215 ուկրաինացի ռազմագերի 55 ռուսաստանցի զինվորականների և մեկ ռուսամետ քաղաքական գործչի դիմաց․ մեկ նախադասությամբ, այսպես կարելի է բնութագել ռուս-ուկրաինական պատերազմի յոթ ամիսների ընթացքում իրականացված գերիների ամենածավալուն փոխանակումը։
Դրա մասին հայտնի դարձավ երեկ ուշ երեկոյան՝ կատարյալ անակնկալ դառնալով պատերազմող երկու երկրների քաղաքացիների համար։
Առաջինը իրականացված փոխանակման մասին հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօր մենք 215 լավ լուր ունենք։ Միանշանակ է, որ սա հաղթանակ է մեր պետության, մեր հանրության բայց նախևառաջ այն 215 ընտանիքների համար, որոնք կարող են իրենց հարազատներին անվտանգության մեջ տեսնել», - հայտարարում էր Ուկրաինայի նախագահը։
Առաջին տեղեկություններից դատելով՝ գերիների փոխանակմանը նախորդել են կատարյալ գաղտնիության պայմաններում ընթացած բազմաշերտ և բազմակողմ բանակցությունները, որոնց Մոսկվայից և Կիևից բացի մասնակցել են մի շարք այլ պետություններ, օրինակ, Թուրքիան։
Անկարան զբաղվել է Ռուսաստանի կողմից որպես ծայրահեղական, նեոնացիստական կառույց որակվող «Ազով» գնդի՝ Մարիուպոլում գերեվարված հրամանատարների փոխանակմամբ։
«Ուկրաինան պայմանավորվել է Թուրքիայի հետ, այդ մասին ես խոսել եմ նախագահ Էրդողանի հետ։ Այդ պայմանավորվածությունների համաձայն, գերությունից ազատված հինգ հրամանատարները, մինչև պատերազմի ավարտը, կմնան Թուրքիայում՝ նախագահ Էրդողանի անձնական պաշտպանության տակ՝ անվտանգ և հարմարավետ պայմաններում», - հայտարարում էր Ուկրաինայի նախագահը։
Ազատվածների թվում են նաև պատերազմի առաջին ամիսներին գերեվարված օտարերկրյա կամավորները, որոնք մարտնչում էին ուկրաինական զորքերի կազմում։
Մեծ Բրիտանիայի հինգ, Միացյալ Նահանգների երկու, ինչպես նաև Մարոկոյի, Շվեդիայի և Խորվաթիայի մեկական քաղաքացիներին հնարավոր է եղել ազատագրել Մոսկվայի հետ բավական սերտորեն համագործակցող մեկ այլ մերձավորարևելյան պետության՝ Սաուդյան Արաբիայի միջնորդության շնորհիվ։ Չորեքշաբթի երեկոյան գերիների այս մի խումբը ժամանեց Էր-Ռիյադ։
Ինչ վերաբերում է Կիևի կողմից ռուսներին փոխանցված ավելի քան հինգ տասնայկ անձնանց, ապա դրանցից առանցքայինը բուն ռազմական գործողությունների հետ որևէ առնչություն չունեցող Վիկտոր Մեդվեդչուկն է։
Ռուսաստանի նախագահի մերձավոր բարեկամն ու Ուկրաինայի ամենառուսամետ քաղաքական գործիչը համարվող Մեդվեդչուկին երկրի Անվտանգության ծառայությունը ձերբակալել էր այս տարվա մայիսին՝ պետական դավաճանության մեղադրանքով։
«Ես չեմ զղջում, որ մենք Մեդվեդչուկին փոխանակել ենք իրական մարտիկների հետ։ Նրա հետ անց են կացվել բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները, որոնք նախատեսված են մեր օրենսդրությամբ։ Ուկրաինան Մեդվեդչուկից ստացել է այն ողջ տեղեկատվությունը, որ անհրաժեշտ է ընթացիկ հետաքննությունների շրջանակում ճշմարտությունը բացահայտելու համար», - հայտարարում էր Զելենսկին։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը գերիների փոխանակման մասին հայտնեց այսօր կեսօրին՝ չհիշատակելով սակայն ոչ Մեդվեդչուկի, ոչ էլ «Ազովի» հրամանատարների մասին։ Վերջիններիս Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները սպառնում էին ռազմական տրիբունալի առջև կանգնեցնել։
«Բարդ բանակցային գործընթացի արդյունքում այս գիշեր կիևյան վարչակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել են Ռուսաստանի Դաշնության, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների Զինված ուժերի 55 զինծառայողներ, որոնց գերության մեջ մահացու վտանգ էր սպառնում», - -հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար երկխոսություն է հաստատվել Կիևի հետ․ Ֆոմին