12:24 (05.10.2022թ.)
Այսօրվա դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
«Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր», - ընդգծում է Արամ Թորոսյանը՝ շնորհակալություն հայտնելով բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար:
21:08
Ադրբեջանն այսօր Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 13-ից հետո հայ-ադրբեջանական սահմանային արյունալի բախումներից հետո գերեվարված անձանց, «Ազատության» փոխանցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին։
Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ մանրամասնեց, որ ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերում գրել է. «Ես բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը մեր 17 ռազմագերիների վերադարձին նպաստելու համար»։
«Հույս ունեմ, որ մեր միջազգային գործընկերների հետ միացյալ ջանքերով մենք կշարունակենք առաջընթաց արձանագրել, թե՛ մարդասիրական հարցերի կարգավորման, թե՛ տարածաշրջանում խաղաղության հաստատման մեջ», - նաև նշել է Փաշինյանը։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, իր հերթին, Ֆեյսբուքում գրել է. «17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է։ Հույս ունեմ, որ եռակողմ աշխատանքը կշարունակի դրական արդյունքներ գրանցել հումանիտար հարցերի լուծման, տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման համար, և բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն»:
00:07 (04.10.2022)
Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ երկուշաբթի երեկոյան՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինուժը կրկին խախտել է հրադադարը՝ ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պատասխան գործողություններով կրակը լռեցվել է, հայկական կողմից կորուստներ չկան:
22:23
Բրիտանական դեսպանությունը սարսափած է այն տեսանյութից, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը՝ տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։ Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից», - ասված է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության հայտարարության մեջ։
22:07
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններից, ըստ որոնց ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիներին:
«Կոչ ենք անում լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել: Ցանկացած վայրագության պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - Թվիթերում գրել է Սպիտակ տան խոսնակը:
21:15
Գնդակահարված 4 հայ ռազմագերիները փնտրվել են որպես անհետ կորածներ, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը:
20:45
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան ասել է, թե Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում մանրամասն և առարկայորեն ուսումնասիրել գերեվարված զինծառայողների գնդակահարությունների մասին վկայող տեսագրությունները, որոնք կարող են որակվել որպես պատերազմական հանցագործության մասին վկայող նյութեր:
Ըստ Զախարովայի, այդ հաղորդագրությունների հաստատման պարագայում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
«Նշված նյութերում կա ծայրահեղ դաժանություն: Միջազգային մարդասիրական օրենքների խախտումները պետք է մանրակրկիտ հետաքննվեն: Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում համակողմանիորեն ուսումնասիրել տեսահոլովակները: Փաստերի ապացուցման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության կանչվեն»,- հայտարարել է Զախարովան:
Նա ճեպազրույցում ասել է նաև, թե Մոսկվան լուրջ ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար:
14։17
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում այսօր հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լոյի հետ:
Արարատ Միրզոյանը և Լիվիա Լոյը խոսել են տարածաշրջանային զարգացումների մասին: Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը հյուրընկալելու համար և ներկայացրել տեղի ունեցած քննարկումները:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ հատուկ ընդգծելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքով սեփական առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի քաղաքականության անընդունելիությունը:
12։00
Երևանը պնդում է՝ Բաքուն երկրորդ անգամ հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը։
Սա արդեն երկրորդ անգամն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը, Թվիթերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ գործադիրի ղեկավարի՝ առաջին դեպքը մայիսին էր՝ Բրյուսելում։
«Իսկ երկրորդ անգամ՝ հիմա, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվեց ազատ արձակել 17 հայ գերիների մինչև սեպտեմբերի 30-ը», - գրել է Փաշինյանը։
Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին արձանագրել է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ֆեյսբուքում գրելով, որ սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իր և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ է եռակողմ պայմանավորվածություն ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին։
«Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը», - գրել է Գրիգորյանը:
10։38
«Այսօր ինձ ուղարկվել են մի քանի տեսանյութներ, որոնք, ըստ երևույթին, ցույց են տալիս ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները», - այսօր Թվիթերում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ շեշտելով՝ դրանք պետք է հետաքննվեն, և իրական հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
«Հակամարտությունը երկու կողմերում էլ խորը վերքեր է թողել, և բուժելու համար անհրաժեշտ է պատասխանատվություն», - գրել է Կլաարը։
10։30 (3․10․2022)
Ժնևում կայացել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։
Հանդիպումից հետո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարեց՝ Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։
Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ հայտնեց, որ ադրբեջանական կողմն առաջարկել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղափոխել և ավելի շուտ անցկացնել` նոյեմբերի փոխարեն հոկտեմբերին։
21:38
Այսօր Ժնևում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։
Արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:
Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական զինված ուժերի ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։
Անհրաժեշտ է համարվել Ադրբեջանի կողմից կատարված հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հստակ դատապարտումը միջազգային հանրության կողմից և հանցագործների պատասխանատվության ենթարկումը։
20:57
Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել դրա հետևանքների վերացման և նոր ագրեսիաների կանխման գործում միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի կատարումը, այդ թվում` միջազգային մեխանիզմների ներդրումը։
Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կողմից առանձնակի դաժանությամբ իրականացված պատերազմական հանցագործություններին, որոնց վերաբերյալ տեսանյութերն ադրբեջանական կողմը լայնորեն տարածում է սոցիալական ցանցերում, Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը գործադրելու է բոլոր ջանքերը` մեղավորներին համարժեք պատասխանատվության ենթարկելու համար, ասված է Արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրությունում:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
19:07
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:
Աշխատանքային այցի շրջանակում ՆԱՏՕ-ի կետրոնակայանում նախատեսված է Գրիգորյանի հանդիպումը ՆԱՏՕ-ում անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ, ասված է Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրությունում:
18:30
Այսօր աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացման՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, հրադադարի ռեժիմի ավերապահ պահպանման հրամայականը:
Նախարարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և իրականացրած պատերազմական հանցագործությունները, մասնավորապես` խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, հայ ռազմագերիների անմարդկային խոշտանգումներն ու արտադատական սպանությունները, և շեշտել, որ մեղավորները պետք է համարժեք պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ։
17:37
Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական սոցիալական հարթակներով տարածված՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին կանխամտածված սպանելու տեսանյութի իսկությունն այս պահին պարզվել է. այն նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:
«Փաստը հաստատվում է տեղանքի ուսումնասիրության, տեսանյութերի մեր և այլ շտեմարաներում առկա համանման տեսանյութերի հետ համադրությամբ, ինչպես նաև եղանակային պայմանների, զինծառայողների համազգեստի, ադրբեջանցի ծառայողների խոսակցության և այլ պարամետրերի համալիր համադրությամբ», - ընդգծում է Քրիստիննե Գրիգորյանը:
«Սա ադրբեջանական զինուժի կողմից իրականացված հերթական պատերազմական հանցագործությունն է, որի աղբյուրը հայատյացության հետևողական քաղաքականությունն է, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից՝ դրսևորվելով կրթական բովանդակությունից սկսած հանրային կյանքի բոլոր ոլորտներում և հենց այդ երկրի նախագահի հայտարարություններում։ Այս արձանագրություններն ի դեպ նաև արված են ՄԱԿ Ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի՝ վերջերս Ադրբեջանի վերաբերյալ հրապարակված զեկույցում», - հայտարարում է օմբուդսմենը:
Այս տեսանյութը, ի թիվս մյուսների, կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում և կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին։
17:25
Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի զինված ուժերի կողմից այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին, ասված է Արտգործնախարարության այսօր հրապարակած հայտարարությունում:
«Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին», - նշում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Պաշտոնական Երևանը շեշտում է, որ հետամուտ է լինելու միջազգային համապատասխան հարթակներում և ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, և վերոնշյալ հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։ «Այս համատեքստում միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է», - ասված է հայտարարությունում:
«Միաժամանակ, միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար», - հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
17:07
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, ով օրեր առաջ սենատոր Մարկո Ռուբիոյի հետ հանդես էր եկել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձևի նախագծով, սեպտեմբերի 30-ին հանդես է եկել ևս երկու նախաձեռնությամբ։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ Մենենդեսի նոր նախաձեռնությունը ենթադրում է համապատասխան կարգավորումներ 2023 թվականի ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում», որոնք ԱՄՆ նախագահին զրկում են «907-րդ բանաձևի» կիրարկումից հրաժարվելու հնարավորությունից և արգելափակում Թուրքիային F-16 կործանիչների ու դրանց արդիականացման համակարգերի վաճառքը։ Ազատության աջակցության ակտի «907-րդ բանաձևի» կիրարկումից նախագահական հրաժարման օրենսդրական հնարավորության վերացումը ուղղակիորեն կզրկի Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից, նշված է հաղորդագրությունում:
2023 թվականի ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումները Սենատում սկսվելու են հոկտեմբերի 11-ից։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մի շարք ուղղություններով շարունակում է աշխատանքները ներկայացված նախագծերի ընդունումն ապահովելու ուղղությամբ, ասված է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրությունում:
12:11
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն և Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան շաբաթ օրը հեռախոսազրույցում քննարկել են հայ - ադրբեջանական սահմանին վերջին զարգացումները:
Լեհաստանի արտգործնախարարության Թվիթերի պաշտոնական էջում տեղադրված գրառման համաձայն՝ երկու նախարարները քննարկել են «տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու պոտենցիալ հնարավորությունը»:
11:45
«Եվս մեկ սարսափելի տեսանյութ է հայտնվել, որում հայ ռազմագերիներն ակներևաբար մահապատժի են ենթարկվում», - Թվիթերումգրում է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Եթե ապացուցվի, որ այդ տեսանյութն իսկական է, ապա դա պատերազմական հանցագործություն է, որը պետք է քննվի, և կատարողները պատժվեն», - շեշտում է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:
11:30
Այսօր Ժնևում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Օրեր առաջ տարածած հաղորդագրությունում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել էր՝ չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ երկու օրից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պաշտոնապես կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները:
11:12 (02.10.2022թ.)
Հոկտեմբերի 2-ի ժամը 10-ի դրությամբ հայ - ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
22:22 (01.10.2022թ.)
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
22:40
Այսօր ժամը 22:00-ի դրությամբ հայ - ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
22:25
Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք կարծում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով», - ընդգծեց վարչապետը:
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կա այդպիսի գաղափար, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից»:
Ղարաբաղյան խնդրով զբաղվող միջնորդները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրամիությունը, սեփական պատկերացումներն ունեն խնդրի կարգավորման վերաբերյալ, բայց նրանցից որևէ մեկը պատրաստ չէ ճանաչել Արցախի անկախությունը, կամ՝ միացումը Հայաստանին, նաև ասաց վարչապետը։
Փաշինյանը հայտարարեց, որ երկու օրից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պաշտոնապես կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները:
Սահմանին իրավիճակը լարված է և այդ լարվածությունը կայուն պահպանվում է, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ նոր սադրանքները բացառված չեն:
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության վերաբերյալ հարցը վարչապետը խորհուրդ տվեց վերաձևակերպել հակառակ ձևով՝ «ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս կգա՞ արդյոք», և դա ամենևին էլ, ըստ նրա, բառախաղ չէ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից ակնկալվում է Հայաստանի սահմանին տեղի ունեցածի քաղաքական գնահատականը, ինչը չի տրվում:
«Ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն չկա», - ընդգծեց կառավարության ղեկավարը:
16։32
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենը։
Տեր Եսայի քահանա Արթենյանը հաստատել է, որ երեկ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իսկ թե է՞լ ում հետ է հանդիպել Կաթողիկոսը, չի հստակեցրել:
«Առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են։ Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը», - գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենը։
14:03
Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավար Ալեքսանդր Կոնյուկը հրավիրվել է Հայաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները Բելառուսի արտգործնախարարի հայտարարության կապակցությամբ, հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ պատասխանելով News.am-ի հարցին, փոխանցում է Արտգործնախարարության պաշտոնական կայքէջը:
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյն օրերս հայտարարել է, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի նման այցերը նպաստում են հակամարտությունների սրմանը: «Նման այցերը կապված չեն լինի այս կամ այն հակամարտությունների հանդարտեցման հետ, այլ ընդհակառակը՝ կապված կլինեն սրման հետ: Դժվար թե նպատակահարմար լինի հույսը դնել դրսի հորեղբայրներ-մորաքույրների վրա», - ասել է Մակեյը:
13։11
Այժմ քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների համաձայնությունների իրականացման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը նպաստելու համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդների օգտագործման հնարավորությունը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Ըստ Սերգեյ Լավրովի՝ խոսքը «մասնավորապես հայ - ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և ընդհանուր առմամբ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին է, ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը»:
«Կարծում եմ՝ ԱՊՀ-ի կողմից աջակցությունը նույնպես պահանջված կլիներ», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:
Նախարարի հավաստմամբ՝ պաշտոնական Մոսկվան մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությանը:
11:53
Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության արդյունքում երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն։
Նախնական տեղեկություններով, ըստ Կոմիտեի, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծության են ենթարկել Ջերմուկում տեղակայված պաշտպանության տեղամասի դիրքերից մեկը, որի հետևանքով մահացու բեկորային վնասվածքներ են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը, կատարվում է նախաքննություն
09։57
Մոսկվան, Բաքուն և Երևանը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում չեն քննարկում Անդրկովկասում «արտատարածքային միջանցքի» ստեղծումը, որը կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը, «Ռոսիյսկայա Գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ, տարածաշրջանային ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը և հստակ կանգնած է երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դիրքորոշման վրա: Սա նշանակում է, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում խոսք չի կարող լինել որևէ «արտատարածքային միջանցքի» մասին», - ընդգծել է նա։
Ըստ Օվերչուկի՝ բանակցությունների ընթացքում մշակվել է սկզբունք, որ «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացնում է այն երկիրը, որի տարածքով անցնում է ճանապարհը»։ «Սա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ուրեմն սա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական տարածքով, ուրեմն՝ ադրբեջանական», - պարզաբանել է նա։
09։43
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակում։
Այդ մասին Գրիգորյանը գրառում է կատարել Ֆեյսբուքում՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
09:30 (30.09.2022թ.)
Այսօր ժամը 9-ի դրությամբ հայ - ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է, հաղորդում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
22:16
Սեպտեմբերի 29-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը:
20:55
«Հարձակման վախ չկա, բայց զգուշավորություն միշտ կա, և մենք միշտ պատրաստ ենք», - Գեղարքունիքում պատասխանելով Հայաստանում հավատարմագրված դիվանագետների և լրագրողների հարցերին՝ հայտարարեց Գլխավոր Շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը:
«Քանի որ մեզնից յուրաքանչյուրը (զինվորականներին նկատի ունեմ) հստակ գիտակցում է, որ խնդիրը լուծված չի և հակառակ կողմը պետք է փորձի խնդիրը լուծել ի նպաստ իրեն, մենք սպասում ենք, մենք պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու», - ընդգծեց ՊՆ պաշտոնյան:
Վերջին կրակոցները, Մարտիկյանի փոխանցմամբ, եղել են, «քանի որ հակազդում ենք, չենք թողնում առաջանան, չենք թողնում ամրանան»:
Ջերմուկի հատվածում, ըստ նրա, իսկապես միջադեպ է եղել, հակառակորդը կիրառել է ականանետեր, անօդաչու թռչող սարքեր, որի արդյունքում հայկական կողմը տվել է երեք զոհ:
17:19
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երեկ՝ սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:
15։54
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում, Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերին մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները:
Ըստ ԱԽ գրասենյակի՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ մասնավորապես կարևորելով ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
11։30
Երեկ Հայաստանի սահմանին տեղի ունեցածն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է, այսօրկառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որոշ մանրամսներ ներկայացնելով։
Ըստ վարչապետի՝ Հայաստանի զինված ուժերը երեկ սահմանին՝ Հայաստանի տարածքում, ինժեներական աշխատանքներ են իրականացրել, իսկ հարվածներ հասցրած ադրբեջանական ստորաբաժանումները ևս գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում։
Հայաստանի դիրքորշումը միանշանակ է և աներկբա՝ Ադրբեջանի Զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության տարածքից, հայտարարեց վարչապետը՝ նկատելով՝ Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ Հայաստանը հնարավորություն չունենա իրականացնել բանակի բարեփոխումների ծրագիրը։
Համաձայնելով միջազգային կոչերին, որ հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական, խաղաղ ճանապարհով՝ գործադիրի ղեկավարը վերահաստատեց երեկվա իր հայտարարությունը՝ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության։
11։15
Այսօր ժամը 11-ի դրությամբ հայ - ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
11:07
ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով, բազմաթիվ ուղիներով ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու գործընթացում, լրագրողների հետ զրույցում երեկ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Նա նշել է, որ կովկասյան բանակցությունների հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ակտիվորեն ներգրավված է գործընթացում:
«Դեսպան Ռիքերն ակտիվորեն համագործակցել է իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Նա, իհարկե, անցյալ շաբաթ Նյու Յորքում էր մեզ հետ՝ Պետքարտուղարի հետ: Նա մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր եռակողմ հանդիպմանը: Նա վերջերս եղել է Հարավային Կովկասում՝ անձամբ հանդիպելով այնտեղի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այսպիսով, նա խորապես ներգրավված է այս գործընթացում», - ասել է Փրայսը:
10։40
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ պարզելու, թե Սյունիքի ազգաբնակչության վրա ինչ ազդեցություն են ունեցել սեպտեմբերի կեսերի հարձակումները և քննարկելու հումանիտար կարիքները։
Վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Անկախության օրվա ուղերձը՝ ԱՄՆ դեսպանությունը շեշտել է՝ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։
09։30
Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գիշերը և առավոտյան իրավիճակը հանգիստ է, հրադադարը պահպանվել է:
Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը ևս առավոտյան «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ գիշերը խաղաղ է անցել:
00:45
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հորդորել է հայ-ադրբեջանական հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին «նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմանը»։
Նախագահական նստավայրում Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ կայացած նիստից հետո խորհուրդը կրկին վճռական աջակցություն է հայտնել Ադրբեջանին, պնդելով, թե Բաքուն մեծ ջանքեր է գործադրում կայուն խաղաղության հասնելու համար։
«Բոլոր երկրները, հատկապես՝ տարածաշրջանի պետությունները, պետք է անկեղծ նպաստեն խնդրի կարգավորմանը, ոչ թե թեժացմանը», - հայտարարել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն՝ առանց հավելյալ մանրամասների։
00:30
Խաղաղությունը չի կարող պարտադրվել, Թվիթերում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Այսօր [սեպտեմբերի 28-ին] կրկին հաղորդագրություններ եղան հայ 3 զինծառայողի սպանվելու և մեկ ադրբեջանցու վիրավորվելու մասին: Այս և շատ այլ անիմաստ զոհերի առկայությունը սնուցում է ատելությունը և անկայունությունը: Անվտանգությունը հնարավոր է, միայն երբ սահմանները հարգվում են, և զորքերը դեմ առ դեմ կանգնած չեն մոտ տարածությունների վրա: Խաղաղությունը չի կարող պարտադրվել», - ասված է Կլաարի գրառման մեջ:
00:15 (29.09.2022թ.)
Պաշտոնական Երևանը հորդորում է միջազգային հանրությանը գործուն քայլերի իրականացմամբ ու համապատասխան մեխանիզմների գործարկմամբ ճնշում գործադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա՝ հրադադարի ռեժիմը խստագույնս պահպանելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը լքելու ու նոր ագրեսիաները կանխելու համար։
«Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ կանոնադրությամբ սահմանված բոլոր միջոցներով շարունակելու է պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը», - ասված է արտգործնախարարության հայտարարությունում:
Շեշտելով, որ սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է՝ հայկական կողմն ունի երեք զոհ։
Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական սադրանքը որակելով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սեպտեմբերի 13-ի մեկնարկած լայնածավալ ագրեսիայի շարունակություն`Հայաստանի արտգործնախարարությունը շեշտում է՝ սա բացահայտ արհամարհանք է միջազգային հանրության և ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին՝ պահպանելու ձեռք բերված հրադադարի ռեժիմը։
«Սա վերահաստատում է հայկական կողմի ահազանգերն առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել ուժի կիրառման ու առավելապաշտական իր քաղաքականությունը։ Ավելին, Ադրբեջանի նմանօրինակ սադրանքը նպատակ ունի ձախողելու երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի կազմակերպման շուրջ քննարկումներ են ընթանում», - ասված է հայտարարությունում։
23:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ հայտարարել է, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն է։
Վարչապետը հայտնել է, որ ադրբեջանական նոր հարձակման հետևանքով այսօր Հայաստանի տարածքում 3 հայ զինվոր է զոհվել: «Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի», - գրել է Փաշինյանը:
22:18
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակը:
«Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ», - նշում է ՊՆ խոսնակը:
20։08
Այսօր՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը:
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների, նշել է Արամ Թորոսյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն էլ իր հերթին հաղորդում է, որ հայկական կողմն է խախտել հրադադարը՝ կրակ բացելով Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների ուղղությամբ: Ադրբեջանական կողմը մեկ վիրավոր ունի:
15:15
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց են ունեցել։
Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հարցեր։
Լավրովն ու Բայրամովը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրության հարցեր։
Ռուսական կողմը հեռախոսազրույցի մասին հաղորդագրությամբ հանդես չի եկել:
14:30
Հայաստանի նկատմամբ կիրառված ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում Ֆրանսիայի առանցքային դերն է շեշտել վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆրանսիացի սենատորների հետ հանդիպման ժամանակ:
Փաշինյանը կարևորել է միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի, ինչը կօգնի, որպեսզի միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա, ասված է վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրությունում:
13:57
Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Ռոբերտ Սպանոյին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները։
Գրիգորյանը նաև Դատարանի նախագահին է տրամադրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցը, որում վերլուծված են նաև ադրբեջանական հարձակման ընթացքում արձանագրված խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեպքերը:
Ռոբերտ Սպանոն ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացված գործերի վիճակագրությունը՝ անդրադառնալով արձանագրվող հիմնական խախտումներին և դրանց ուղղությամբ Պետության կողմից ձեռնարկվելիք քայլերին:
11։05
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման մասին Թվիթերում գրառում է կատարել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Ուղիղ և կառուցողական զրույցի համար այսօր հյուրընկալել եմ Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին։ Մենք քննարկել ենք հետագա բռնություններից խուսափելու և ժամանակին և կենտրոնացված բանակցություններ վարելու կարևորությունը: Մենք նաև հստակ քայլեր ենք նախանշել՝ կայուն և հարատև խաղաղության հասնելու համար», - գրել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։
09։38
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և ազդեցիկ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն երեկ բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի վերջին չհրահրված հարձակումը Հայաստանի վրա:
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ երկու կուսակցությունների ազդեցիկ անդամների հեղինակած օրինագիծը նաև կոչ է անում անմիջապես դադարեցնել անվտանգության ոլորտում ամերիկյան օգնությունը Բաքվին, հորդորում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը՝ պատերազմական հանցագործությունների համար:
Բանաձևի նախագիծը Ադրբեջանին կոչ է անում հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Միացյալ Նահանգներին՝ ամուր մարդասիրական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանի ագրեսիվ պատերազմից տուժած Հայաստանի և Արցախի ժողովրդին:
09:30
Միացյալ Նահանգների Հայ դատի հանձնախումբը, կարևորելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան, պատրաստվում է դիմել Նենսի Փելոսիիի գրասենյակին՝ Ադրբեջանի նկատմամբ հստակ պատժամիջոցներ կիրառելու համար, «Ազատության» հետ զրույցում ասաց հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։
«Եվ հիմա շարունակում ենք աշխատել թե՛ խոսնակի գրասենյակի հետ, թե՛ կոնգրեսական ղեկավարության հետ՝ տարբեր բանաձևերի ուղղությամբ, որպեսզի պատժամիջոցներ սահմանվեն ադրբեջանական կառավարության վրա իրենց հարձակումների համար և անմիջապես կանգնեցնել ամերիկյան ռազմական աջակցությունը դեպի Ադրբեջան։ Մենք զբաղվում ենք ամերիկյան աղբյուրներով, զենք վաճառելու հարցը, ռազմական օժանդակություն ուղարկելու հարցը մեր սեղանի վրա է, ներկայումս քննարկվում է», - ասաց Չուլջյանը։
Այս հարցը արդեն երկար ժամանակ Հայ դատի հանձնախմբի սեղանին է դրված։ Խոսքը «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացման մասին է։
09։22
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն երեկ Փարիզում ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:
«Քննարկեցինք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեն, և ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց սկզբնական դիրքեր», - Ֆեյսբուքում գրել է ֆրանսիացի նախարարը:
«Ես հայտարարեցի Հայաստան շուտափույթ ֆրանսիական պատվիրակություն ուղարկելու մասին՝ գնահատելու իրավիճակը», - հայտնում է Լըքորնյուն:
Հայկական կողմն այցի մասին առայժմ չի հաղորդել:
28․09 09։15
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ երեկ Սպիտակ տանը տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
«Կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը», - ասված է Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրությունում:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
22:53
Այսօր հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը, հաղորդում է Պաշտպանության նախարարության խոսնակը:
«Զինծառայողի առողջական վիճակը բավարար է», - գրում է Արամ Թորոսյանը Ֆեյսբուքում:
22:20
Սեպտեմբերի 27-ի ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը։
22:12
Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույց է կայացել: Էմանյուել Մակրոնը Իլհամ Ալիևին է տեղեկացրել երեկ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մասին:
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ երկու նախագահները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային բախումները, ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շուտափույթ մեկնարկի կարևորությունը:
Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիայի նախագահը վերստին կոչ է արել ադրբեջանցի պաշտոնակցին հարգել հրադադարը և պահել զինուժը ելման դիրքերում: «Նա նաև հիշեցրել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը», - ասված է հաղորդագրությունում:
