Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորված քաղաքացիական 7 անձից 3-ը, այսօր ժամը 10:00 դրությամբ, շարունակում է բուժումը տարբեր բժշկական կենտրոններում, հայտնում է Առողջապահության նախարարություն։
Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է՝ վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն:
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:
Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր հաստատված 135, Ադրբեջանը՝ 79 զոհվածների մասին:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը պահպանվում է: