Ռուսաստանի նախագահն այսօր Բաքվին ու Երևանին հրադադարը պահպանելու կոչ է արել՝ հստակ չխոսելով այն մասին, թե որ կողմն է հրահրել սահմանային լարվածությունը։
«Ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ մեզ մտերիմ պետությունների միջև մեր լուրջ մտահոգությունն է հարուցում: Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անվերապահորեն պահպանել հրադադարը և խստորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարություններին», - ասել է Վլադիմիր Պուտինը:
Նա հայ-ադրբեջանական վերջին լարվածության մասին խոսել է օտարերկրյա դիվանագետների հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ, դրան մասնակցել է նաև Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
Մինչ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Ադրբեջանը օկուպացրել է իր տարածքի ևս 10 քառակուսի կիլոմետրը, հրադադարի պահպանման կոչ անելուց անմիջապես հետո Պուտինը հավելել է, թե տարածքային վիճելի հարցերի լուծման բանալին համատեղ պրոֆեսիոնալ աշխատանքն է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով երկկողմ հանձնաժողովի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար է դիմել ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին. վարչապետՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքի մասին էլ Ռուսաստանի նախագահը ասել է, թե կառույցը միջոցներ է ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում, Պուտինը չի մանրամասնել։
«Դիմակայության գոտի առաքելություն է ուղարկվել՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ: Նրան հանձնարարված է իրադրության ուսումնասիրման արդյունքներով պատրաստել առաջարկներ Հավաքական անվտանգության խորհրդին», - նկատել է նա:
Անցած շաբաթվա սկզբին սահմանին ինտենսիվ ռազմական գործողություններից հետո պաշտոնական Երևանը ռազմական աջակցության խնդրանքով դիմեց ՀԱՊԿ-ին։ Ռազմական դաշինքը, որին Հայաստանից բացի, անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, փաստացի մերժեց Երևանին, փոխարենը մոնիտորինգային խումբ գործուղեց Հայաստան։ Խումբը դիտարկում է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում և առաջարկներ մշակել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման համար: Առաջարկները, սակայն, ոչ ՀԱՊԿ քարտուղարկությունը, ոչ էլ Երևանը դեռ չեն բացահայտել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը չի հստակեցնում՝ դիմե՞լ է Վաշինգտոնին ռազմական օգնության համարԱյսօր հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան 5-օրյա այցով։
Վլադիմիր Պուտինը, իր ելույթում խոսելով Հայաստանի և Ռուսաստանի 30-ամյա հարաբերությունների մասին, ընդգծել է, որ երկու երկրները շարունակում են ինտենսիվ քաղաքական երկխոսությունը. «Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին և երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության օրվա առթիվ»:
Ռուսաստանի նախագահը նաև տեղեկացրել է, որ նոյեմբերին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ-ի տարեկան գագաթնաժողովը։
Your browser doesn’t support HTML5