Վաշինգտոնը, Մոսկվան, Բրյուսելը, խուսափելով հասցեական հայտարարություններից, խորը մտահոգություն են հայտնում անցած գիշեր Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ հարձակողական գործողությունների կապակցությամբ, իրավիճակը անհապաղ լիցքաթափելու կոչեր են ուղղում «կողմերին»։
Ելիսեյան պալատը տեղեկացնում է, որ նախագահ Էմանյուել Մակրոնը պատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, քննարկման ժամկետներ և այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
«Նախագահ Մակրոնը շարունակում է հորդորել պահպանել հրադադարը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահական գրասենյակը, հավելելով՝ Մակրոնը պատրաստակամ է նաև բանակցել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, թե մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է փորձել «պղտորել ջրերը» Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունում: Ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնը հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն անհանգստություն է հայտնել «այդ թվում` Հայաստանի բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին հաղորդումներով»։ Ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու պետքարտուղարի կոչը, սակայն, անհասցե էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան Երևանին է մեղադրում սահմանային լարվածության համար«Արդյոք Ռուսաստանը փորձո՞ւմ է ինչ-որ ձևով պղտորել ջրերը, շեղել ուշադրությունը Ուկրաինայից, սա մեզ միշտ մտահոգում է», - Ինդիանայում լրագրողների հետ զրույցում ասել է Բլինքենը և հավելել, որ «Ռուսաստանը կարող է նաև օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում` օգնելու «հանդարտեցնել ջրերը»:
Մոսկվան նախընտրել է չխախտել հավասարության սկզբունքը միմյանց դեմ պատերազմող իր դաշնակիցների միջև՝ բավարարվելով «ծայրահեղ մտահոգություն հայտնելով ու իրավիճակի հետագա սրումից խուսափելու հորդոր» հնչեցնելով: Ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը շեշտում է՝ Երեւանի և Բաքվի միջև վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։
«Մասնավորապես սահմանային հարցերի դեպքում՝ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական փոխգործակցությամբ»,- հուշում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու համար ջանքեր է գործադրում Կրեմլի ղեկավարը․ նա այսօր ավելի վաղ խնդիրը քննարկել է Հայաստանի վարչապետի հետ։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ` այդ զրույցի շրջանակներում այժմ աշխատանքներ են տարվում փորձագիտական մակարդակով, «երբ այդ աշխատանքը արդյունքներ տա, կտեղեկացնեն»։
Ի դեպ, Երևանում ու Բաքվում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի և ամերիկացի համանախագահները․ Ֆիլիպ Ռիքերի և Իլհամ Ալիևի հանդիպմանը քննարկված հարցերի մասին մանրամասներ չեն հաղորդվում: Իգոր Խովաևի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ըստ հաղորդագրությունների, ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի կարևորությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ-ն հայտարարություն ընդունեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ՝ միայն իշխանական ձայներովՀայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին ամիսներին Մինսկի խմբի առաքելությանը փոխարինող Եվրամիության խորհրդի նախագահի հետ է նաև այսօր հեռախոսազրույց ունեցել Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի գրասենյակի փոխանցմամբ` Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի, և պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար:
Քիչ անց թվիթերյան գրառմամբ Միշելը ծայրաստիճան մտահոգիչ է որակել «Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին մարտերի մասին տեղեկությունները»` հավելելով՝ «անհրաժեշտ է լիարժեք և կայուն հրադադար»։
Նա տեղեկացրել է, որ հետագա լարվածությունը կանխելու ուղղությամբ աշխատանքներ տանելու նպատակով Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին գործուղել է Բաքու և Երևան։
Հայ-ադրբեջանական սահմաններին որևէ փոփոխություն անթույլատրելի է, հայտարարում է պաշտոնական Թեհրանը։ Հայաստանի վարչապետը այսօր նաև Իրանի նախագահին է զանգահարել։ Փաշինյանի հետ զրույցում, ըստ վարչապետի գրասենյակի, Էբրահիմ Ռայիսին կրկնել է՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո: Իրանի նախագահը շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսը հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերելԱջակցություն է առաջարկել նաև Հայաստանի մյուս հարևանը՝ Վրաստանը. վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր պատրաստակամությունն է հայտնել միջնորդական դեր ստանձնել տարածաշրջանում լարվածության թուլացման համար։