Մակրոնն Ալիևին փոխանցել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է շարունակել բանակցությունները բոլոր առկախ մնացող հարցերի շուրջ, իսկ պաշտոնական Փարիզն էլ պատրաստ է իր նպաստը բերել գործընթացին, հաղորդում է Ելիսեյան պալատը:
14:15
Վաշինգտոնը սատարում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների բարելավմանն ուղղված Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին, «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը:
«Տվյալ պահին կա խաղաղության գործընթաց, որը վարում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել, և Միացյալ Նահանգներն ակտիվորեն սատարում է դրան»,- առցանց ճեպազրույցում ասել է Քարփենթերը, հավելելով, որ Վաշինգտոնն այս հարցում մշտական կապի մեջ է Հայաստանի, Ադրբեջանի և Եվրամիության հետ:
14:03
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը հանդես է եկել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ և դիմել միջազգային տրիբունալներին՝ համապատասխան հետաքննություններ անցկացնելու համար։
Պատերազմական հանցագործությունների համար պատժամիջոցներ կիրառելուց բացի, բանաձևը կոչ է անում հետաքննել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անօրինական բանտարկության փաստը, դատապարտում է հայկական եկեղեցիների և պատմական հուշարձանների ոչնչացումը և համերաշխություն հայտնում Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականությանը։
13։34
Միացյալ Նահանգների ուղերձը հայ-ադրբեջանական սահմանին երկու շաբաթ առաջ սկիզբ առած բախումների առնչությամբ մնում է նույնը՝ Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին վերադարձնել զորքերը ելման դիրքեր, կողմերին՝ աշխատել առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ երեկ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Նյու Յորքում անցած շաբաթ կայացած ԱՄՆ, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցին:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերը ելման դիրքեր: Մենք հորդորում ենք դուրս բերել ռազմական ուժերը և աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով», - հայտարարել է Փրայսը՝
12։20
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաներին, դեսպաններին, Քարնեգի հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները։
Շեշտելով, որ նման քայլով Բաքուն ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը՝ Գրիգորյանն ընդգծել է Երևանի հաստատակամությունը ժողովրդավարության ուղով ընթանալու հարցում:
27․09 10։00
Այսօր ժամը 09:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
22:49
Սեպտեմբերի 13-ին և 14-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել լայնածավալ ռազմական գործողություններ` տալով բազում զոհեր, Հայաստանը կրկին սգում է, և իրավիճակն իրոք ճգնաժամային է, ասել է Ֆրանսիայի նախագահը այսօր Ելիսեյան պալատում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից առաջ: «Թիրախավորվել է Հայաստանի տարածքը, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Այս անընդունելի իրավիճակի պայմաններում Ֆրանսիան ստանձնել է իր պարտականությունները», - նշել է Էմանյուել Մակրոնը:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Ֆրանսիան հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ երկու անգամ` սեպտեմբերի 14-ին և 15-ին, քննարկվեց իրավիճակը: Խորհրդի անդամները պահանջեցին շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել զինադադարը: Հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր` Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր: Ես հենց սեպտեմբերի 14-ին ասել եմ նախագահ Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք», - ընդգծել է Մակրոնը՝ շարունակելով. - «Բացի այդ, ես հստակորեն նշել եմ հենց սեպտեմբերի 13-ից, որ Ֆրանսիան համոզված է` ուժի գործադրումը չի կարող լուծում լինել ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի համար, և հարկ է անհապաղ վերսկսել երկխոսությունը»:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ «ուղիղ երկու տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց սարսափելի մի պատերազմ, որը մահաբեր դարձավ տարածաշրջանի համար»: «Այն հանգեցրեց փաստացի նոր իրավիճակի` տարածաշրջանում ռուսական բանակի ընդլայնված ներկայությամբ: Եվ ես խստորեն դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին, և խաղաղության ու բանակցությունները վերսկսելու կոչ եմ անում: Ցանկանում եմ ողջունել վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ», - ասել է Մակրոնը:
«Նախագահ Ալիևը, ում հետ մոտակա ժամերին կզրուցեմ, նշում է, որ նույնպես ցանկանում է վերջ դնել տարածաշրջանում անկայունությանը և գտնել լուծումներ: Սակայն անհնար է կառուցել խաղաղություն` ուժի գործադրման սպառնալիքի ներքո: Այդ իսկ պատճառով Ֆրանսիան ամեն ինչ կանի, հետամուտ կլինի իր նպատակին` այն է` կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս», - նշել է Ֆրանսիայի նախագահը:
Հայաստանի վարչապետը, իր հերթին, հայտարարել է. - «Ֆրանսիան նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի օրակարգում նաև Ֆրանսիայի ու անձամբ նախագահ Մակրոնի աջակցությամբ ընդգրկվեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիայի թեման: Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում, և հարցը շարունակում է մնալ Անվտանգության խորհրդի օրակարգում:
2021 թվականի մայիսի 12-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ: Այդ թեմային մանրամասն անդրադարձել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին իմ ունեցած ելույթում: Ընդգծեմ, որ մեր դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային, անձամբ նախագահ Մակրոնին` այս դիրքորոշումն արձանագրելու համար»:
«Շահարկումները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ, իրականության հետ կապ չունեն:
Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը: Ընդ որում, երկու երկրներն էլ մինչև այս պահը հանդիսանում են ԱՊՀ անդամ: Ուզում եմ ընդգծել, որ այդ համաձայնագրի անբաժանելի մաս է, որ ադմինիստրատիվ սահմանները, գոյություն ունեցող սահմաններն ըստ էության դառնում են պետական սահման և համաձայնագրին միացած երկրները ճանաչում են այդ սահմանները», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Գալով երկարաժամկետ լուծումներին, կարծում եմ՝ անհրաժեշտ է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը և նոր կոմունիկացիաների կառուցմանը՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են:
Կարևորում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն և անվտանգությունը: Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:
22:11
Սեպտեմբերի 26-ի ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակը՝ ընդգծելով՝ իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
13:47
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ այսօր երեկոյան Ելիսեյան պալատում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հանդիպումը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
12:07
Ռուսաստանի խորհրդարանի՝ Դաշնային ժողովի ստորին պալատի՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը այսօր առավոտյան պաշտոնական այցով ժամանել է Բաքու:
Վոլոդինին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Բանակցությունների մեկնարկին ռուսաստանցի պաշտոնյան Ալիևին է փոխանցել նրա ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի ողջույնները։
«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են առավելապես նախագահների գործադրած ջանքերի շնորհիվ», - նշել է Վոլոդինը։
Ալիևի հետ հանդիպման ընթացքում Պետդումայի խոսնակը նաև ընդգծել է. - «Պետդուման և Միլի մեջլիսը առաջիկայում պետք է աշխատեն «Դաշնակցային համագործակցության մասին» պայմանագրի օրեսնդրական ապահովման համար։ Մենք պետք է նոր ձևաչափեր գտնենք, որպեսզի հնարավոր լինի երկու երկրների համար ռազմավարական կարևորություն ունեցող հարցերի լուծումներ առաջարկել»:
09:55
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը երեկ հայտարարել է, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի նման այցերը նպաստում են հակամարտությունների սրմանը:
«Այդ պատճառով, նման այցերը կապված չեն լինի այս կամ այն հակամարտությունների հանդարտեցման հետ, այլ ընդհակառակը՝ կապված կլինեն սրման հետ: Դժվար թե նպատակահարմար լինի հույսը դնել դրսի հորեղբայրներ-մորաքույրների վրա», - ասել է Մակեյը:
00:35 (26.09.2022թ.)
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ից գտնվելու է Վաշինգտոնում:
Անվտանգության խորհրդի հաղորդագրության համաձայն՝ Միացյալ Նահանգների մայրաքաղաք այցի շրջանակում Գրիգորյանն «ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ»:
Թե երբ է ավարտվելու այցը և այլ մանրամասներ չեն հաղորդվում:
18:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի նախագահին ուղղված իր հարցին դրական արձագանք չկա: Թվիթերում Հայաստանի ղեկավարը հիշեցրել է, որ ՄԱԿ-ում իր ելույթում հարց է հնչեցրել` արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
«Եթե այո, մենք կարող ենք շարունակել խաղաղության պայմանագիրը։ Ցավոք սրտի, դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչու», - այսօր գրել է վարչապետ Փաշինյանը:
18:00
Իրանն անթույլատրելի է համարում տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը իրանական կողմի դիրքորոշումը ներկայացրել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Նախարարները հանդիպել են Նյու Յորքում, ուր մասնակցում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ առանձնահատուկ շեշտելով ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի շուտափույթ դուրսբերման և ագրեսիայի հետևանքների վերացման անհրաժեշտությունը, հայտնում են ԱԳՆ-ից:
11:58
Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով` վերջին մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանը 80 զոհ ունի, շուրջ 300 վիրավոր, ինչպես նաև «զգալի վնաս է կրել ռազմական ենթակառուցվածքը»։
11:45
Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հաղորդում են Պաշտպանության նախարարությունից:
22:00
Վայոց ձորի մարզ է այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը երեկվա հանդիպմանը նրանց է ներկայացրել Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիվ պատերազմի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը՝ Ջերմուկի համայնքային ենթակառուցվածքների, առողջարանների, մասնավոր կառույցների և բնակչության կրած վնասները:
Ըստ մարզպետարանի հաղորդագրության` քննարկվել են ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խաղաղ բնակչության իրավունքներին, խոցելի խմբերի պաշտպանվածությանը ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր:
18:24
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 23-ին Ադրբեջանում տեսակցել է սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված հայերին, որոնց գերեվարումը հաստատել է Բաքուն, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանում պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին։
Նա առանց թիվ հրապարակելու հավելեց` օգնել են նրանց կապ հաստատել ընտանիքների հետ։
Պաշտոնական տվյալներով` վերջին արյունալի մարտերից հետո հայկական կողմն ունի առնվազն 20 ռազմագերի։
18:20
Ադրբեջանի զինված ուժերի` միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները և պատերազմական հանցագործությունները պետք է արժանանան համապատասխան գնահատականի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, որ Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին, Ռոզմարի ԴիԿարլոյին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։
Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային հանրության կողմից ագրեսորի՝ հասցեական և հստակ դատապարտման անհրաժեշտությունը՝ նշելով, որ անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար, ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Այդ տեսանկյունից հայկական կողմը կարևորել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում հնչած թիրախային գնահատականները։
18:00
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Կենտրոնական հրամանատարական կետում անցկացրած խորհրդակցության ժամանակ հրամայել է իր ենթականերին «ցանկացած պահի պատրաստ լինել Հայաստանի զինված ուժերի սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»։
13:19
Ադրբեջանական պաշտպանական կառույցն, իր հերթին, այսօր հաղորդեց, թե «հայկական զինված ուժերը տարբեր տրամաչափի զենքերից կրակ են բացել Քելբաջարի ադրբեջանական զորամիավորումների» ուղղությամբ: Բաքուն երեք վիրավորի մասին է հայտնել:
10:41 (24-ը սեպտեմբերի, 2022թ.)
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներից մեկը երեկ երեկոյան դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր», - նշված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հայկական կողմը կորուստներ չունի, ՊՆ-ի հաղորդմամբ` գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։
Այսօր` սեպտեմբերի 24-ի ժամը 10:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։
02:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:
Վարչապետն անդրադարձել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքների օկուպացիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին:
Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը և վերահաստատել Վրաստանի պատրաստակամությունը` նպաստելու դրան, հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականը:
01:50
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային, ինչի հետևանքով օկուպացվել են ՀՀ սուվերեն տարածքներ: Կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում Եվրոպական միության հստակ ու հասցեական գնահատականների անհրաժեշտությունը` ադրբեջանական ագրեսիայի, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման վերաբերյալ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:
Շառլ Միշելն իր մտահոգություններն է արտահայտել հայ - ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը: Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը` նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:
01:47 (23.09.2022թ.)
Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային ու դրա հետևանքներին է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա տեղի ունեցած քննարկումներն ու ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների կողմից ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական դիրքորոշումների արտահայտումը:
Փաշինյանն ընդգծել է ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և հետևողական ու շարունակական ուշադրության անհրաժեշտությունը` Ադրբեջանի նոր ագրեսիաները կանխելու համար: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:
Անտոնիո Գուտերեշն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը, ասված է հաղորդագրությունում:
21:25
Հայկական կողմը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ` ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման և նոր սրացումների կանխարգելման ուղղությամբ, առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են «Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և այն հաղթահարելուն ուղղված հավաքական քայլերը»։
20:10
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Կարմիր խաչի միջոցով Բաքուն այսօր Երևանին է հանձնել ևս վեց զինծառայողի դի։ Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակությունը հաստատում է այս տեղեկությունը։
18:05
Սեպտեմբերի 23-ի ժամը 18:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակն՝ ընդգծելով՝ «իրավիճակը հարաբերականորեն կայուն է»:
15:38
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Յագուբ Էյուբովը։
Հանդիպումը կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
13:20
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումները, նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին և առհասարակ վերանայել այդ երկրին հատկացվող օժանդակությունը, հաղորդում են Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը և Ամերիկայի Հայկական համագումարը:
Սեպտեմբերի 22-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հասցեագրված բավական խիստ նամակում Մենենդեսը նշել է, որ ԱՄՆ-ը չպետք է դերակատարում ունենա ավտորիտար բռնություններին աջակցելու գործում, և որ ինքն ու իր գործընկերները Կոնգրեսում աշխատելու են 907-րդ բանաձևի կիրարկման նախագահական սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։ 907-րդ բանաձևի կիրարկումից նախագահական հրաժարման օրենսդրական հնարավորության վերացումն ուղղակիորեն ենթադրում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցում։
10:57
Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդումը, թե ուշ երեկոյան և գիշերը հայկական Զինված ուժերը պետական սահմանին գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Թովուզի, Դաշքեսանի և Քելբաջարի շրջանների մի քանի բնակավայրերի ուղղություններով:
«Ադրբեջանի ՊՆ քիչ առաջ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: Գիշերվա ընթացքում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել», - գրել է Արամ Թորոսյանը Ֆեյսբուքում:
09:57
Այսօր ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է, հայկական կողմում կորուստներ չկան։
08:37
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և հումանիտար այլ խնդիրների ուղղությամբ համարժեք արձագանքի կարևորությունը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Էնթոնի Բլինքենն ընդգծել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին, կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ ժողովրդի համար:
ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի:
07:33 (23.09.2022թ.)
Հայաստանի հանդեպ ադրբեջանական նոր ագրեսիայի վտանգը չի նվազել, երեկ ՄԱԿ-ի ամբիոնից զգուշացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով միջազգային համայնքին հասցեական ու լիարժեք աջակցություն տրամադրել։ Քսան րոպեանոց ելույթում Հայաստանի վարչապետը խոսեց հիմնականում Ադրբեջանի հետ հարաբերություններից, պնդելով, թե Բաքուն մտադիր է Հայաստանից նորանոր տարածքներ գրավել:
«Ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին․ կարո՞ղ ես ցույց տալ Հայաստանի այն քարտեզը, որը ճանաչում ես, կամ՝ պատրաստ ես ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչու եմ սա հարցնում։ Որովհետև կարող է պարզվել, որ ըստ Ադրբեջանի պաշտոնական տեսանկյունի, Հայաստանի միայն կեսը, կամ՝ դրանից էլ քիչն է Հայաստանի Հանրապետություն», - հայտարարեց Փաշինյանը։
Խոսելով խաղաղության պայմանագրից՝ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց՝ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե Բաքուն էլ ճանաչի Հայաստանինը՝ միջազգայնորեն ընդունված սահմաններում։ Օրեր առաջ այս հայտարարությունը Փաշինյանը հնչեցրել էր Հայաստանի խորհրդարանում, երեկ նույնը կրկնեց արդեն միջազգային լսարանի առաջ։
Ելույթ ունենալով միջազգային ամբիոնից՝ Փաշինյանը ոչ միայն Ադրբեջանին, այլև դաշնակիցներին քննադատեց՝ առանց անուններ հնչեցնելու։
Խոսելով ագրեսիայի պատճառներից՝ Փաշինյանը նաև հաղորդակցության ուղիների բացումը հիշատակեց, կրկին պնդելով, որ Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային ճանապարհ է ուզում, մինչդեռ եռակողմ փաստաթղթերում այդ մասին որևէ խոսք չկա։
«Հայաստանը պատրաստ է կառուցել ճանապարհ, որը կգործի Հայաստանի օրենսդրության համաձայն և ինքնիշխան վերահսկողության ներքո», - ընդգծեց նա։
«Մենք վճռական ենք խաղաղություն կերտել տարածաշրջանում, բայց մեզ պետք է միջազգային հանրության լիարժեք աջակցությունը, որը կանգնած կմնա ինքնիշխան ու ժողովրդավար պետության կողքին», - հայտարարեց նա։
Հայաստանի վարչապետը նշեց՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելությունը կարող է նպաստել տարածաշրջանի անվտանգությանը։
23:53
Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ, ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:
«Միաժամանակ, այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ։ Հանդիպման հաստատման դեպքում հանրությանը պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք», - նշել է Վահան Հունանյանը:
Թուրքիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր Պրահայում քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի հետ հանդիպման հնարավորության մասին:
Եվրոպական միության գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին:
22:47
Հայաստանի վարչապետը, ԱԳ նախարարն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը Նյու Յորքում հանդիպում են ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` ընդգծելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, ինչի հետևանքով հայկական կողմն ունի նաև զոհեր ու վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ չափազանց մտահոգված է հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:
22:30
Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հավաքվել են Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Հանդիպմանը մասնակցում է նաև Վեհափառը։
Ավելի ուշ Մայր աթոռը հայտնեց, որ հրավերը Ամենայն հայոց կաթողիկոսինն է եղել:
«Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները», - ասված է հանդիպման ավարտին Էջմիածնի տարածած հաղորդագրության մեջ։
Նախագահների հանդիպման անհրաժեշտության մասին Իշխան Սաղաթելյանն էր սեպտեմբերի 13 -ին՝ Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակման օրը, հրապարակային առաջարկ արել, ապա առանձին դիմել կողմերին:
21:45
Ադրբեջանում հանրային պարսավանքի արշավ է սկսվել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող ընդդիմադիրների դեմ։
Ի տարբերություն 2020 թվականի 44-օրյա պատերազմի, մի խումբ ընդդիմադիրներ հարց են բարձրացնում, թե ինչքանով են արդարացված Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ իրականացվող ռազմական գործողությունները: Մինչ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ իրենց հողում են գտնվում, ընդդիմադիր գործիչները համոզված են, որ Իլհամ Ալիևը փորձում է օկուպացնել Հայաստանի տարածքները՝ ողջ աշխարհի աչքում Ադրբեջանը դարձնելով բռնարար երկիր:
«Ադրբեջանական կողմը բացահայտ կերպով հայտարարում է այլ պետության տարածք ներխուժման մտադրության մասին», - ասում է Գերմանիայում ապրող նախկին քաղբատարկյալ, լրագրող Աֆգան Մուխտարլըն։ Նա այն ընդդիմադիրներից է, ում նկարը Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչները տարածել են սոցցանցերում՝ կոչ անելով հանրությանը ճանաչել դավաճաններին։
Ընդդիմադիրներին թիրախավորող տեսանյութում հայտնված գործիչները, որոնց մեծ մասը արտերկրում են բնակվում, կարծում են, թե ադրբեջանական զինուժը խախտում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, ինչը անընդունելի է:
Ալիևի ղեկավարած կուսակցության շատ անդամներ, այդ թվում մեջլիսի պատգամավորներ իրենց սոցիալական հաշիվներում կիսվել էին ընդդիմադիրներին ամոթանքի ենթարկելու կոչ անող տեսանյութով: Ֆեյսբուքում և Թվիթերում տարածված #xainləritanı հաշտագով փնտրելիս կարելի է տեսնել ադրբեջանական իշխանությունների և նախագահ Ալիևի ռազմատենչ քաղաքականությունը քննադատող մի քանի տասնյակ ադրբեջանցիների հրապարակումներն ու նրանց նկարները՝ «դավաճան» կնիքով:
«Հայրենիքի դավաճանների» ցանկում հայտնված ընդդիմադիր գործիչ, Ժողովրդավար ուժերի ազգային խորհրդի անդամ Թոֆիկ Յակուբլուն, որ իշխանությունների կողմից պարբերաբար ճնշումների ու հետապնդումների է ենթարկվում, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը ասել է՝ այս արշավի հրամանը Իլհամ Ալիևն է տվել. - «Ճշմարտության մասին բարձրաձայնողները դավաճաններ են համարվում: Սա շատ վտանգավոր ընթացք է: 21-րդ դարն է, բայց կարծես 1930-ականների բռնաճնշումների մթնոլորտ լինի: Հայրենիքի դավաճաններ միայն բռնապետություններում են լինում»:
Ընդդիմադիր ձայները լռեցնելու համար սոցիալական մեդիայում սկսված արշավը նաև գործնական քայլերի է հասել: Օրերս Ադրբեջանում ոստիկանին չենթարկվելու պատճառաբանությամբ 30 օրով ազատազրկվել է «Դեմոկրատիա-1918» ընդդիմադիր շարժման ղեկավար Ահմեդ Մամեդլին: Երիտասարդ գործիչը պնդում է, որ այս որոշումը անհիմն է, և իրեն պատժում են պատերազմի դեմ արտահայտվելու և նախագահին քննադատելու համար:
«Մի օր Իլհամ Ալիևը միջազգային դատարանի առաջ պատասխան կտա իր հանցագործությունների համար, որոնք արել է ոչ միայն ադրբեջանցի, այլև հայ ժողովրդի նկատմամբ: Ժողովրդավար Ադրբեջանի առաջին խնդիրը լինելու է պատժել նրանց, ովքեր ժողովուրդներին իրար դեմ թշնամացնում են», - Թվիթերում գրել էր Մամեդլին: Այդ հրապարակումից հետո նա ձերբակալվել էր:
«Եթե ես հանցագործ եմ համարվում խաղաղության մասին խոսելու համար, ապա ես հպարտ եմ», - ձերբակալման պահին հայտարարել է ձեռնաշղթաներով Մամեդլին:
21:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Հայաստանի ղեկավարը, խոսելով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիային և դրա հետևանքներին, գոհունակություն է հայտնել իրանական կողմի հստակ գնահատականների կապակցությամբ և կարևորել ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ փոխգործակցությունը:
Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին, և հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: ԻԻՀ նախագահի խոսքով` պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխությանն անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է, և Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, փոխանցում են կառավարությունից:
20:00
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության շրջանակներում այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ շրջան՝ Ադրբեջանի հետ սահմանին, հայտնում են կառույցից:
Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև ուսումնասիրել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ:
18:13
9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:
17:00
Ադրբեջանի վերջին հարձակման հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ սեպտեմբերի 13-ին սկսված ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ:
15:55
Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը, ասված է Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հղած շնորհավորական ուղերձում:
ԱՄՆ նախագահն ընդգծում է, որ «վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը, որպեսզի Հայաստանը կարողանա նայել դեպի բարգավաճ և խաղաղ ապագա, ինչը ներառում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորում», և ցավակցություն հայտնում վերջին հարձակումների ժամանակ զոհերի կապակցությամբ։ «Մենք բարձր ենք գնահատում Ձեր աջակցությունը տարածաշրջանում առավել կայունություն հաստատելու ջանքերին», - ասված է Հայաստանի վարչապետին ԱՄՆ նախագահի հղած ուղերձում:
14:50
Իրանը զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վեճերը լուծել խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Իրանը չի հանդուրժի սահմանների ցանկացած փոփոխություն տարածաշրջանում:
«Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գեներալ Մոհամադ Հոսեյն Բաղերին հայտարարությունն արել է այսօր զորահանդեսի ժամանակ:
Իրանը դեմ է որևէ պատերազմի և լուռ չի մնա դրան դեմ-հանդիման, վստահեցրել է Բաղերին:
14:30
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե «սեպտեմբերի 21-ի լույս 22-ին գիշերը, մոտավորապես ժամը 2-ին, հայկական ուժերը սադրիչ գործողություններ են կատարել Քելբաջարի (Քարվաճառ) ուղղությամբ»:
Ըստ ադրբեջանական պաշտպանական գերատեսչության՝ «հայկական ուժերը խոշոր տրամաչափի զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից», իբր, կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Տուժածների մասին հաղորդագրությունում տվյալներ չկան:
«Ազատության» հարցմանն ի պատասխան` Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի ներկայացրած մեղադրանքը և այն «ապատեղեկատվություն» է որակել:
13:51
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր Երևանում հանդիպել է Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ:
Ըստ ՀԱՊԿ պաշտոնական կայքէջի՝ մանրամասն քննարկվել է Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը, ինչպես նաև ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ հետագա հնարավոր միջոցառումները։
13:41
Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր առավելապաշտական պահանջներին և նկրտումներին, Նյու Յորքում, Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ երեկվա հանդիպմանն ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ այն համարելով տորպեդահարում տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը։
Ընդգծվել է միջազգային կազմակերպությունների կողմից անաչառ և հասցեական արձագանքի կարևորությունը։
Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված վերջին ագրեսիային, ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:
Միրզոյանը երեկ հանդիպել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ՝ նշելով, որ Ադրբեջանի հանցավոր գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման դեպքերով և միջազգային ու հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով:
ԱԳ նախարարն առանձնահատուկ շեշտել Է հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերի, այդ թվում` կին զինծառայողների նկատմամբ իրականացված խոշտանգումների և այլ ռազմական հանցագործությունների խստագույնս դատապարտման անհրաժեշտությունը:
08:27 (22.09.2022)
Ադրբեջանի գործողությունները բացահայտ արհամարհանք են միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և Եվրոպայի խորհրդի շրջանակում անդամ երկրների ստանձնած պատավորությունների նկատմամբ և պետք է համապատասխան հետևանքներ ունենան։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման ժամանակ:
Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների դեպքերը։
Հայկական կողմն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի, հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության վերականգնման և խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքի ապահովումը։ Նախարարը նաև հույս է հայտնել, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամ և հետևողական կլինի։
23:20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան մեկնել է Նյու Յորք:
Վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրության համաձայն՝ կառավարության ղեկավարը սեպտեմբերի 22-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, որի ընթացքում հանդես կգա ելույթով:
Այցի շրջանակում նախատեսված են Փաշինյանի մի շարք հանդիպումները տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ:
22:20
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը՝ ընդգծելով՝ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Արամ Թորոսյանի փոխանցմամբ՝ հայկական կողմից կա մեկ վիրավոր, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան», - գրել է ՊՆ խոսնակը:
21:05
Ադրբեջանի նախագահը Հայաստանին զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի պատասխան կտան»: Այս հայտարարությունները Իլհամ Ալիևն արել է այսօր Լաչինում:
«Այսօր Հայաստանը պետք է լավ մտածի: Ոչ ոք մեզ հետ վերջնագրերով չի կարող խոսել և թող ոչ ոքի վրա հույս չդնեն: Ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել, մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել: Մենք իրավունքի, արդարության, միջազգային իրավունքի կողմնակից ենք, պաշտպանում, պաշտպանել ու վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը: Ողջ աշխարհին ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ, մենք ուժով ազատագրեցինք մեր հողը և հպարտանում ենք դրանով», - հայտարարել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նշել է, թե Հայաստանը խաղաղություն չի ուզում և ռևանշիստական մտքեր ունի: Նա դժգոհել է, թե պաշտոնական Երևանը գրեթե մեկ տարի ձգձգում է սահմանների դելիմիտացիայի գործընթացը, իսկ հիմա այն պարզապես ֆորմալ բնույթ է կրում և ոչ մի էական բան, քարտեզների մասին քննարկումներ չկան:
Ալիևը պնդել է, թե ադրբեջանական կողմը նախապատրաստել է 20-րդ դարի և նախորդ ժամանակաշրջանի քարտեզներ և դրանց հիման վրա պետք է սահմանազատման աշխատանքներ տարվեն:
«Եթե Հայաստանը ուզում է մեզ մեղադրել, թե մենք իրենց տարածք ենք մտել, դա ոչ մի հիմնավորում չունի: Նախ և առաջ, եթե սահմանները լինեին այնտեղ, որտեղ իրենք են ասում, ապա սահմանային ինժեներական աշխատանքներ կտարվեին: Նրանք կարծում էին, թե ողջ Ղարաբաղն ու Զանգեզուրը իրենց է մնալու: Այդ պատճառով էլ ոչ մի բան չեն արել հայ-ադրբեջանական սահմանին», - ասել է Ադրբեջանի նախագահը:
13:22
Երևանում այսօր հանդիպել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Ըստ ՀԱՊԿ պաշտոնական կայքէջի՝ քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները։
12:36
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համոզմամբ՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա։ Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ընթացքում։
«Երբ Ադրբեջանը ազատագրեց իր գրավյալ տարածքները, Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման պատմական հնարավորություն ստեղծվեց», - հայտարարում էր Էրդողանը՝ պնդելով, որ այն չի վերացել անգամ սեպտեմբերի 13-ին մեկնարկած ռազմական գործողություններից հետո։
«Նույնիսկ վերջին բախումներից հետո, որոնք ստվերեցին առկա մթնլորոտը, մենք վստահ ենք՝ երկու երկրների միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ ստորագրումը հնարավոր է։ Մենք շարունակելու ենք սատարել մեր ադրբեջանցի եղբայրներին, որոնք մարտնչում են հանուն իրենց իրավունքների և ապագայի»,- հայտարարում էր Թուրքիայի նախագահը։
12։20
«Չնայած վերջին բախումներին Բաքուն պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ խաղաղ պայմանագրի կնքման ուղղությամբ», «Ինտերֆաքս Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ Նյու-Յորքում կայացած հանդիպման ընթացքում։
«Չնայած վերջին ռազմական բախումներին և մեր կրած կորուստներին, Ադրբեջանը կողմ է, որպեսզի խաղաղ գործընթացը մեկնարկի առանց հապաղման», - հայտարարել է Բայրամովը։
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպման ժամանակ Բայրամովը կրկին պնդել է, որ հայկական զորքերը ականապատում են ադրբեջանական տարածքները։
«Ադրբեջանի տարածքների՝ հայկական կողմից իրականացվող ականապատումը լուրջ հետևանքներ է ստեղծում մեր երկրի ազատագրված շրջաններում։ Տեղադրված ականները արտադրվել են Հայաստանում 2021 թվականին», - պնդել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
10։15
Այսօր ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
09։30
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Նյու Յորքում Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները և ընդգծել դրա հետևանքների վերացման նպատակով Ադրբեջանի վրա միջազգային հանրության շարունակական ճնշման կարևորությունը:
Նա դատապարտել է Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ ու առավելապաշտական քաղաքականությունը, որը խաթարում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
21։09 09։00
Հայաստանի համար ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքներն անսակարկելի են, հայտարարել է Արարատ Միրզոյանը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում ելույթ ունենալով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը:
Նախարարը կոչ է արել միջազգային հանրությանը սատարել հայկական ժողովրդավարությանը՝ այդ թվում դատապարտելով և կանխելով Հայաստանի նկատմամբ ագրեսիան։
Միրզոյանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում հայ ժողովուրդն ազատ և արդար ընտրությունների միջոցով երկու անգամ իր քվեն է տվել հանուն ժողովրդավարության:
22:59
Սեպտեմբերի 20-ին որոշակի պարբերականությամբ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան, ասված է ռազմական գերատեսչության խոսնակի գրառման մեջ:
20:51
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունն այսօր ժամանել է Հայաստան, տեղեկացնում են կառույցից:
Նշվում է, որ առաքելության կազմում են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչ կազմակերպության աշխատակիցներ:
Առաքելությանը հանձնարարված է գնահատել ներկա իրավիճակը, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների համար տարածաշրջանում իրավիճակի մասին մանրակրկիտ զեկույց պատրաստել ու հայ-ադրբեջանական սահմանի առանձին շրջաններում լարվածության դեէսկալացիայի համար առաջարկությունների մշակել, հաղորդում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից:
Նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման և մոնիտորինգի աշխատանքներ, ինչպես նաև հանդիպումներ Հայաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։
19:58
Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել են Նյու Յորքում և քննարկել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը:
Պետական քարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի երկխոսությանը նպաստելու և կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու գործընթացին:
17:59
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Ըստ ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին:
17:55
Սեպտեմբերի 20-25-ը Հայաստան է ժամանելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է egov.am-ը:
17:00
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին թարմ տեղեկություններ է հայտնել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ։
Ըստ ՄԻՊ գրասենյակի՝ Պաշտպանը նաև անդրադարձել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործություններին ու դրանք ծնող պատճառներին՝ ադրբեջանական պետության կողմից վարվող հայատյացության համակարգային քաղաքականությանը։
15:22
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նշեմ, որ կազմակերպության (ՀԱՊԿ-ի) գծով միջոցներ են ձեռնարկվում հայ - ադրբեջանական սահմանին իրադրության սրացման կապակցությամբ: Դիմակայության գոտի առաքելություն է ուղարկվել՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ: Նրան հանձնարարված է իրադրության ուսումնասիրման արդյունքներով պատրաստել առաջարկներ Հավաքական անվտանգության խորհրդին», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինը:
«Ցանկացած հակամարտային իրավիճակներ մեզ համար մոտ պետությունների միջև մեր լուրջ մտահոգությունն են հարուցում: Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անվերապահորեն պահպանել հրադադարը և ամուր հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարություններին», - նաև նշել է Ռուսաստանի նախագահը:
13:45
Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր Կարմիր Խաչի միջոցով հայկական կողմին են փոխանցվել ևս 95 զինծառայողների դիեր:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակությունը հաստատում է տեղեկատվությունը, որ այսօր մասնակցել են հայ զինծառայողների մարմինների փոխանցմանը հայկական կողմին:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ այսօր 95 հայ զինծառայողի մարմին է փոխանցվել:
12:05
Վրաստանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու համար և առաջարկում է Թբիլիսին որպես բանակցությունների հարթակ։ Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
ԱԳՆ ղեկավարը Նյու Յորքում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում։
«Վրաստանը միշտ պատրաստ է եղել առաջարկել մեր հարավային հարևաններին երկիրը որպես մի տեղ, որտեղ նրանք կարող են երկխոսություն սկսել խաղաղության ամրապնդման ուղղությամբ։ Այս առումով մեր երկրի առաջարկը կրկին ուժի մեջ է։ Եթե անհրաժեշտություն առաջանա, որ մեր երկիրը ներգրավվի գործընթացում որպես միջնորդ, մենք միշտ պատրաստ ենք»,- ասել է Դարչիաշվիլին։
Նա հավելել է, որ Վրաստանն այս առումով նախապայմաններ չունի։ Թբիլիսիի գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։
11:43
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումն ու միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները։
Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Գործող նախագահության կողմից թիրախային ու հստակ դատապարտման կարևորությունը։
Հանդիպմանն ընդգծվել է նաև ԵԱՀԿ շրջանակներում առկա մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում։
09:53
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը հայ - ադրբեջանական սահմանին:
Անտոնիո Գուտերեշը Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը աջակցություն է հայտնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին, հայտնում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գրասենյակից։
«Նրանք մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի շուրջ: Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել , որ հրադադարը կպահպանվի, ինչպես նաև աջակցություն է հայտնել երկու երկրների միջև լարվածությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու բոլոր ջանքերին», - ասվում է հաղորդագրությունում:
09:35
ՀԱՊԿ առաքելության խումբը հայ - ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առաջարկներ է մշակել։ Այս մասին երեկ ՏԱՍՍ-ին հայտնել են ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։
«Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի աշխատանքի արդյունքներին: Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, որը ղեկավարում է առաջնային խումբը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների առաջարկների մասին», - ասել են մամուլի ծառայությունից։
«Տեղի է ունեցել մտքերի անկեղծ և կառուցողական փոխանակում։ Մշակված առաջարկներն ուղղված են լարվածության թուլացմանը», - նշված է հաղորդագրությունում:
Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպումից հետո ՀԱՊԿ առաքելության խումբը մեկնել է Մոսկվա։
09։30
Այսօր ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
08:52
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որի համաձայն՝ Երևան կոնգրեսականների այցը ծրագրվել է նախքան հայ - ադրբեջանական վերջին ռազմական ընդհարումը:
Այցի ավարտից հետո հրապարակված այդ փաստաթղթում ասվում է, որ «Հայաստանը կարևոր ճակատ է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև պայքարում»:
«Երևանում մենք փոխանցել ենք Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը սատարելու հզոր ուղերձ, հատկապես Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո։ Մեր այցը նախատեսված էր սեպտեմբերի 12-ի ռազմական գործողություններից առաջ», - ասվում է Փելոսիի գրասենյակի տարածած գրավոր հաղորդագրությունում:
Ամերիկացի կոնգրեսականները Երևանում պետության ղեկավարների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտպանութան նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպելուց զատ քննարկումներ են անցկացրել նաև քաղաքացիական հասարակության ղեկավարների հետ:
Բացի այդ, տեղի է ունեցել հանդիպում Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների հետ:
Փաստաթղթում նշվում է, որ «թեպետ Հայաստանում ներքին քաղաքական ասպարեզում կան տարաձայնություններ՝ բոլոր առաջնորդների միջև առկա է հստակ համաձայնություն առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ դադարեցնել ագրեսիվ գործողությունները»:
07:30 (20.09.2022թ.)
Your browser doesn’t support HTML5
Մի քանի ժամ առաջ Նյու Յորքում ավարտվել է Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Այն տեղի է ունեցել ՝ պետքարտուղարի միջնորդությամբ և մոտ մեկ ժամ է տևել:
Հանդիպման մեկնարկին՝ լրագրողների ներկայությամբ, ուղերձով հանդես է եկել միայն պետքարտուղարը:
Նա գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների դադարեցման կապակցությամբ և ասել է, թե և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հետ հեռախոսազրույցներում փոխանցել են, որ պատրաստ են խաղաղության: Ապա եռակողմ քննարկումները շարունակվել են դռնփակ ռեժիմով:
Դա Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա Ադրբեջանի բանակի ձեռնարկած արյունալի գրոհներից հետո:
Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրության համաձայն, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից: Նա հայտարարել է, որ ուժի կիրառումը, ինչպես նաև դրա սպառնալիքն անընդունելի են:
Միրզոյանի խոսքով՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար անհրաժեշտ է գործադրել միջազգային մեխանիզմներ։
Նախարարը կարևորել է հումանիտար խնդիրները, այդ թվում՝ ռազմագերիներին շուտափույթ հայրենադարձելու անհրաժեշտությունը:
Արարատ Միրզոյանը եռակողմ հանդիպման ընթացքում վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվել հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։
Ըստ «Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության, Ջեյհուն Բայրամովը վերջին բախումների համար մեղադրել է հայերին, ասելով, թե հայկական կողմը դիմել է սադրանքների, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ է անցկացրել:
Բայրամովը պնդել է, թե Ադրբեջանի տարածքը 30 տարի ապօրինի զավթված էր, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն առաջարկել է խաղաղություն կնքել և բացել կոմունիկացիաները:
Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է լուծել հումանիտար հարցերը, սահմանազատման ու սահմանագծման աշխատանք իրագործել, սակայն Հայաստանն, իբր, խոչընդոտում է այդ գործընթացները և կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները:
Ադրբեջանի ԱԳ նախարարը Նյու Յորքում ընդգծել է եռակողմ հայտարարություններին և բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքներին համապատասխան կայուն խաղաղություն ապահովելու նպատակով երկու երկրների ղեկավարների միջև հրատապ բանակցություններ անցկացնելու պատրաստակամությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները «քննարկել են հաջորդ քայլերը, և պետքարտուղար Բլինքենը կողմերին խրախուսել է՝ կրկին հանդիպելու մինչև ամսվա վերջ»: Այլ մանրամասներ Նեդ Փրայսը չի փոխանցում՝ նշելով միայն, որ սրանք կողմերի միջև առաջին ուղղակի բանակցություններն էին վերջին մարտերից հետո:
23:30
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասներն է ներկայացրել արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր Նյու Յորքում ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ:
Միրզոյանը մատնանշել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ վայրագությունները և խոշտանգումները։
Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։
«Արարատ Միրզոյանը խստորեն դատապարտել է ուժի կիրառմամբ իր առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի վարքագիծը՝ հատուկ ընդգծելով ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հստակ և հասցեական արձագանքի կարևորությունը, ինչպես նաև կազմակերպության շրջանակներում առկա համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը», - ասված է Արտաքին գործերի նախարարության լրատվական վարչության հաղորդագրությունում:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը հակամարտության տևական և համապարփակ լուծման նպատակով։
21:50
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միասնականության կոչով է հանդես եկել:
«Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան՝ 44-օրյա պատերազմը:
Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես Հայաստանի Հանրապետությունում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է՝ միասնականության, անկեղծ երկխոսության ու ողջախոհության հիման վրա: Անկախ այն բանից, թե ինչ գործիքակազմով հնարավոր կլինի կանխել աղետը, միևնույն է՝ նշածս համախմբումը պետք է տեղի ունենա, որպեսզի կարողանանք պատվով թոթափել այս ծանր ու վճռական մարտահրավերը», - նշել է նա իր տեսաուղերձում:
17:55
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, ասված է Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում ընդունված հայտարարությունում։
Ըստ հայտարարության՝ զոհվածների թվում կա քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող։
17:45
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, ընդունվել է հայտարարություն։
Հայաստանի Հանրապետությունը որդեգրած լինելով խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգ՝ անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից վարվող սպառնալիքի և հարկադրանքի քաղաքականությունը, նշում է Անվտանգության խորհուրդը՝ հայտարարելով՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը:
Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից:
15։50
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ Սիդորովը ներկայացրել է ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։
14:11
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորված քաղաքացիական 7 անձից 3-ը, այսօր ժամը 10:00 դրությամբ, շարունակում է բուժումը տարբեր բժշկական կենտրոններում, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է՝ վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն:
14:00
Մոսկվան պատրաստ է ողջունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան, եթե դա կօգնի կարգավորել իրադրությունը հայ - ադրբեջանական սահմանին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այն ամենը, ինչ խոսքերով չէ, այլ գործով է, ոչ բարձրաձայն, ոչ պուպուլիստական է, այլ իրականում հանգիստ և գործնական է, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, կարող է նպաստել սահմանին իրավիճակի կայունացմանը, այդ ամենը ողջունելի է», - լրագրողի հարցին ի պատասխան ասել Պուտինի խոսնակը։
11։15
Բաց հասարակության հիմնադրամները (ԲՀՀ) կոչ են անում միջազգային հանրությանը անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելու հրադադարը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ինտենսիվ մարտերի բռնկումից հետո, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 200 զինծառայող:
Ինչպես ասվում է Բաց հասարակության հիմնադրամների հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում, անցած շաբաթվա սկզբին ադրբեջանական ուժերը հրետակոծել են Հայաստանի տարածքը, ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքները, իսկ այնուհետև գրավել տարածքներ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի ներսում։
«Այն, ինչ մենք տեսնում ենք, մեծ երկրի կողմից ավելի փոքր, քաղաքականապես մեկուսացված հարևանի դեմ ագրեսիայի ևս մեկ ակնհայտ օրինակ է», – հայտարարել է Բաց հասարակության հիմնադրամների Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գործադիր տնօրեն Դանիելա Շվարցերը:
10։45
Queen խմբի լեգենդար կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը Հայաստանի վերաբերյալ գրառում է կատարել Ինստագրամում՝ ուշադրություն հրավիրելով Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը:
«Ես խախտում եմ լռությունն այստեղ, քանի որ, կարծես մի նոր ողբերգություն է ծավալվում, ու կա վտանգ, որ, ինչպես միշտ այդ օրերին, մեդիան այդ մասին ճշմարիտ կերպով չի հաղորդի», - գրել է նա՝ ընդգծելով․ - «Հայաստանը փոքր երկիր է, որը չունի նավթի կամ գազի պաշարներ, քրիստոնեության և ժողովրդավարության կղզյակ է՝ շրջապատված բռնապետական երկրներով»:
Մեյն ասել է, որ Հայաստանը մնացել է միայնակ բռնապետությունների դեմ և Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի։
10։30
Այսօր ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
09։30
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեկնեց Հայաստանից։
Նրան ճանապարհեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
08:20
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կիրակի օրն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:
Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Փելոսիին իրավիճակին արագ արձագանքելու, Հայաստան այցելելու, սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար:
Նախարարը Ներկայացուցիչների պալատի խոսնակին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Նենսի Փելոսին իր խոսքում ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը:
Քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
00:31 (19-ը սեպտեմբերի, 2022թ.)
ԱՄՆ պետքարտուղարը կիրակի օրը ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ հորդորելով Իլհամ Ալիևին պահպանել Հայաստանի հետ հրադադարը։
«Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին հավատարիմ մնալ հրադադարին, դուրս բերել զինուժը և աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցերը խաղաղ բանակցություններով կարգավորելու ուղղությամբ»,- հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Անցած շաբաթ Հայաստանի դեմ սկսված ռազմական գործողություններից հետո սա Բլինքենի արդեն երկրորդ հեռախոսազրույցն է Ադրբեջանի նախագահի հետ։
20:47
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ դրսևորված ագրեսիային և ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը վերաբերող հարցեր, փոխանցում են կառավարությունից:
Նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
20:10
Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի` Երևանում հնչեցրած հայտարարությունները:
«Անհիմն ու անարդար մեղադրանքները, որոնք Փելոսին հնչեցրել է Ադրբեջանի հասցեին, անընդունելի են», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, հավելելով` սա լուրջ հարված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերին:
20:00
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել պահպանել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին բախումների մասին հաղորդումներն ինձ շատ ցավ պատճառեցին», - ասել է նա` ցավակցելով զոհվածների հարազատներին:
«Խաղաղությունը հնարավոր է, երբ վայր են դրվում զենքերը, և մտնում են երկխոսության մեջ»,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը։
13:57
ԱԺ նախագահը Ալեն Սիմոնյանն ԱՄՆ ներկայացուցիչների տան պալատի խոսնակի հետ ասուլիսին ասաց, որ ավելի վաղ կայացած հանդիպմանը նրան տեղեկացրել է, որ նաև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել ադրբեջանական վերջին գործողությունների հետևանքով, կան բազում մարդկային կորուստներ։
«Հստակ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունն օգտվում է այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինային», - ընդգծեց օրենսդիր մարմնի խոսնակը:
Նա ասաց, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ է սեպտեմբերի 14-ին ձեռք բերվել փխրուն զինադադարի համաձայնությունը:
13:05
Այս այցից առաջ Հայաստանի սահմանների, Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում, Երևանում հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
«Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ մենք խստորեն դատապարտում ենք` Կոնգրեսի անունից», - ասաց ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո հայտարարություններով հանդես գալով:
Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հստակ և վաղուց նշել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, հիշեցրեց Նենսի Փելոսին` հավելելով. «Մենք ցանկանում ենք ձգտել, որ բանակցային խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»:
Ներկայացուցիչների պալատը բանաձև է առաջ քաշել, որով դատապարտում է Ադրբեջանի գործողությունները: «Ես հուսով եմ, որ այդ բանաձևով մենք առաջ կշարժվենք, ինչ վերաբերում է մեր հանձնառությանը Հայաստանի հետ կապված, մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք լինելու ՀՀ սահմանների որևէ փոփոխությանը», - իր հերթին ընդգծեց ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը:
12:00 (18-ը սեպտեմբերի, 2022թ.)
Սեպտեմբերի 18-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
22:34
Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հայկական կողմին են փոխանցվել սեպտեմբերի 12-14-ը սահմանին ռազմական բախումներում զոհված 32 հայ զինծառայողների դիեր:
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հաստատեց այս տեղեկատվությունը:
22:16
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 12-14-ը վիրավորվել է 282 զինծառայող, որից 43-ը վերադարձել է ծառայության, 115-ի վիճակը բավարար է, 103-ինը՝ միջին ծանրության, 21-ինը՝ ծանր:
21:22
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության առաջին խումբը՝ ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, դիտարկում է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում:
Սիդորովն ասել է, թե հայ - ադրբեջանական սահմանին, ինչպես նաև տաջիկա-ղրղըզական սահմանին ՀԱՊԿ-ի համար տհաճ իրավիճակ է ստեղծվել:
«Դրա հետ մեկտեղ, թե՛ մեր կանոնադրությունում, թե՛ փաստաթղթերում, թե՛ հենց Պայմանագրում գրված է, որ առաջնայնությունը տրվում է քաղաքական-դիվանագիտական մեթոդներին: Այդ պատճառով մենք դեռ ոչ մի սուր պատյանից չենք հանում և ջանում ենք առավելագույնս լուծել հարցերը խաղաղ ճանապարհով», - հայտարարել է գեներալը:
ՀԱՊԿ առաքելության առաջին խումբը Հայաստան է ժամանել երկու օր առաջ, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կժամանի եկող շաբաթ:
21:12
Հայաստանի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ՀՀ անունից դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ պայմանավորված սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկսված ռազմական գործողություններով:
21:15
Բաքվում, Երևանում և նաև Վիեննայում հրատապ հանդիպումներից հետո Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը :
«Դժվարին և երբեմն էմոցիոնալ քննարկումներ: Շատ մարտահրավերներ են մնում, բայց հուսով եմ հրադադարը կպահպանվի: Պետք է վերադառնալ բանակցությունների», - գրում է Կլաարը Թվիթերում:
21:09
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր հայտարարել է, թե ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից տեղեկատվություն է ստացել Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին:
«Ադրբեջանը հայտարարեց Հայաստանի սադրանքին ի պատասխան սկսած գործողության ավարտի մասին: Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, իմաստ չունի այն աժմ քննարկել: Համաձայն պարոն Իլհամից [Ադրբեջանի նախագահ Ալիևից] իմ ստացած տեղեկատվության՝ մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղափոխվել են անվտանգ դիրք», - РИА "Новости"-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Էրդողանը օդանավում՝ Սամարղանդից վերադարձի ճանապարհին:
«Հայաստանի համար այժմ կարևոր է հնարավորինս շուտ հրաժարվել Ադրբեջանի դեմ սադրանքներից, գործել ավելի վաղ իր ստանձնած պարտավորություններին համապատասխան և կենտրոնանալ խաղաղության ու համագործակցության վրա», - պնդել է Թուրքիայի նախագահը՝ ամփոփելով. - «Մենք ցանկանում ենք, որպեսզի նորմալացման գործընթացը մեր տարածաշրջանում հաջողությամբ ավարտվի, և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը ապահովվեն երկար ժամանակով»:
21:09
Սեպտեմբերի 17-ի ժամը 21-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
14:32
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտնեց ևս երկու զոհված զինծառայողի մասին։ Այդպիսով մինչ այժմ հայտնած տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմը 79 զոհ է տվել։
14:29
Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինուժից «Ինտերֆաքս-Ազերբայջանին» ասել են, որ այսօր հայկական անօդաչու թռչող սարքը փորձել է հետախուզական թռիչք կատարել պաշտպանական դիրքերի վրայով, բայց հայտնաբերվել ու հատուկ տեխնիկական միջոցներով չեզոքացվել է։
14:25
Հայաստանում Գերմանիայի նորանշանակ փոխդեսպան, ներկայում գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը «ցնցված է ավերածությունների այն պատկերներից, որ այսօր հետկեսօրին պետք է տեսներ Ջերմուկում», - ասված է ուրբաթ երեկոյան դեսպանատան հրապարակած հաղորդագրությունում:
Թինտրուպը մեկն էր այն մոտ հինգ տասնյակ դիվանագետներից, որոնք հրավիրված էին Ջերմուկում Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կազմակերպած բրիֆինգին։
«Ես չափազանց մտահոգ եմ։ Մենք ապրումակցում ենք հայ ժողովրդին», - հայտարարել է գերմանացի դիվանագետը։
13:20
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Շառլ Միշելն իր թվիթերյան էջում նշել է, որ քննարկում են ունեցել «կայուն դեէսկալացիա ապահովելու միջոցների և տարածաշրջանում կայուն խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի ակտիվացման վերաբերյալ»:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկսված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով սահմաններին լարվածության պահպանման փաստը:
Շառլ Միշելն, ըստ հաղորդագրության, վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:
«Քննարկվել են իրավիճակի կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր», - ասված է հաղորդագրությունում:
11:30
Սեպտեմբերի 17-ի ժամը 9-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
21:10
Սեպտեմբերի 16-ի ժամը 21-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
21:00
Ուզբեկստանում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հանդիպումը:
Կրեմլի փոխանցմամբ, բանակցությունների մեկնարկին Պուտինը գոհունակություն է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան դադարել է. «Իհարկե, այսօր բոլորիս խիստ անհանգստանում է իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին։ Մենք այս մասին խոսել են Ձեզ հետ: Դուք գիտեք, Ձեզ տեղեկացրել եմ, որ երեկ երեկոյան ես խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Լավ է, որ համակարգված ջանքերով ի վերջո հաջողվեց էսկալացիան կանգնեցնել, բայց, որքան հասկանում եմ, իրավիճակն այնուամենայնիվ մնում է լարված»։
Իլհամ Ալիևն ասել է, թե Երևանն ու Բաքուն լայնամասշտաբ էսկալացիայի մտադրություն չեն ունեցել. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ սահմանային սրացմանը օպերատիվ արձագանքելու համար։ Բախումները տևել են ութ ժամից էլ քիչ, դրանք դադարեցվել են, թեև հայկական կողմը սկզբում չէր պահպանում հրադադարը, բայց ընդհանուր առմամբ մոտ երկու օր է՝ այն պահպանվում է: Դա վկայում է, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի մտադրություն չեն ունեցել։ Ցավոք, սահմանային կոնֆլիկտներ լինում են։ Դրանք հանգեցրին երկու կողմից էլ բազմաթիվ զոհերի։ Բայց գլխավորն այն է, որ մեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը և այն տեղափոխել խաղաղ հուն»:
17:12
ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին այսօր հայտնել է, որ շաբաթ օրը այցելելու է Հայաստան։
Լրագրողների հետ նա այսօր խոսել է Բեռլինում և նշել, որ մտադիր է Հայաստան մեկնել պատվիրակության հետ, որի կազմում է նաև Կալիֆորնիա նահանգից հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրը։
«Ասոշիեյթեդ Փրեսի» փոխանցմամբ՝ Փելոսին հրաժարվել է ճամփորդության մասին այլ մանրամասներ հայտնել, նշելով, որ Կոնգրեսի ճամփորդող անդամները «չեն սիրում թիրախ լինել»։
16:38
Ադրբեջանի զինուժը նախկին 11-12 կմ-ի փոխարեն այժմ 4,5 կմ է հեռու Ջերմուկից, բայց շրջափակման մեջ է, այսօր օտարերկրյա դիվանագետներին հայտնեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Ավելի ուշ՝ արդեն լրագրողների հետ ճեպազրույցում, Էդվարդ Ասրյանն ասաց, որ չնայած ադրբեջանական զորքերն այդքան մոտ են գտնվում հայկական առողջարանական քաղաքին, սակայն շրջափակման մեջ են ադրբեջանցիները, այդ խումբը մոտ երկու տասնյակ զինվորականներից է կազմված. - «Չենք թույլատրի, որպեսզի ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկա՝ իրենք չեն կարողանում բերել իրենց սնունդը և ջուրը ապահովել, և կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի, կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկի մատույցներից գտնվում են առավել մեծ խորությունների՝ 7, 8, 10 (կմ) նույնիսկ սահմանի վրա, հեռավորությունների վրա»:
16:15
Չինաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել իրավիճակի հետագա սրացումից՝ սեպտեմբերի 16-ի ճեպազրույցում ասել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նին։
«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Չինաստանի հետ համագործակցությունում բարեկամական գործընկերներ են։ Մենք հուսով ենք, որ երկու կողմերը կրակի շուտափույթ դադարեցման համապատասխան կոնսենսուս կապահովեն, ինչպես նաև կխուսափեն իրավիճակի հետագա սրացումից և տարաձայնություններն ու հակասությունները կվերացնեն քաղաքական երկխոսության միջոցով»,- այսօր ասել է Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը։
15:09
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկսված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00 դրությամբ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը` միջին ծանրության:
Վիրավորներից 3-ը, ըստ հաղորդագրության, ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է:
14:58
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Հայաստանի հետ սահմանին սկիզբ առած ռազմական գործողություններում ևս 6 զինծառայողի զոհվելու մասին։
Այդպիսով, մինչ այժմ ադրբեջանական կողմի հայտնած տվյալների համաձայն՝ վերջին բախումներում ադրբեջանցի 77 զինծառայող է զոհվել։
14:09
Օտարերկրյա դեսպաններին ագրեսիայից տուժած շրջաններում մանրամասներ են ներկայացվում ադրբեջանական ուժերի առաջխաղացման փորձերի մասին:
Your browser doesn’t support HTML5
14:00
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների այսօրվա հանդիպման օրակարգում հայ - ադրբեջանական հակամարտության սրումն է,ասել է այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
Դմիտրի Պեսկովը նշել է, որ նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինը «բավական երկար զրույց» է ունեցել այս հարցի շուրջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
12:07
Հայաստանի Անվտանգության խորհուրդը քննարկել է երկրում ռազմական դրություն մտցնելու հնարավորությունը, սակայն որոշել է դեռ ձեռնպահ մնալ այս որոշումից, ուրբաթ օրը Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ կան քաղաքացիներ, ովքեր ցանկանում են մասնակցել սահմանների պաշտպանությանը, և նրանք կարող են գնալ զինվորական կոմիսարիատներ:
11:37
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմից վիրավորվել է 6 քաղաքացիական անձ, մեկ մարդ էլ մահացել է բեկորային վնասվածքից: Այս մասին հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
11:10
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի հաստատված զոհերի թիվը հասավ 135-ի: Այս տվյալը Կառավարության նիստի ժամանակ հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ հավելելով՝ «բայց, ցավոք, այս թիվը վերջնական չէ»:
«Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ», - ասաց վարչապետը:
11:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:
Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:
Վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Էմանյուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
11:03
Հայ - ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին են անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի այսօրվա հաղորդագրության համաձայն, Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ներկայումս սահմանին հարաբերական հանգիստ է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված Հայաստանի դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր:
09:35
Այսօր ժամը 9-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հաղորդում է Պաշտպանության նախարարության խոսնակը
Արամ Թորոսյանը սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտնել էր, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Միջադեպեր չեն արձանագրվել նաև հաջորդած գիշերը, երեկ օրվա ընթացքում:
09:11
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից չորսը` բացառությամբ Չինաստանի, երեկ հայտարարեցին, որ հայկական և ադրբեջանական զորքերը պետք է վերադառնան նախկինում զբաղեցրած դիրքեր:
Միացյալ Նահանգների դեսպանը հատուկ ընդգծեց, որ Վաշինգտոնն անհանգստացած է Հայաստանի բնակավայրերի և ենթակառուցվածքների գնդակոծմամբ:
«Մենք, մասնավորապես, մտահոգված ենք, որ Հայաստանի տարածքում խաղաղ բնակիչներ են տուժել: Կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին վերականգնել ուղիղ հաղորդակցությունը` ռազմական ու դիվանագիտական խողովակներով, և հանձնառու մնալ դիվանագիտական գործընթացին», - ասաց Ռիչարդ Միլսը:
Ֆրանսիայի դեսպանը զորքերը հետ քաշելու կոչը հասցեագրեց ուղիղ Ադրբեջանին: Նիստը նախագահող Նիկոլա դը Ռիվյերը նույնպես ընդգծեց, որ վերջին օրերին Հայաստանի մի շարք բնակավայրեր ու ենթակառուցվածքներ են գնդակոծվել:
Ռուսաստանի դեսպանը տեղեկացրեց` Սամարղանդում այսօր նախատեսված Պուտին֊Ալիև հանդիպման առանցքում հենց այս հարցն է լինելու: «Մոսկվան սերտ շփումների մեջ է կողմերի հետ, էական քայլեր են ձեռնարկվում Պաշտպանության նախարարության և Սահմանապահ դաշնային ծառայության միջոցով` կրակի դադարեցման, ադրբեջանական ու հայկական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ», - հայտարարեց Վասիլի Նեբենզյան՝ խոսելով նաև սահմանազատման անհրաժեշտության մասին:
09:07
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի դեմ, այդ թվում` Նախիջևանի կողմից, երեկ ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդում հայտարարեց Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, ընդգծելով` եթե միջազգային համայնքը հասցեական չդատապարտի ու պատասխանատվության չկանչի Բաքվին, ագրեսիան կարող է ընդարձակվել:
«Մինչ մենք քննարկում ենք հարցը, հավաստի տեղեկություններ են ստացվում, որ Ադրբեջանը ևս մեկ ռազմական հարձակում է ծրագրում` ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի կողմից, որպեսզի փորձի իրագործել Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու իր անօրինական նկրտումները», - ասաց Մարգարյանը:
Պաշտոնական Երևանի խնդրանքով հրավիրված արտահերթ նիստում Հայաստանի դեսպանը նաև նոր թվեր հրապարակեց, մասնավորապես ասաց, որ հաստատված 105 զոհերից բացի հայկական կողմում կան նաև տասնյակ վիրավորներ ու անհետ կորածներ, առնվազն 7 ռազմագերի է նույնականացվել, և չի բացառվում, որ այս թիվը կարող է ավելի մեծ լինել: Մոտ 200 տուն զգալի վնասներ է կրել, 60֊ը` լիովին ավերվել: «Ջերմուկի ռմբակոծումը, որտեղ ռազմական ոչ մի թիրախ չկա, պատերազմական հանցագործություն է», - պնդեց դեսպանը, հավելելով` Ադրբեջանը թիրախավորել է նաև Կեչուտի ջրամբարը` ստեղծելով բնապահպանական ու հումանիտար ահռելի վտանգներ:
«Մեղավորը անուն ունի` Ադրբեջան, որը լիովին արհամարհում է միջազգային իրավունքի ցանկացած նորմ ու սկզբունք` ի ցույց դնելով պատերազմ հրահրելու և տարածաշրջանը ապակայունացնելու իր մտադրությունը», - ասաց Մհեր Մարգարյանը:
08:57
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի հետ:
Ռուսաստանի ռազմական գերատեսչության՝ ուշ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրադրությունը:
