Առավոտյան ժամը 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություն չի կրել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսկներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիակն ենթակառուցվածքները։
Ըստ նախարարության՝ սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, Ադրբեջանը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին, և նշվել, որ տեղի ունեցածի և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ավելի վաղ հայտնել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին