Միայն Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին հստակ արձագանքը կկանխի նոր պատերազմը տարածաշրջանում․ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Միայն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ հստակ արձագանքը և համարժեք գնահատականը, ներառյալ միջազգային հանրության կողմից համապատասխան գործուն քայլերը կարող են կանխել նոր պատերազմը տարածաշրջանում, երեկ, ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, ասել է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը։

Նիստը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ։

Պապիկյանը շեշտել է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի հետագա կիրառումը խաթարում են տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հարցերի կարգավորմանը։

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման օրակարգին:

Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, որպես միջազգայն մանդատ ունեցող բանակցային ձևաչափի, ջանքերի կարևորությունը:

Երևանում ու Բաքվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի և ամերիկացի համանախագահները։ Ֆիլիպ Ռիքերն ու Իլհամ Ալիևի երեկ Բաքվում խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: Սեպտմեբերի 10-ին էլ Երևանում Ռիքերը Փաշինյանի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրին վերաբերող մի շարք հարցեր, խոսել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ:

Իգոր Խովաևի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ըստ հաղորդագրությունների, ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի կարևորությունը։

44-օրյա պատերազմից հետո մոտ երկու տարի եռանախագահության մակարդակով բանակցությունները, փաստացի, փակուղում էին։ Մինչ Հայաստանը խոսում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կարգավորելու անհրաժեշտությունից, Ադրբեջանի նախագահ Ալիևը պնդում էր՝ նման հարց այլևս գոյություն չունի, Մինսկի խմբին էլ թոշակի է ուղարկել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայի հատուկ բանագնացը կօգնի Երևանին և Բաքվին խաղաղ պայմանագիր մշակել