Թեհրանը վերստին շեշտում է` անթույլատրելի է տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն

Իրանն անթույլատրելի է համարում տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը իրանական կողմի դիրքորոշումը ներկայացրել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Նախարարները հանդիպել են Նյու Յորքում, ուր մասնակցում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ առանձնահատուկ շեշտելով ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի շուտափույթ դուրսբերման և ագրեսիայի հետևանքների վերացման անհրաժեշտությունը, հայտնում են ԱԳՆ-ից:

«Անդրադառնալով Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականության նկատմամբ միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքի նշանակությանը՝ Արարատ Միրզոյանը կարևորել է իրանական կողմի սկզբունքային դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և դրա հանգուցալուծման առնչությամբ», - ասված է Արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայ - ադրբեջանական հակամարտության համատեքստում ընդգծել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիությունը: Իրանի նախագահը Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը շեշտել էր, որ իսլամական հանրապետությունը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար: