ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեները Դոնեցկում և Լուգանսկում տեղի կունենան սեպտեմբերի 23-ից 27-ը

Ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների օկուպացված տարածքների ռուսամետ իշխանություններն այսօր մեկը մյուսի հետևից հայտարարեցին, որ շուտով Ռուսաստանին միանալու հանրաքվեներ են անցկացնելու։ Հայտնի է արդեն, որ Դոնեցկում և Լուգանսկում քվեարկությունը տեղի կունենա այս շաբաթ՝ սեպտեմբերի 23-ից 27-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնեցկում, Լուգանսկում և Խերսոնի մարզում կանցկացվեն Ռուսաստանին միանալու հարցով «հանրաքվեներ»


Կրեմլը հանրաքվեները սեպտեմբերի 11-ին էր պլանավորել, սակայն Խարկովի մարզում ռուսական զորքի նահանջի պատճառով դրանք հետաձգվել էին:

Պաշտոնական Կիևը Ուկրաինայի օկուպացված շրջաններում հանրաքվեների մասին լուրերը մեկնաբանում է Կրեմլի վախով։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Telegram-ի իր ալիքում գրել է. - «Թշնամին վախենում է, պարզունակ մանիպուլյացիա է անում։ Ուկրաինան կլուծի ռուսական հարցը, սպառնալիքը կարող է վերացվել միայն ուժով»։

Մոտալուտ հանրաքվեների անցկացման ու ճակատում ռուսական զորքերի անհաջողությունների ֆոնին Կրեմլի ղեկավարն այսօր հանդիպել է ռազմարդյունաբերական ոլորտի ղեկավարների հետ և պնդել, թե ռուսական սպառազինությունը ոչինչով չի զիջում արևմտյանին. - «Մեր ռազմական տեխնիկան դիմակայում է զենքի արևմտյան մոդելներին: Ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ի զինանոցների գրեթե բոլոր պաշարները բերվել են Կիևում գործող ռեժիմին աջակցելու համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Պուտինի պնդմամբ, ռուսական զենքն Ուկրաինայում բարձր արդյունավետություն է դրսևորում

Իրավիճակը, սակայն, ճակատում հօգուտ Ուկրաինայի սկսեց փոխվել այն ժամանակ, երբ արևմտյան երկրները, նրանց շարքում Միացյալ Նահանգները, Ուկրաինային ծանր սպառազինություն տրամադրեցին։

Փորձագետները կարծում են, որ օկուպացված տարածքներում հանրաքվեները Մոսկվային պետք են պատերազմի յոթերորդ ամսում մոբիլիզացիա հայտարարելու համար, քանի որ այդ դեպքում կպնդեն, թե պատերազմը Ռուսաստանի տարածքում է ընթանում։

Այս մասին է խոսել նաև Լուգանսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը. - «Մոսկվային չի հետաքրքրում, թե քանի մարդ կգա ընտրատեղամասեր։ Նրանք կնկարեն ինչքան պետք է։ Իսկ ռուսների ձախողումները ճակատում այնպիսի չափերի են, որ ռուսներն այլընտրանք չունեն։ Նրանք ստիպված են հանրաքվեներ անցկացնել, ինչը նշանակում է պատերազմ հայտարարել և մոբիլիզացիա սկսել»։

Մինչ պաշտոնական Մոսկվան դեռ մոբիլիզիացիայի մասին պաշտոնական որևէ հայտարարություն չի արել, փորձագետները նկատում են՝ հանրաքվեներ անցկացնելու որոշումը նշանակում է, որ Կրեմլը կոշտացրել է դիրքրորոշումը։ Պուտինի մամուլի խոսնակն այսօր ավելի վաղ հայտարարել էր, թե Կրեմլն այս պահին չի տեսնում Ուկրաինայում պատերազմը «քաղաքական և դիվանագիտական միջոցներով» դադարեցնելու հնարավորություն։ «Նման հեռանկարներ չկան», - ասել է Դմիտրի Պեսկովը։

Սա, սակայն, հակասում է Պուտինի մի անի օր առաջ արած հայտարարությանը։ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահը Հնդկաստանի վարչապետին ասել էր, թե Մոսկվան պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայի հետ պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու համար՝ հավելելով, թե Կիևն է հրաժարվում բանակցություններից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը Մոդիին հավաստիացրել է, որ Ռուսաստանը ցանկանում է ավարտել հակամարտությունը Ուկրաինայում

Թուրքիայի նախագահը, որը նույնպես հանդիպել էր Պուտինին այդ նույն գագաթնաժողովում, իր հերթին ամերիկյան PBS հեռուստաընկերության հետ զրույցում պնդել էր, թե Ռուսաստանի նախագահն ուզում է հնարավորինս շուտ վերջ տալ պատերազմին։

Էրդողանը չէր ասել, թե ինչ պայմաններով է Պուտինը ուզում ավարտել ուկրաինական պատերազմը, սակայն հավելել էր, թե ռազմական գործողությունների ավարտը հնարավոր է, եթե Կիևին վերադարձվեն Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները. - «Եթե խոսենք Ուկրաինայում խաղաղության վերականգնման մասին, ապա օկուպացված հողերի վերադարձը պետք է լինի շատ կարևոր խնդիր: Ահա թե ինչ է սպասվում, ինչ է պահանջվում… Գրավյալ հողերը կվերադարձվեն Ուկրաինային»։

Թուրքիայի նախագահը կրկնել է իր հայտնի դիրքորոշումը, որ Ղրիմը ուկրաինական տարածք է և պետք է վերադարձվի Ուկրաինային։

Your browser doesn’t support HTML5

ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեները Դոնեցկում և Լուգանսկում տեղի կունենան սեպտեմբերի 23-ից 27-ը