Կապանցի Սվետլանա Գևորգյանը հորդորում է Սյունիքի վերաբերյալ միջանցքային զրույցներն ավարտել՝ թե՛ տեղական մակարդակում, թե՛ գերտերությունների զրուցարաններում և այդ ամենն ավարտել զենքը վայր դնելով:
«Խաղաղ ճանապարհով թող կարգավորվի և էդ երրորդ մարդը, որը պետք է նստի Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ, ես կուզենամ, որ լինի Պուտինը», - ասաց Գևորգյանը:
Միայն թե տիկին Սվետլանան բարձր կարծիք չունի Ադրբեջանի գործող նախագահի մասին, ի տարբերություն նրա հոր, ասում է՝ Իլհամ Ալիևը կիրթ չէ, ուրիշի հողն է գրավում. - «Չի կարելի ուրիշի բաժինը վերցնել, դա կուլտուրա չի, դա կրթված մարդու գործողություն չի»:
Սյունիքի մարզկենտրոնում հիմա բոլոր անկյուններում աշխարհաքաղաքական քննարկումներ են։ Գիտեն՝ Ադրբեջանը միջանցք է ուզում, արդյո՞ք միայն նա՝ վստահ չեն. շատերն են ուզում այստեղ լինել, ասում է Նելլի Կարապետյանը:
«Այս իրավիճակը կապված է կոմունիկացնիաների հետ, կոմունիկացիան այսօր ամենաթանկ բանն է, նավթից ու գազից շատ ավելի թանկ է՝ անկախ նրանից, թե այս ճանապարհով, Սյունիքով ովքեր են օգտվելու, հայությունը և Սյունիքը պետք է ունենա իր շահը», - նշեց Կարապետյանը:
Սյունիքի մարզը Ադրբեջանի հետ 500 կիլոմետրանոց սահման ունի, սահմանամերձ են համարյա բոլոր բնակավայրերը:
«Թուրքը երազանքներ շատ ունի, պարզապես էս պահին մենք պետք է թուրքի հետ խոսենք իր լեզվով, ուրիշ ոչ մի բան, մենք դժբախտ ենք այն առումով, որ ունենք անգրագետ հարևաններ», - ասաց Կապանի բնակիչ Լիանա Գևորգյանը:
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Սյունիքի մի շարք համայնքներում՝ Վերիշեն, Ակներ, Քարաշեն, Ներքին Հանդ, Սրաշեն, մարդիկ պայթյունների ձայներից արթնացան:
«Գիշերը ժամը 4-ին լսեցի տանկերի էդ ղռռոցը, ամեն ինչը լսեցի ու քնած տեղը միտք ծագեց, որ սա պատերազմ ա», - ներկայացրեց Կապանի մեկ այլ բնակիչ Անժելա Մարտիրոսյանը:
«Չվախեցա, հուզվեցի», -ճշտում է Անժելա Մարտիրոսյանը՝ շարունակելով, - «Նոր սերնդի մասին մտածեցի, հուզվեցի, ասացի՝ էլի նորից էս երեխաներին կոտորելու են»:
Մի քանի օր է՝ հարաբերական անդորր է. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասում է՝ ամբողջությամբ տարհանված-դատարկված բնակավայրեր չունեն:
«Որոշ բնակավայրերում կանայք և երեխաները, այն էլ ոչ բոլորը, այո, տարհանվել են, իսկ մնացած բոլոր տեղերում բնակչությունն իր տեղում է և նաև այդ բնակավայրերից բնակիչների մեծ մասը նաև վերադարձել է», - ասաց Ղուկասյանը:
