Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան չի նպաստի հայ-ադրբեջանական հաշտեցմանը ու ավելի կխորացնի ճգնաժամը, հայտարարում են Բաքվից և Անկարայից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փելոսին Երևանում խստորեն դատապարտեց Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրաԵրեկ Նենսի Փելոսիի՝ ադրբեջանական հարձակումը դատապարտող հայտարարությունից շատ չանցած պաշտոնական Բաքուն քննադատեց ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։ «Անհիմն ու անարդար մեղադրանքները, որոնք Փելոսին հնչեցրել է Ադրբեջանի հասցեին, անընդունելի են», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հավելելով, թե դա լուրջ հարված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերին:
Միակողմանի ու անհիմն որակելով Փելոսիի հայտարարությունները՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը նաև պնդել է, թե նման քայլերը խանգարում են տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը և մեծացնում են լարվածությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն դատապարտում է Փելոսիի հայտարարություններըՊաշտոնական Անկարան ևս համոզված է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան խաղաղություն չի բերի տարածաշրջանին: Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը պնդել է, թե Միացյալ Նահանգները, լինելով Մինսկի խմբի համանախագահ, 28 տարվա ընթացքում ոչինչ չի արել ադրբեջանական հողերի օկուպացիային վերջ դնելու համար: Թուրքական մեջլիսի խոսնակը ընդգծել է, թե այս ժամանակաշրջանում նման այցը կարող է հրահրիչ ազդեցություն ունենալ՝ է'լ ավելի խորացնելով ճգնաժամը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան քննադատել է Փելոսիի երևանյան հայտարարություններըԹուրքիայի փոխնախագահը ևս անընդունելի է համարել Փելոսիի ուղերձները՝ դրանք որակելով կողմնակալ և դիվանագիտական ջանքերը խափանող։ Ֆուադ Օքթայը Թվիթերում գրել է, թե Սպիտակ տունը պետք է պարզաբանի, թե արդյոք Փելոսիի և հայկական լոբբիի աջակցությունը վայելող մի քանի քաղաքական գործիչների հայտարարությունները արտացոլում են պաշտոնական Վաշինգտոնի տեսակետը։
«Կոչ եմ անում միջազգային բոլոր դերակատարներին պատասխանատու գործել այն ժամանակ, երբ տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության կարիք կա», - գրել է Օքթայը:
Նենսի Փելոսիի եռօրյա այցի մասին մեկնաբանություններ են հնչել նաև տարածաշրջանի մյուս մեծ պետություններից՝ Ռուսաստանից ու Իրանից: Մոսկվան պատրաստ է ողջունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան, եթե դա կօգնի կարգավորել իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը ասել է, թե «ժամանակի ընթացքում պարզ կդառնա կարող են արդյոք այդ բարձրաձայն գործողություններն ու հայտարարությունները իրականում նպաստել կարգավորմանը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլը «կողջունի Փելոսիի այցը Երևան, եթե դա կօգնի կարգավորել իրադրությունը սահմանին»Իսկ պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը դիտարկում է Հարավային Կովկասում վերջին զարգացումների ու կոնֆլիկտի վերաբերյալ Իրանի քաղաքական տեսանկյունից։ «Ցանկացած կողմ, որն ուզում է տարածաշրջանի մասին հայտարարություն անել, պետք է փորձի օգնել խաղաղությանն ու կայունությանը», - ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։