Սպիտակ տունը քաջալերում է Հայաստանին ու Ադրբեջանին ուղիղ երկխոսություն հաստատել, այսօր հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Ինչպես երեկ պետքարտուղար Բլինքենն է հայտարարել, մենք մնում ենք խորապես մտահոգված հայ - ադրբեջանական սահմանին շարունակվող հարձակումների մասին հաղորդումների, այդ թվում՝ Հայաստանի ուղղությամբ գնդակոծությունների և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների առնչությամբ։ Մենք ակտիվ շփումների մեջ ենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կառավարությունների հետ՝ տեսնելու, թե ինչ կարող ենք անել բռնությունները դադարեցնելու համար։ Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել թե՛ նախագահ Ալիևի, թե՛ վարչապետ Փաշինյանի հետ», - ընդգծել է Քիրբին:
«Մենք տևական ժամանակ հայտարարել ենք, բայց կարևոր է կրկնել, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կոչ ենք անում խուսափել հավելյալ բռնություններից։ Մենք նաև հորդորում ենք երկու կառավարություններին հաստատել շփման ուղիղ միջոցներ, այդ թվում՝ դիվանագիտական և ռազմական խողովակներով, և հանձնառու մնալ ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Լրագրողները հարցրել են՝ Վաշինգտոնում մտավախություն չունե՞ն, որ Ուկրաինայում Ռուսաստանի «վերադասավորումները» կարող են նշանակել «վերադասավորում» նաև Հայաստանում։ «Մենք նման բան չենք տեսել։ Մենք կուզենայինք տեսնել, որ բռնությունները դադարել են։ Ռուսաստանը կարծես հրադադար էր հաստատել այս գիշեր, որը, սակայն, գրեթե անմիջապես խախտվել է։ Ակնհայտորեն, մենք ուզում ենք տեսնել հրադադար, որը կմնա ուժի մեջ։ Ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը այնտեղ խաղաղապահ ներկայություն ունի, և որքան գիտենք՝ այդ առաքելությունը դեռ այնտեղ է», - ընդգծել է Քիրբին։
Այսօր ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը մտավախություն էր հայտնել, թե Մոսկվան կարող է «պղտորել ջրերը» Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Ուկրաինայից ուշադրությունը շեղելու համար։ «Դա մեզ մտահոգում է», - լրագրողների հետ զրույցում ասել էր Բլինքենը՝ հորդորելով Ռուսաստանին «օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում` լարվածությունը մեղմելու համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները սահմանին. Բլինքենը՝ Ալիևին և ՓաշինյանինԲլինքենը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է փորձել «պղտորել ջրերը» հայ-ադրբեջանական հակամարտությունումՄիացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողությունԲլինքենն անթույլատրելի է համարում իրադրության հետագա լարումը