Սոթք և Ջերմուկ տանող ճանապարհները դեռ փակ են

Չնայած արդեն մեկ օր է՝ ինչ պաշտպանական գերատեսչությունը հաղորդում է, որ սահմանին էական միջադեպեր չեն գրանցվել, թե՛ Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիսից դեպի Սոթք, թե՛ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ տանող ճանապարհները փակ են: Թե ե՞րբ կբացվեն ճանապարհները, դեռ հստակ չէ:

«Մենք նայում էինք ամբողջ էդ հատվածը կրակոցներ էին, ի՞նչ պիտի մտածի վարդենիսցին, առաջին դեպքում գլխավոր միտքը, որ ծագում ա բանական մարդու գլխում՝ փրկել ընտանիքը, երեխաներին և այդպես էլ եղավ. աղմուկը այնքան բարձր էր, որ երեխաները լացում էին արդեն՝ լսելով ինչ ա կատարվում: Կարծում եմ առաջին պահին խուճապ կար, բայց հետո բանականությունը հաղթեց խուճապին, հասկացանք, որ խուճապի դեպքում Հայաստանը շատ փոքր ա հեռուն գնալու համար, մենք ստեղ ունենք արմատներ, ունենք թողած ավանդույթ, մշակույթ, ճանաչում ենք մեկս մեկին ու հիմա ավելի շատ գնում ա վերականգնողական պահ», - ասաց Վարդենիսի բնակիչներից մեկը:

«Ի՞նչ պիտի մտածենք, պիտի ղեկավարությունը, խորհրդարանը մտածի, մեր ոստիկանությունը մտածի, կարմիր բերետավորները մտածեն, բանակը, գեներալները մտածեն, մեր ձեռն ի՞նչ կա», - ասաց մեկ այլ բնակիչ:

Հայ -ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 105, ադրբեջանական կողմը՝ 71 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Երեկ երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: