Երեկ ժամը 20-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ըստ Պաշտպանության նախարարության՝ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է, հայկական կողմից կա մեկ վիրավոր, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն էր, կրակոցներ չեն եղել։
Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքեց «սոցցանցերում որոշ օգտահաշիվների տարածած անհիմն տեղեկատվությունը ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծման վերաբերյալ»:
Այսօր սահմանային վիճակի մասին Հայաստանի ռազմական գերատեսչությունը դեռ հաղորդագրություն չի տարածել։
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը մինչ օրս հիմնականում պահպանվել է:
Պաշտոնական Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ ռազմական աջակցության խնդրանքով։ Սակայն թե՛ Կրեմլից, թե՛ ռազմական կառույցից Հայաստանի օգնության խնդրանքը, փաստորեն, մերժելուց հետո, ՀԱՊԿ-ում որոշեցին մոնիթորինգային առաքելություններ գործուղել։
Այդ առաքելություններից առաջինը ղեկավարող ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը դեռ նախքան Երևան մեկնել էր հայտարարել, որ դաշինքը Հայաստան զորք ուղարկելու ծրագրեր չունի։
Սեպտեմբերի 20-ից Երևանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա երեկ հանդիպել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, այսօր էր Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ, մանրամասն քննարկել Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը, ինչպես նաև ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ հետագա հնարավոր միջոցառումները։
Զասի գլխավորած առաքելությունը պետք է զեկույց պատրաստի ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների համար՝ տարածաշրջանում իրադրության մասին, և մշակի առաջարկներ՝ ուղղված «Հայաստան-Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացմանը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զասի երևանյան քննարկումների մասին ՀԱՊԿ հաղորդագրությունում անգամ հիշատակված չեն մարտական գործողությունները