Նենսի Փելոսի. «Հայաստան մեր այցը ծրագրվել է նախքան վերջին բախումները»

Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին հուզվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, Երևան, 18-ը սեպտեմբերի, 2022թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որի համաձայն՝ Երևան կոնգրեսականների այցը ծրագրվել է նախքան հայ - ադրբեջանական վերջին ռազմական ընդհարումը:

Այցի ավարտից հետո հրապարակված այդ փաստաթղթում ասվում է, որ «Հայաստանը կարևոր ճակատ է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև պայքարում»:

«Երևանում մենք փոխանցել ենք Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը սատարելու հզոր ուղերձ, հատկապես Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո։ Մեր այցը նախատեսված էր սեպտեմբերի 12-ի ռազմական գործողություններից առաջ», - ասվում է Փելոսիի գրասենյակի տարածած գրավոր հաղորդագրությունում:

Ամերիկացի կոնգրեսականները Երևանում պետության ղեկավարների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտպանութան նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպելուց զատ քննարկումներ են անցկացրել նաև քաղաքացիական հասարակության ղեկավարների հետ:

Բացի այդ, տեղի է ունեցել հանդիպում Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փելոսին արձանագրել է, որ Հայաստանը դիմակայում է Ադրբեջանի անօրինական և մահաբեր հարձակմանը

Փաստաթղթում նշվում է, որ «թեպետ Հայաստանում ներքին քաղաքական ասպարեզում կան տարաձայնություններ՝ բոլոր առաջնորդների միջև առկա է հստակ համաձայնություն առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ դադարեցնել ագրեսիվ գործողությունները»:

Փաստաթղթում ասվում է, որ Կոնգրեսի պատվիրակությունը «տուն է վերադառնում հպարտ և պատրաստ առաջ տանել երկարամյա հանձնառությունը ժողովրդավարական Հայաստանի և անվտանգ ու խաղաղ Կովկասի տարածաշրջանի նկատմամբ»:

Նենսի Փելոսիի ղեկավարած կոնգրեսական պատվիրակության այցն արդեն ավարտվել է, և ամերիկացի օրենսդիրները հեռացել են Երևանից:

Պաշտոնական Բաքուն խստորեն քննադատել է Փելոսիի մեկնաբանությունները հայ-ադբեջանական վերջին ընդհարումների վերաբերյալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն և Անկարան հայտարարում են, թե Փելոսիի այցը «չի նպաստի հայ-ադրբեջանական հաշտեցմանը ու ավելի կխորացնի ճգնաժամը»

Ներկայացուցիչների տան խոսնակը Երևանում, մասնավորապես, նշել է, որ կոնգրեսականները մտադիր են ընդունել նախագիծ, որով դատապարտելու են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ: