Լատվիայի իշխանությունները շենգենյան վիզա ունեցող ռուսների համար սահմանափակումներ են մտցնում Լատվիայի սահմանը հատելու համար։
Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսն ուրբաթ օրը հայտարարել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
«Սեպտեմբերի 19-ից Լատվիան, անվտանգության նկատառումներից ելնելով և ռուսական ագրեսիայի հետ կապված, սահմանափակում է շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը»,- Թվիթում ռուսերենով գրել է Ռինկևիչսը։
Շենգենյան վիզաներով ռուսաստանցիների մուտքն արգելելու որոշումը սեպտեմբերի 8-ին համաձայնեցվել էր Բալթյան երկրների և Լեհաստանի կողմից, և ակնկալվում է հարցի հետագա քննարկում ԵՄ մակարդակով։
Տեղեկացվել էր, որ համապատասխան պայմանագրերի տեքստը և դրանց մանրամասները կհրապարակվեն հանդիպումից հետո 10 օրվա ընթացքում։
Սեպտեմբերի 6-ին Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի ամբողջական դադարեցման առաջարկին։