Ռմբակոծության վնասը մարզում որքա՞ն է, ըստ մարզպետի, հաշվարկները դեռ ընթացքի մեջ են. էներգիա և գազամատակարարման վնասված գծերը վերականգնված են։ Ռոբերտ Ղուկասյանի տեղեկացմամբ՝ մարզի բուժհաստատություններում այս պահին ապաքինվում են 135 վիրավորներ, թիվը ավելի մեծ է եղել, մի մասն արդեն դուրս է գրվել, ծանր վիճակում գտնվողները տեղափոխվել են Երևան:
Վերջին օրերին ադրբեջանական կողմը դարձյալ խորացել է դեպի Սյունիքի տարածք՝ Իշխանասարի և Ներքին Հանդի հատվածում, մարզպետը չի կարծում, որ մարզն ավելի խոցելի է դարձել. - «Պետք է ոտքի կանգնել, միասնական պայքարել ցանկացած ագրեսիայի դեմ, որոնք ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքին: Մենք պետք է լինենք միասնական, ինչը այս անգամ բավականին հաջող ստացվեց, գրեթե բոլոր համայնքի ղեկավարները անմիջապես նախաձեռնողականությունը վերցրել են իրենց ձեռքը, կազմակերպել ամեն ինչ»:
Չնայած հայտարարված հրադադարին, Սյունիքում ապրողները ապաստարանի ճամպրուկը պատրաստ են պահում:
«Նավսյակի երեխայի պարագաները կամ մեր համար առաջին անհրաժեշտության պարագաները հավաքած պատրաստ ունեմ, եթե կարիք լինի, օրինակ, ապաստարան իջնելու և այլն, բայց խուճապ չկա», - նշեց Կապանի բնակիչ Անի Ասատրյանը:
Անի Ասատրյանը հույս ունի, որ քաղաքական այրերը խաղաղությամբ կմարեն սահմաններին բռնկված կրակը. - «Տեսնենք՝ քաղաքականությունը ինչպես կորոշի պատերազմի ընթացքը, հույս ունենք, որ մեր կառավարությունը գիտի ինչ է անում և կկարողանա հարցին խաղաղ ճանապարհով լուծում տալ»:
Ոչ մի հույս չունի կապանցի Արմենուշ Սարգսյանը. - «Եթե Փաշինյանը շարունակի, պարզ ա, որ Հայաստանը պիտի կործանվի, էդ ա վիճակը, ուրիշ վիճակ չկա»:
Որքան էլ անհույս լինի, Սյունիքից հեռանալու զրո ծրագիր. - «Ո՞ւր գնամ, որտե՞ղ գնամ, մինչև ե՞րբ գնամ, մեր ընտանիքը, մեր տուն-տեղը թողնենք որտե՞ղ գնանք»:
Եվ քանի որ մնալու է, Արմենուշ Սարգսյանը իշխանություններին հորդորում է սահմանային համայնքներում լուծել ապաստարանների հարցը՝ ասում է՝ Կապանի որևէ թաղում եթե ապաստարան էլ կա, ապա այդտեղ ոչ զուգարան կա, ոչ էլ նստարան: Նրա համաքաղաքացին՝ Արա Հարությունյանը հորդորում է չնվնվալ. - «Եթե մենք լավի մասին չմտածենք, մենք պիտի չապրենք, եթե մենք վախեցանք, պիտի չապրենք, մենք միշտ պիտի լավի մասին մտածենք»:
Հեշտ չէ կանգ առնել լավ հեռանկարի վրա: Գեղանկարիչ Վահրամ Խաչատրյանը ձկնորսությամբ է փորձում ցրել ծանր մտքերը, կարծես թե չի ստացվում: «Լավ բան չենք սպասում, շատ տխուր ա», - ասաց նա:
«Աշխարհն է ծուռ՝ ինչպե՞ս կարող է այստեղ ուղիղ ու լավ մի բան լինել», - չի զարմանում Վալերի Ավետիսյանը: Արցախից խաղաղ կյանքի հետևից Կապան եկած Սվետլանա Հովհաննիսյանը չգիտի էլ ինչ մտածի, մտքում չավարտվող այս պատերազմներում զոհվող տղաների դեմքերն են:
Your browser doesn’t support HTML5