Այսօր երեկոյան Երևան ժամանեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը։
Պատվիրակությանը Միացյալ Նահանգների դեսպանատան մուտքի մոտ ողջույնի հավաքով մի խումբ քաղաքացիներ դիմավորեցին: Երևանի փողոցներն այսօր առավոտից զարդարված են ԱՄՆ և Հայաստանի դրոշներով:
Փելոսին իր պաշտոնական կայքէջում հրապարակած հաղորդագրությունում ընդգծում է, որ հպարտ է այցելել Երևան 2019 թվականին Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունումից հետո, որը «Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունը ճանաչում է որպես ցեղասպանություն», և «նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին նախագահը դառնալուց հետո»: «Բոլորի բարոյական պարտքն է՝ չմոռանալ երբեք, պարտք, որն առավել հրատապ է դարձել, երբ աշխարհով մեկ վայրագություններ են կատարվում, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ», - ասված է հաղորդագրությունում:
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարում է, որ իր գլխավորած պատվիրակության այցը «խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական Հայաստանին և կայուն ու անվտանգ Կովկասյան տարածաշրջանին Միացյալ Նահանգների ամուր նվիրվածության խորհրդանիշն է»: Հայաստանի ղեկավարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և անվտանգության հաստատությունների անդամների հետ հանդիպումներում Փելոսին պատրաստվում է «փոխանցել Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և Հայաստանի երկարամյա բարեկամի, աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանը»:
Երևան ժամանելուց քիչ անց Նենսի Փելոսին սոցցանցերում գրեց. - «Մեր Հիմնադիրները 1787 թվականին ժողովրդավարությունը գերադասեցին ինքնակալությունից: Սերունդներով մենք պաշտպանել և պահպանել ենք նրանց ընտրությունը: Այսօր, Միացյալ Նահանգներից Ուկրաինա, Թայվան, Հայաստան՝ աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ինքնակալության միջև ընտրության առջև, և մենք պետք է, կրկին, ընտրենք ժողովրդավարությունը»:
ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ՝ սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում նախատեսված է Ներկայացուցիչների պալատի խոսնակի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։
Նենսի Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում»
Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։
ԱՄՆ երրորդ պաշտոնյայի այցը տարածաշրջանային չէ, նա Գերմանիայից միանգամից ժամանելու է Հայաստան, հարևան պետություններ այցեր չեն նախատեսվում, համենայնդեպս այդ մասին ոչինչ չի հայտարարվել։
Your browser doesn’t support HTML5