«30 տարուց ավելի անկախությունը չգնահատվեց»,- Ադրբեջանին սահմանակից տավուշցիները բարձրաձայն խորհում են՝ «խոսքո՞վ, թե՝ գործով ենք անկախ»։
«Անկախությունը մեր ապահովություննա, բայց իմ կարծիքով մեր սահմանները այդքան էլ հաջող ամուր չեն, ապահովված չեն», - ասաց տավուշցիներից մեկը:
«Անկախությունը շատ մեծ արժեք ունի, բայց գնահատող չկա, 30 տարի չգնահատվեց մեր անկախությունը», - նշեց մեկ այլ բնակիչ:
Անկախության հռչակումից 31 տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր շնորհավորական ուղերձում, ըստ էության, հայտարարեց՝ Հայաստանի անկախությունն ու պետականությունը վտանգված են։
«Այսօր էլ սեպտեմբերի 21 է և այսօր էլ Անկախության հանրաքվե է: 1991 թվականի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել և Անկախության հանրաքվեն տեղի է ունենում այսօր», - նշել է վարչապետը:
Խաղաղության դարաշրջան խոստացող վարչապետը անհասցե խոսել է Հայաստանի անկախությունը վտանգողներից. «Եվ կարևոր է, որ Անկախությանը ասենք՝ Այո, Ինքնիշխանությանը ասենք՝ Այո, ժողովրդավարությանն ասենք՝ Այո և այդ Այոն, ըստ անհրաժեշտության, վերահաստատենք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Պետություն-Հայրենիքի այն հատվածում, որտեղ այդ Այոն ամենաշատն անհրաժեշտ կլինի: Ու չերկմտենք, ու չերկնչենք, ու չկասկածենք, որովհետև ամեն օր, ամեն Աստծո օր մեր մեջ փորձում են սերմանել նորանոր կասկածներ, նորանոր վախեր և այդ ամենը հանուն մի բանի, որ մենք հրաժարվենք մեր Անկախությունից, որ հրաժարվենք մեր պետությունից»:
Այս հայտարարությանն ի պատասխան մարդիկ հարցնում են՝ իսկ ո՞վ է մեղավոր:
«Ես չգիտեմ մեղքը ումն է, բայց մեր պետությունը այսօրվա իշխանության ձեռքերում է մեր պետությունը, եթե ինքը բարդում է նախկինների վրա, թող ինքը շտկեր էս իրավիճակը», - ասաց քաղաքացիներից մեկը:
«Պայթյունավտանգ իրավիճակում ենք գտնվում, բայց ինչպես շատ հայեր, այնպես էլ ես կողմնակից եմ ձեռք բերված անկախությունը պահել, պահպանել և երբեք չկորցնել», - նշեց մեկ այլ բնակիչ:
Անցած երկու տարում միայն՝ մոտ 4 հազար զոհ, թիվը միայն ավելանում է։ Պաշտոնապես զգուշացվել է՝ հնարավոր է ադրբեջանական նոր ագրեսիա, բայց առայժմ չի ասվել՝ մինչ այդ շարքային քաղաքացին ի՞նչ պիտի անի՝ դիմակայելու կամ՝ պատրաստվելու համար։ Մարդիկ իրենք են ելքեր փնտրում:
«Ելքը՝ միասնություն, թալանածները բերեն ետ, 70 տոկոսը տան պետությանը, 30-ը՝ մնա իրանց, ուժեղանան պետությունը ամեն ինչն էլ լավ կլինի», - ասաց բնակիչներից մեկը: