Մատչելիության հղումներ

Ֆրանսիան կշարունակի սատարել Ուկրաինային և կպահպանի շփումները Ռուսաստանի հետ


ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնը
ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնը

Ֆրանսիան սատարում է Ուկրաինային, բայց Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ և կշարունակի Մոսկվայի հետ երկխոսությունը: Այդ մասին նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր լրագրողներին ասել է նախագահական օդանավում, որով Նյու Յորքից վերադարձել է Փարիզ:

Նյու Յորքում Մակրոնը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին:

«Այո, հայտարարելով մասնակի զորահավաքի մասին և հիշեցնելով, թե ունի համապատասխան սպառազեն՝ Ռուսաստանն անցավ սրացման նոր փուլին: Ես կարծում եմ, որ մեր պարտքն է շարունակել աջակցությունն Ուկրաինային, որ այդ երկիրը կարողանա պաշտպանվել, բայց մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք: Ուկրաինային օգնելու հետ մեկտեղ մենք նաև պահպանում ենք շփումները Ռուսաստանի հետ»,- ասել է Մակրոնը:

Նրա խոսքով, հարկ է ամեն բան անել, որ կողմերը վերստին նստեն բանակցությունների սեղանի շուրջ:

«Մենք պետք է հավաքական ջանքերով վերականգնենք խաղաղության համար այդքան կարևոր երկխոսությունը: Մենք փակուղում չենք, մենք ռազմական փուլում ենք»,- ասել է Մակրոնը:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում խոսել է հարկ եղած դեպքում հզոր զինատեսակներ կիրառելու մասին: Ակնարկը միանշանակ միջուկային զենքի մասին էր: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի ամբիոնից դադապարտել է Պուտինին այդօրինակ ագրեսիվ հռետորաբանության համար:

Անդրադառնալով այդ թեմային, Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան խոհեմ միջուկային գերտերություն է, որն ունի իր սեփական հայեցակարգը:

«Դրա մասին ես կարող եմ խոսել պատշաճ ժամանակ և հանգիստ կացության մեջ, մենք հիմա ներքաշվում ենք սրացման փուլ, երբ կողմերը թվարկում են, թե ինչ կարող են անել այս կլամ այն իրավիճակում, բայց Ֆրանսիան մեծ ռազմական և դիվանագիտական տերություն է, որը ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան բանակցություններով հասնեն խաղաղության»,- ասել է Էմանյուել Մակրոնը:

XS
SM
MD
LG