Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն. ԱԽ քարտուղար

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:

«Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր հրադադար ունենալ: Հուսանք, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել այդ հրադադարը», - ասաց Գրիգորյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է. ՊՆ խոսնակ

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե Բաքուն Երևանին միակողմանի մարդասիրական հրադադար հաստատելու առաջարկ է ներկայացրել, Հայաստանի արտգործնախարարությունից հայտնել էին, որ նման առաջարկի վերաբերյալ տեղեկություններ չունեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամով․ «Բաքուն Հայաստանին առաջարկել է մարդասիրական հրադադար հաստատել»

Ադրբեջանը նաև պատրաստակամություն էր հայտնել հանձնել շուրջ 100 հայ զինծառայողների մարմինները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պատրաստ է հայկական կողմին հանձնել վերջին երկու օրերին զոհված շուրջ 100 զինծառայողի մարմին

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 105, ադրբեջանական կողմը՝ 50 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը: