Կհաջողվի՞ արդյոք Վաշինգտոնին համոզել Թուրքիային և Ադրբեջանին Հայաստանի հետ տարաձայնությունները լուծել բանակցություններով՝ հետ կանգնելով իրավիճակի հետագա սրացումից։
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը վերլուծելով Նյու Յորքում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքները՝ հետևություն է անում, որ հենց այս հարցի պատասխանից էլ պարզ կլինի, թե արդյոք հնարավոր է խուսափել հերթական ռազմական բախումից հայ-ադրբեջանական սահմանին. - «Բայց դա կախված է ոչ թե մեզանից։ Կախված է նրանից, թե արդյոք Միացյալ Նահանգները կկարողանա Թուրքիային և Ադրբեջանին համոզել խաղաղ ճանապարհով ստանալ այն, գոնե մի մասը, ինչը նրանք փորձում են ռազմական ճանապարհով լուծել»։
Նյու Յորքում բանակցությունների մեկնարկին ԱՄՆ պետքարտուղարը գոհունակություն էր հայտնել, որ անցած շաբաթ սկսված բախումները դադարել են, և վերջին օրերին նոր սրացում չի եղել։ Հայաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից: Նա հայտարարել է, որ ուժի կիրառումը, ինչպես նաև դրա սպառնալիքն անընդունելի են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արարատ Միրզոյան. «Ադրբեջանի զինուժը պետք է հեռանա Հայաստանի տարածքից»Ըստ «Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության, Ջեյհուն Բայրամովը վերջին բախումների համար մեղադրել է հայերին՝ պնդելով, թե «տարածաշրջանում վերականգնողական լայնածավալ ծրագրեր իրականացնող և նախկին փախստականներին վերաբնակեցնող Ադրբեջանին իրավիճակի սրումը ձեռնտու չէ»:
Ռուսաստանից տնտեսական և քաղաքական մեծ կախման մեջ գտնվող, ՀԱՊԿ անդամ Հայաստանը, որ ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ որևէ աջակցություն չստացավ դաշնակից Ռուսաստանից, ըստ Բաղդասարյանի, կարող է այլ վտանգների առաջ ևս կանգնել աշխարհաքաղաքական նոր զարգացումների հետևանքով։ Նրա կարծիքով, Միացյալ Նահանգների խնդիրը Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելն է. - «Մենք պիտի հասկանանք, որ խնդիրը մեծ հաշվով գերտերությունների միջև պայքարի նպատակն այն է, թե ով պիտի վերահսկի հայ-իրանական սահմանը։ Ռուսաստանը ցանկանում է, որ էստեղ հարցերը կարգավորվեն այնպես, որ իրենք գան Հայաստանին փրկելու, դրա դիմաց էստեղ իրենց ներկայությունը մեծացնեն և լիակատար վերահսկողություն սահմանեն հայ-իրանական սահմանի վրա։ Միացյալ Նահանգների նպատակն է, որպեսզի խաղաղությունը հաստատվի առանց Ռուսաստանի, և Հայաստանը ընդամենը ճանապարհներ տրամադրի Թուրքիային և Ադրբեջանին։ Բայց այնպիսի Հայաստանը, որը չի լինի ՀԱՊԿ-ի կազմում և որտեղ չեն լինի ռուսական ռազմաբազաներ»։
Բայց և այնպես, ըստ քաղաքական մեկնաբանի, կռվախնձորը հայ-իրանական սահմանի հսկողությունն է։ Արմեն Բաղդասարյանն ընդգծում է, որ Հայաստանը կշահի միայն այն դեպքում, եթե կարողանա իր ինքնիշխան վերահսկողության տակ պահել հայ-իրանական սահմանը և «տրամադրել ընդամենը ճանապարհ և ոչ թե միջանցք». - «Ընդ որում, դա անել խաղաղ ճանապարհով և ոչ թե ռազմական ճնշումների տակ։ Միացյալ Նահանգները այս փուլում կարծես թե դրան համաձայն է, և դա իր շահերից բխում է»։
Քաղաքական վելուծաբան Հակոբ Բադալյանը ևս ռիսկեր է տեսնում Հայաստանի համար՝ պնդելով, որ կարևոր է նաև, թե ինչ ընդհանուր եզրեր կգտնեն Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը. - «Առաջացնում է վտանգ Ռուսաստանի հակազդեցության գործողությունների իմաստով, և էս բախումը արդեն մի հանգամանք է, որը մեծ հավանականությամբ կարող է նաև դառնալ հետագա էսկալացիայի պատճառ։ Եվ էս տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը նախևառաջ իրենք ինչ-որ ընդհանուր եզրերի գան կովկասյան իրավիճակի և, մասնավորապես, հայ-ադրբեջանական խնդրի առնչությամբ, որպեսզի նրանց առանձին աշխատանքը չբարձրացնի բախման տրամաբանությունը և հետևաբար հակառակ էֆեկտով չավելացնի էսկալացիան»։
«Այն, որ կողմերը չեն կրակում, այլ բանակցում են, արդեն ողջունելի է», - շարունակում է Բադալյանը՝ ընդգծելով, որ քայլերի արդյունավետությունը, այդուհանդերձ, կախված է բովանդությունից. Նյու Յորքում ի՞նչ է առաջարկվել իրարամերժ դիրքորոշումներ ունեցող կողմերին. - «Եթե այդ իրարամերժությունը չի գալիս դեպի ընդհանուր եզրեր շոշափելու դաշտ, ապա բանակցային գործընթացը կարող է ոչ միայն ընդամենը ձգել լարվածության կամ որևէ բռնկման ժամանակը, այլ է'լ ավելի խտացնել գույները և է'լ ավելի փակուղային իրավիճակ ստեղծել, որը, բնականաբար, նպաստում է միմիայն լարվածության ավելացմանը»։
Նյույորքյան բանակցություններից շատ փակագծեր չբացվեցին։ Պետդեպարտամենտի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները «քննարկել են հաջորդ քայլերը, և պետքարտուղար Բլինքենը կողմերին խրախուսել է՝ կրկին հանդիպելու մինչև ամսվա վերջ»:
Բովանդակային առաջարկների մասին հաղորդում չկա։