«Դիրքային փոփոխություններ կան, բայց աշխարհագրական կոորդինատների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեմ կարող ներկայացնել», պատասխանելով «Ազատության» հարցին, թե առաջխաղացում ունեցե՞լ է ադրբեջանական կողմը, ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Պատգամավորն ասաց, որ դիրքերի փոփոխության մասին Ազգային ժողովում քննարում չեն ունեցել՝ պատճառաբանելով՝ այդ քննարկումը զինվորականների մասնագիտական դաշտից է։
Արսենյանը շեշտեց՝ իշխանություններն այսօր առաջին հերթին ձգտում են կրակի դադարեցմանը և որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի զորամիավորումները վերադառնան զբաղեցրած դիրքեր։
«Ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն այս պահին չկա»
Հարցին, թե ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն կա՞, արդյո՞ք այդ հարցը քննարկվում է, իշխող խմբակցության պատգամավորը պատասխանեց․ - «Այդ մասով մենք ունեցանք ակնարկ, ոչ թե խորը քննարկում, գտնում ենք, որ ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն այս պահին չկա»։
Անդրադառնալով միջազգային ատյաններ դիմելու գործընթացին՝ Արսենյանն ասաց, որ հիմա ընթանում է ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը։
«Բոլոր մեր այն գործընկերները, ովքեր որ տեղեկացված են իրադարձություններից, ջանքեր են գործադրում իրենց խողովակներով որպեսզի այս իրավիճակը, որը որ կրակային է, վերածվի խոսկցականի, նորից վերադառնա բանակցային փուլի», - ասաց իշխող խմբակցության պատգամավորը։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։
Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ-ն արդեն հայտարարել է, թե գործարկել է կազմակերպության մեխանիզմները՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար։
Ելիսեյան պալատն էլ հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահն էլ պատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին