Դատապարտելով ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները՝ Արցախի ԱԳՆ կոչով դիմում է միջազգային հանրությանը

Արցախի արտգործնախարարության շենքը Ստեփանակերտում

Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները, Հայաստանի սուվերեն տարածքի ռմբակոծությունները և ուժի կիրառումը։

«Այս գործողությունները հանդիսանում են հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում», - հայտարարում է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ կոչ անելով միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ զերծ մնալով ամորֆ և անհասցե կոչերից ու գնահատականներից, կիրառել համապատասխան քայլեր ագրեսորի նկատմամբ։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: