Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդումը, թե ուշ երեկոյան և գիշերը հայկական Զինված ուժերը պետական սահմանին գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Թովուզի, Դաշքեսանի և Քելբաջարի շրջանների մի քանի բնակավայրերի ուղղություններով:
«Ադրբեջանի ՊՆ քիչ առաջ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: Գիշերվա ընթացքում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել», - գրել է Արամ Թորոսյանը Ֆեյսբուքում:
Ավելի վաղ հայկական կողմն էր հաղորդել վաղ առավոտյան ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին կրակել է արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Հրադադարը, փաստացի, արդեն երեք օր է խախտվում է։