«Մեզ համար դա մեծ բան ա... Սև լիճն էլ, Իշխանասարն էլ». Ակներ գյուղի բնակիչ

Գորիսի Ակներ, Վերիշեն գյուղերը վերջին օրերին ադրբեջանական զինուժի թիրախում էին։ Իշխանասարի, Սև լճի տակ են այս երկու գյուղերը, պայթյունի ձայներն անընդհատ էին, նաև բնակավայրերում արկեր են պայթել, 4 տուն է վնասվել։

«Դե կներեք, ինչ անենք, էս վիճակն ա», - ասում է Էդգար Սալբունցը։

Էդգար Սալբունցի տունը թշնամու հրետակոծությունից հետո

Ակներում սովոր չեն ավերակներով դիմավորել մարդկանց։ Երեկ գիշեր ադրբեջանական արկերից մեկն ընկել է Սալբունցի տան վրա, առանձնատունը վթարային է դարձել, ամենուր հող, ապակիներ. - «Հելանք տենանք արդեն կռիշը պաժառ։ Հլա ներսը չէինք մտել, չէինք տեսել, զանգեցինք հրշեջ ծառայություն։ Էկան հանգցրեցին»։

Իրավիճակը, ասաց, հանդարտվել է երեկ երեկոյից. - «Էս գիշերը մի քիչ հանգիստ էր, բայց դե անցած գիշերը վիճակ չկար»։

Մարդիկ նկուղներում, ավտոտնակներում են պատսպարվել։ Բողոքում են, որ ապահով ապաստարաններ չկան։

«Ապաստարան ա պետքը, որ էս երեխաներին տանենք-ապահովենք։ Ես մեծ կին եմ, տարեց կին եմ, էսօր կամ վաղը չկամ, էս երեխաների ապագան ի՞նչ ա
դառնալու», - ասում է ակներցի Ռոզա Մաշուրյանը։

Նրա համագյուղացի Անահիտ Բակունցը հավելում է. - «Ոչ մեկը ոչ մի բան չի հայտարարում, ո'չ գյուղապետը... 911 ենք զանգում, ասում ա 177-ը զանգեցեք, սա Երևանի ոստիկանությունն ա։ Ոչ մի բան չենք գյուդում... էրեխեքը հանենք, չհանենք...»

Սուսան Մաշուրյանի թոռները՝ փոքրը մի քանի ամսական է, խոնավ նկուղում են քանի օրուգիշեր է. - «Պուշկաներով, սնարյադներով... հինչ ձևի կըրացել են, կրակել են, ժողովուրդին էսպիսի խուճապի մեջ գցել։ Չորս ամսեկան երեխան վախից տեղաշորից բերել ենք էստեղ։ Չգիտենք ինչ անենա հիմա... ապրումների մեջ ենք»։

Տարհանման ապահով հասցե, երթուղի Սուսանը չգիտի. - «Գրադից ձեռից կարա՞ս պրծնես, հնարավոր չի։ Եթե գնանք քաղաքում էլ մնանք, տարբերություն չկա, էս նույնը հենա էնդեղ էլ ա»։

Ակներում ու Վերիշենում ապրողներին հունից հանում է այն, որ ադրբեջանական արկերը իրենց գյուղերում են պայթում, ադրբեջանական զինուժը այս գյուղերից քիչ վերև, Սև լճի ափերին են նստած, իսկ գյուղերը սահմանամերձի կարգավիճակ չունեն։

«Ժողովուրդը ամբողջ օրը հիմա էրկու օր ա պադվալը։ Թող Նիկոլը կյա մի օր պադվալում քոն ինի, տենա հինչ ա, սահմանամերձ ա թա չէ։ Ակներ գյուղը նախ սահմանամերձ ա, էս մեկ։ Երկրորդը, ընդհանրապես էրեխեքը վախենալով... շաքյար են ստացել, ամեն ինչ էլ։ Պառկում են պադվալումը, չգիտեն ինչ անեն։ Հենա դեմ առ դեմ արդեն ավտոմատով են կրակում... Նիկոլը կյա տեսնա, ասի Սև լիճը ինչ ա, էն մեկը ինչ ա... Ոչ, մեզ համար դա մեծ բան ա, Սև լիճն էլ, Իշխանասարն էլ, ամեն ինչն էլ մեզ համար ա։ Թուրքը ինչ շուն ա, որ կյա հասնի մեր մղակը», - ասում է Ակների բնակիչ Մարինե Պողոսյանը։

Մարինեն բուժաշխատող է, այս օրերին 18-20 տարեկան զինծառայողների վերքերն է տեսել, ուզում է, որ իշխանությունը զանազան պարգևավճարներն ու հավելավճարները մի կողմ դնի ու բոլոր փողերը բանակին տա։

Մեզ թոշակ էլ պետք չի, կողքից հուշում է մի տարեց ակներցի։

«Մի տարվա ծառայող էրեխեքը դիրքերում ա», - շարունակում է Մարինե Պողոսյանը։ - «Ասում ա, իրանց վարձկանները 35-40 տարեկան տղերք են... Սա ի՞նչ վիճակ ա։ Ոչ, թող հավաքույթ անի, էդ նույն փողերը, որ օգնություն են տամ, ոչ թե հավելավճար եմ տամ... զենք առնի, տանի էդ էրեխաները փրկի»։

Այս գյուղերի տղամարդիկ զենք են ստացել ու բարձրացել են դիրքեր, կանայք ու երեխաները մնում են։ Գյուղերից քչերն են հեռացել, ապրում են՝ խուսանավելով մահացու արկերից. - «Մեր Սյունիքից գնում ենք Երևա՞նը պահելու, էթանք Մասկվա՞ն պահենք, մեր Սյունիքը ո՞վ պահի»։