումով՝ հանձնաժողովի անդամների ուշացման և տեխնիկական խնդիրների պատճառով։
Տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության համար նախատեսված որևէ հատուկ միջոց առկա չէ դիտարկված տեղամասերից 43-ում, 12 տեղամասային կենտրոններում տեղակայված են եղել մեկից ավելի տեղամասեր։ Մեկ տեղամասային կենտրոնում տեղակայված տեղամասերը խոչընդոտում են միմյանց աշխատանքը, փաստում են դիտորդները:
«Դիտարկված տեղամասերից 7-ում հանձնաժողովի նախագահը մասամբ է իրականացնում գործառույթները։ 2-ում հանձնաժողովի նախագահի գործառույթները փաստացի իրականացնում է այլ անձ։
2 տեղամասերում արձանագրվել է քվեասենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող ոստիկանի ներկայություն․ 1 տեղամասում գրանցվել են միևնույն կուսակցության մեկից ավելի վստահված անձինք», - ասված է ժամը 15:00-ի դրությամբ ներկայացրած հայտարարության մեջ:
Տեղամասերից 22-ում ներկայացված չեն եղել առաջարկվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք:
Այսօր հերթական ընտրություններ են անցկացվում 18 համայնքներում:
Գրանցվել է 14 կուսակցություն և 12 դաշինք: