Իսպանիան մշտական ներկայացուցչություն կբացի Հայաստանում, այսօր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Իսպանիայի դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի հետ հանդիպման ժամանակ իր գոհունակություն է հայտնել Իսպանիայի կառավարությանն այս որոշման կապակցությամբ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են երկկողմ փոխգործակցության ակտիվացումն ու նոր հեռանկարային ուղղությունների սահմանումը։
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիային և փխրուն հրադադարին՝ ԱԺ նախագահը կոչ է արել բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Իսպանիային, խստորեն և ուղիղ դատապարտել ադրբեջանական ռազմական ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառման և ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի կոպտագույն խախտումները:
Իսպանիայի դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի կենդանի և դինամիկ ժողովրդավարությունը լավ օրինակ է, ինչն էլ դրվելու է հետագա նախագծերի առանցքում:
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը, փաստացի, արդեն երեք օր է խախտվում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին