Չավուշօղլուն ու Բայրամովը հեռախոսով քննարկել են «հայկական սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին»

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել:

Մևլյութ Չավուշօղլուն Թվիթերում գրել է, թե Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են «հայկական սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին»:

«Հայաստանը պետք է դադարեցնի իր սադրանքները և կենտրոնանա Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների և համագործակցության վրա», - մասնավորապես գրել է Չավուշօղլուն։

Ջեյհուն Բայրամովն իր հերթին Թվիթերում գրել է, որ Չավուշօղլու հետ հեռախոսազրույցում «ընդգծվել է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման և ագրեսիայի դադարեցման կարևորությունը»։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Տեսանյութը՝ ՀՀ ՊՆ-ի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: