Ուսումնական տարվա մեկնարկի հենց առաջին ամսում ընդհատվում են դասերը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում. կրթական գերատեսչությունն է այսպիսի որոշում կայացրել։
Սեպտեմբերի 13 ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը կրակի տակ է պահում սահմանային բազմաթիվ բնակավայրեր։ Նախարարությունն այս արձակուրդը տրամադրում է՝ հաշվի առնելով անվտանգության հարցը։
«Նոր եմ խոսել նախարարության հետ և որոշել ենք, որ, այո՛, մարզի բոլոր դպրոցներում հայտարարվում են լրացուցիչ արձակուրդներ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով», - «Ազատությանն» ասաց Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի վարչության պետ Մերի Գանդալյանը։
Նրա խոսքով՝ ծնողները երեկ էլ, թեպետ հայտարարված արձակուրդ չկար, իրենց երեխաներին դպրոց չէին ուղարկել։ Թե որքան է ձգվելու այս դադարը, դեռ պարզ չէ։
«Մենք կորոշենք, այդ մասին նաև կտեղեկացնենք նախարարությանն՝ իրավիճակից ելնելով», - ասաց Գանդալյանը։
Սյունիքի մարզում ապահով դպրոց գրեթե չկա։ Սահմանային սրացման հետևանքով ուսումնական պրոցեսը դադարեցվում է բոլոր 117 դպրոցներում, շուրջ 17 հազար աշակերտի համար։
Գեղարքունիքի կրթական հաստատությունների մի մասը կանցնի արձակուրդային ռեժիմի։ Գերատեսչությունն առաջարկել է սահմանային այս բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել նաև մանկապարտեզների աշխատանքը։