Ըստ իրավապաշտպանի՝ եթե վարչապետը չհեռացնի ոստիկանապետին, ապա երեկվա համար պատասխանատվություն է կրում նաև ինքը

Ոստիկանները «Եռաբլուրից» բերման են ենթարկում 44-օրյա պատերազմում զոհված զինվորի ծնողին, 21-ը սեպտեմբերի, 2022թ․

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, ոստիկանապետ Վահե Ղազարյանը պետք է հրաժարական տա, այլապես երեկ «Եռաբլուրում» տեղի ունեցած ոստիկանական բիրտ գործողությունների պատասխանատվությունը կրում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երեկ վաղ առավոտյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին կարմիր բերետավորները բերման ենթարկեցին, երբ վերջիններս որոշել էին թույլ չտալ վարչապետի ու իշխանության մյուս ներայացուցիչների մուտքը «Եռաբլուր»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Եռաբլուրում»,21 -ը սեպտեմբերի, 2022թ․

Ոստիկանները ծնողների թևերը ոլորելով, ձեռքերից ու ոտքերից քաշքշելով՝ խցկում էին ոստիկանական մեքենաներ՝ այդ կերպ ճանապարհ բացելով «Եռաբլուր» ժամանող վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների համար։

«Եվ եթե այդ հրաժարականը չի լինում, կամ վարչապետը չի հեռացնում ոստիկանապետին, ապա անմիջական պատասխանատվությունը կրում է նաև ինքը», - ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանը դատապարտում է զոհված զինածառայողների ծնողներին բերման ենթարկելու իրավապահ մարմինների գործողությունները՝ դրանք որակելով անթույլատրելի և անհամարժեք։

Ըստ Սաքունցի՝ իշխանությունը մարդկանց հետ պետք է հաղորդակցվի և ոչ թե նրանցից ոստիկանական պատնեշով բաժանվի։

Իրավապաշտպան Արթուր Սաքունց

Տասնյակ տարիներ բանակի խնդիրնեով զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարն ասում է, որ Փաշինյանը պետք է կամք դրսևորի, լսի զոհվածների հարազատներին և մարդանց հարցերին պատասխանի, որքան էլ որ այդ հարցերը տհաճ լինեն։

«Իշխանությունն ասելիք չունի այդ մարկանց, իսկ այդ մարդկանց ասելիք պետք է ունենա։ Ինքը պետք է քաջություն ունենա՝ լսելու նաև նրանց հայհոյանքները, և մարդիկ, նորից եմ կրկնում, չպետք է մնան միայնակ՝ իրենց կորստի, վշտի, ցավի հետ։ Նրանց հետ պետք է ոչ թե ցավակցելու, այլ ապրումակցելու այդ վարքագիծը վերաբերմունքն ունենաս, որ մարդիկ վստահություն ունենան, որ իշխանության կողմից ամեն ինչ արվում է՝ պատասխաններ տալու, պատասխանատվություն կրելու համար», - ասաց Սաքունցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վայրի ցեղերի նման հարձակվեցին մեզ վրա, քաշքշում ու խփում էին մեզ». զոհվածի մայր