Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին թարմ տեղեկություններ է հայտնել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ։
Ըստ ՄԻՊ գրասենյակի՝ Պաշտպանը նաև անդրադարձել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործություններին ու դրանք ծնող պատճառներին՝ ադրբեջանական պետության կողմից վարվող հայատյացության համակարգային քաղաքականությանը։
Գրիգորյանը դեսպանին է փոխանցել սեպտեմբերի 16-ի ՄԻՊ արտահերթ զեկույցի տպագրված տարբերակը, որում վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում և դրա արդյունքում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերը։
Քրիստիննե Գրիգորյանը նաև ներկայացրել է սեպտեմբերի 17-ին ՄԻՊ փաստահավաք թիմերի կողմից Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի՝ հարձակումից տուժած համայնքներ կատարած այցերի հետևությունները՝ նշելով՝ չափազանց կարևոր է, որ միջազգային գործընկերները տեղում ծանոթանան իրավիճակին, զրուցեն մարդկանց հետ ու պատկերացում կազմեն ադրբեջանական զինված հարձակման՝ մարդկային ու հոգեբանական հետևանքների մասին։
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:
Հայկական կողմը երեկ պաշտոնապես հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը պահպանվում է:
Երեկ Պաշտպանն հայտարարեց, որ Սոթք, Կութ, Նորաբակ համայնքները ամենաշատն են տուժել ադրբեջանական վերջին հարձակումից։ Ռազմական վերջին գործողությունների հետևանքով կա 7600 տեղահանված:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կին զինծառայողին թիրախավորել էին, ոչ միայն որովհետև զինծառայող էր, հայ, այլև կին. ՄԻՊ