Բաքուն պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ. Բայրամով

Ադրբեջանի արտգորնախարար Ջեյհուն Բայրամով

«Չնայած վերջին բախումներին, Բաքուն պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը։

Ադրբեջանի արտաքին գերատեսչության հաղորդմամբ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Ջեյհուն Բայրամովը Հելգա Շմիդի հետ քննարկել է սահմանային բախումները, ներկայիս իրավիճակը, եռակողմ հայտարարության դրույթների իրականացումը, ներկայացրել Ադրբեջանի քայլերը ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը:

Բայրամովն ասել է, թե Ադրբեջանը կողմ է, որ խաղաղ գործընթացը անհապաղ մեկնարկի, թե ինչ պայմաններով՝ պաշտոնական հաղորդագրությունը չի մանրամասնում։

Ադրբեջանի արտգործնախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է նաև հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և տարածքների ականազերծմանն առնչվող հարցեր։

Նույն թեմաները Բայրամովը քննարկել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հետ: Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպմանը կոնկրետ տեղանուններ չնշելով՝ Բայրամովը դարձյալ պնդել է, որ հայկական զորքերը ականապատում են ադրբեջանական տարածքները։

«Ադրբեջանի տարածքների՝ հայկական կողմից իրականացվող ականապատումը լուրջ հետևանքներ է ստեղծում մեր երկրի ազատագրված շրջաններում։ Տեղադրված ականները արտադրվել են Հայաստանում 2021 թվականին», - ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Պաշտոնական Երևանը դեռ չի անդրադարձել Բաքվի այս մեղադրանքներին։

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա. Էրդողան

ՄԱԿ-ում հայ-ադրբեջանական հարաբերություններին է անդրադարձել նաև Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, թե Հարավային Կովկասում խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա: - «Չնայած վերջին օրերին տեղի ունեցած բախումները ստվերում են առկա լավ մթնոլորտը, հավատում ենք, որ երկու երկրների միջև համապարփակ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը հնարավոր է»:

Էրդողանը կրկին ասել է, թե Անկարան աջակցում է Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, միևնույն ժամանակ շեշտել` Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին կլինի իր պայքարում։

Թուրքիայի առաջնորդը նաև տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն է անդրադարձել. - «Տարածաշրջանում հաղորդակցական ուղիների շուտափույթ վերաբացումը, որը նաև Թուրքիային է վերաբերում, կնպաստի բոլոր կողմերի բարօրությանը»:

Անցած շաբաթ մի քանի ուղղություններով ադրբեջանական հարձակումից անմիջապես հետո Անկարան Երևանին էր մեղադրել «սահմանային սադրանքների համար»։