Նույն օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել հայաստանցի գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ:
02:48
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
Հաղորդագրության համաձայն՝ Բլինքենն ամերիկյան կողմի ցավակցություններն է փոխանցել Հայաստան - Ադրբեջան սահմանին վերջերս տեղի ունեցած ռազմական գործողություններում կյանքը կորցրածների համար:
«Պետքարտուղարը վերահաստատեց մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: Նա ասաց, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է դեպի առաջ, և նշեց, որ ինքն անձամբ ներգրավված է մնալու», - ասված է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Սա Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Հայաստանի վարչապետի երկրորդ հեռախոսազրույցն է հայ - ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունների սկզբից ի վեր:
02:15, 16.09.22
Հինգշաբթի օրը հեռախոսազրույց է կայացել Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև:
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ուշ երեկոյան հրապարակած հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են «ընթացիկ իրադրությունը տարածաշրջանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների խնդիրների իրականացման շրջաններում»:
Այլ մանրամասներ ռուսական կողմը չի փոխանցում, հայկական կողմը հեռախոսազրույցի մասին առայժմ չի հաղորդում:
23:55
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանն այսօր այցելել է Ջերմուկ: Այցի ընթացքում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և կորպուսի հրամանատարական կազմի ներկայացուցիչները Խաչատրյանին են ներկայացրել օպերատիվ իրավիճակը։
Նախագահը հանդիպումներ է ունեցել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանի, պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ, որոնց գլխավորությամբ կազմավորվել էին քաղաքի պաշտպանության կամավորական ջոկատներ։
Նախագահը շրջել է քաղաքում և այցելել դիրքեր, հանդիպել է առանձին դիրքում կանգնած զինվորների հետ։ Նախագահը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող մարտիկների հետ։
23:40
Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակն է ներկայացրել արտգործնախարար Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ այսօր կայացած հեռախոսազրույցում:
Արտգործնախարարության լրատվականի փոխանցմամբ՝ Միրզոյանը խոստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման դեպքերը։
Երկուստեք շեշտվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անվերապահ պահպանման անհրաժեշտությունը և ուժի կիրառման անթույլատրելիությունը։
23:33
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները վաղը կայցելեն ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
23:25
Այսօր երեկոյան, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Սիդորովին ընդունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջադրել առաջիկա մոնիտորինգի հետ կապված խնդիրները:
Նախարարը հույս է հայտնել, որ խումբը արդյունավետ աշխատանք կիրականացնի և ՀԱՊԿ ՀԱԽ-ին կներկայացնի մանրամասն և ճշգրիտ հաշվետվություն ստեղծված օպերատիվ իրադրության վերաբերյալ:
Առաջիկա օրերին օպերատիվ խումբը համապատասխան աշխատանք կկատարի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում և մարտական գործողությունների շրջաններում:
23:20
Սեպտեմբերի 15-ի ժամը 22-ի դրությամբ հայ - ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
ՊՆ խոսնակը երեկ հայտնել էր, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Միջադեպեր չեն արձանագրվել նաև անցած գիշեր, այսօր առավոտյան և օրվա ընթացքում:
22:22
Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, Ֆեյսբուքում գրառմամբ տեղեկացնում է նախարարության մամուլի քարտուղարը:
Ըստ Հայկ Կոստանյանի՝ ԱԻՆ աշխատակիցը «արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ՝ իր առջև դրված խնդիրը կատարած»:
Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք՝ դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչև տվյալ պահը կապ հաստատել չի հաջողվել:
21:45
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին շաբաթավերջին կմեկնի Հայաստան՝ հաջակցություն Ադրբեջանի հետ մահացու կռվի մեջ գտնվող երկրի, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով այցից տեղյակ երկու անձանց։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մինչ այս պահը չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցի՝ նախատեսվում է, որ Փելոսին Երևանում հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան խոսնակի աշխատակազմից տեղեկությունը ոչ հաստատել, ոչ էլ հերքել են։
21:21
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Նախարար Միրզոյանը Տոյվո Կլաարին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Հայաստանի ձեռնարկած քայլերն ագրեսիան կանգնեցնելու նպատակով, հաղորդում է ԱԳՆ-ն։
«Հայկական կողմն անթույլատրելի է համարել նաև Ադրբեջանի զիված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, մասնավորապես` խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը», - փոխանցում է արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Հայաստանի դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ ադրբեջանական կողմի նման գործողությունները խաթարում են տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղություն հաստատելու ջանքերը։ Կարևորվել է նաև հրադադարի ռեժիմի պահպանումը և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների շուտափույթ վերացումը։
21:10
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում գտնվող Արցախի խորհրդարանի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում և Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրավիճակին առնչվող մանրամասներ:
Հայաստանի ԱԺ լրատվության վարչությունը հայտնում է, որ մեկ ժամից ավելի տևած հանդիպմանը անդրադարձել են սեպտեմբերի 13-ին «Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողություններին»:
Արցախի Ազգային ժողովի պատվիրակության հետ Հայաստանում է գտնվում նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։
Այսօր ավելի ուշ նախարար Արարատ Միրզոյանն է նաև ընդունել է արցախցի պատգամավորների պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:
20:00
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլին ներկայացրել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հաղորդում են ՊՆ-ից։
Դրա հանգուցալուծման հարցում Պապիկյանն ընդգծել է միջազգային հանրության հասցեական գնահատականների անհրաժեշտությունը: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Քոլին Քահլին՝ իրավիճակին արագ արձագանքելու համար:
Քոլին Քահլը, իր հերթին, կարևորել է հրադադարի պահպանումը, շեշտել բանակցային սեղանին վերադառնալու և առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը: Քոլին Քահլը հայտնել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը սակարկման առարկա չպետք է լինեն:
18։00 (15.09.2022)
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները չեն դադարել՝ չնայած ներկա էսկալացիային, այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Մարիա Զախարովան շեշտել է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այդ նպատակով սեպտեմբերի 8-9-ը Բաքվում, իսկ սեպտեմբերի 13-14-ը Երևանում է եղել:
16։35
Երեքշաբթի օրվանից Հայաստանի սահմանների նկատմամբ սկսված հարձակումից հետո Հայաստանի 3 մարզերի սահմանամերձ համայնքներում վնասվել է 192 բնակելի տուն, որոնցից 60-ը՝ ամբողջությամբ, այդ թվում՝ օժանդակ կառույցները, այսօր տեղեկացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը։
«Մի շարք համայնքներ հոսանքազրկվել են հրետակոծության հետևանքով, ՀԷՑ-ը արագ վերականգնել է, մնացել է միայն Ներքին Շորժան, որտեղ դեռևս չի հաջողվել իրականացնել հոսանքի ու հեռահաղորդակցության ենթակառուցվածքի վերականգնումը», - ասաց Տերտերյանը։
Ըստ փոխնախարարի՝ մարզպետարանների միջոցով կձևավորվեն հանձախմբեր, որոնք տեղում բնակիչների աջակցության աշխատանքները կիրականացնեն, իսկ հիմա գործում է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծը։ Փոխնախարարն ասաց նաև, որ առաջիկայում ավելի մանրամասն կհաշվարկեն վնասները, կգույքագրեն։
«Եթե նույնիսկ այս պահին որևէ բան բաց է մնացել, վստահ պիտի լինեն, որ մենք մեր մարզպետարանների, համայնքների միջոցով այդ աշխատանքը պատշաճ կանենք», - հավաստիացրեց նա։
16։00
Ադրբեջանի զինված ուժերը «պետք է անհապաղ դադարեցնեն իրենց մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա» և հավատարիմ մնան ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից համակարգվող խաղաղության գործընթացին, հայտարարել է Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը։
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա դիվանագիտական և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով, ասված է նրա հայտարարության մեջ։
14։23
«Վրացական կողմը ցավում է հարևան Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած վտանգավոր էսկալացիայի համար», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններին։
«Խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և անկախ տարածաշրջան, որը օգուտ կբերի մեր բնակչության ապագային», - գրել է Զուրաբիշվիլին։
14։17
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին ռազմական գործողությունների ընթացքում սպանված ևս 21 զինծառայողի անուն։
Այսպիսով ադրբեջանական կողմը մինչ օրս հաստատել է 71 զինվորի մահ։
13։06
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն ուրբաթ օրը բանակցություններ կանցկացնեն՝ քննարկելու իրավիճակը Հարավային Կովկասում, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այս շաբաթ մենք հուսով ենք, որ տեսչական խումբը, այնուամենայնիվ կժամանի սահման, որպեսզի պատրաստի իր զեկույցը ՀԱՊԿ երկրների ղեկավարների համար։ Իսկ վաղը տեղի կունենա հանդիպում նախագահ Ալիևի հետ »,- Պեսկովի խոսքերն են մեջբերում ռուսաստանյան լրատվամիջոցները։
13:05
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի Ազգային ժողովի պատվիրակությունն այս պահին Երևանում են։
Ըստ Արցախի նախագահի գրասենյակի՝ Հայաստանի իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները:
12:40
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը Երևան կժամանի այսօր երեկոյան, ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
«Մեր այսօրվա միջոցառման ավարտին ես կմեկնեմ օդանավակայան և մի խումբ պաշտոնյաների հետ կուղևորվեմ Հայաստանի Հանրապետություն, Միացյալ շտաբի մի խումբ պաշտոնյաների հետ։ Դրանում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները, և մինչև այսօր երեկոյան մենք կլինենք Երևանում», - ասել է գեներալը։
Ճեպազրույցում Սիդորովը նշել է նաև, որ Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու առաջարկը ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և այն աջակցություն է ստացել կազմակերպության անդամ բոլոր երկրներից։
Միացյալ շտաբի պետի խոսքով՝ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ Հայաստան ուղարկելը դեռ օրակարգում չէ։ «Եկեք առաջ չընկնենք, սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», - ասել է նա՝ հավելելով. - «Այսինքն ռազմական ուժ կիրառելու մասին, այն էլ՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր, և, կարծում եմ, ոչ էլ մոտ ապագայում, խոսք չի գնում»։
Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի շուրջ, այդ պայմանավորվածությունը պահպանվում է։ «Ուստի մենք հուսով ենք, որ գործընթացները կշարունակվեն այս կերպ, դրանք կլուծվեն խաղաղ ճանապարհով, առանց զենքի կիրառման», - հավելել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը։
11։25
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետհեռախոսով քննարկել է իրավիճակը Հայաստանի հետ սահմանին: Սա երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջև երկրորդ հեռախոսազրույցն է շաբաթվա ընթացքում։
«Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ադրբեջանա-հայկական պետական սահմանին տիրող իրավիճակի շուրջ», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։ Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Հասանովն Աքարին մանրամասն տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի մասին։
Նախարարների նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել սեպտեմբերի 13-ին։
11։20
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, Ֆեյսբուքում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արման Թորոսյանը։
11։00
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր կրկին նիստ կանցկացնի՝ քննարկելու Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Անվտանգության խորհուրդը կհանդիպի Հայաստանի խնդրանքով:
Երեկ Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցություններում արդեն քննարկվել է իրավիճակը սահմանին, իսկ այսօր քննարկումները կանցկացվեն բաց ռեժիմով։
10։20
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով և հատկապես անհանգստացած է Հայաստանի ներսում խաղաղ բնակչության շրջանում տուժածների վերաբերյալ հաղորդումներով: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցին:
«Քարտուղար Բլինքենը, դեսպան Ռիքերը, քարտուղարի օգնական Դոնֆրիդը, նրա բյուրոյի մյուս անդամները մի շարք զրույցներ են ունեցել , այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, այլ շահագրգիռ կողմերի և գործընկերների հետ: Չենք կարող մանրամասնել այդ բոլոր ներգրավվածությունները, բայց, ինչպես ես երեկ ասացի, մենք շարունակում ենք խորապես ներգրավված մնալ դիվանագիտության մեջ, մենք պատրաստ ենք անել հնարավորը երկկողմ և բազմակողմ հիման վրա, որպեսզի հասնենք նրան, որ այս ռազմական գործողությունները դադարեն և լարվածությունը թուլանա»։
08։30
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։
01:46
ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդը միաձայն հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու, իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին, այսօր տեղի ունեցած քննարկումից հետո հայտարարել է ՄԱԿ֊ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան:
Վերջինս «Ինտերֆաքս»-ին պատմել է` Մոսկվան պնդում է, որ քննարկման մասին լրագրողների համար պատրաստվող փաստաթղթում անպայման հղում արվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև 2020 ին և 2021 ստորագրված հայտարարություններին, որոնք «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմք են և պարունակում են հրադադարի և մի շարք այլ նախագծերի պարտավորություններ, որոնք կողմերը հանձն են առել իրագործել»:
00:49, 15.09.2022
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:
«Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր հրադադար ունենալ: Հուսանք, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել այդ հրադադարը», - ասաց Գրիգորյանը:
23:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր խորհրդարանում արած հայտարարություններից հետո քաղաքացիները հավաքվել են Ազգային ժողովի մոտ: Նրանք փակել են Բաղրամյան պողոտան և բողոքի ակցիա են անում:
Կան նաև ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ:
Բաղրամյան պողոտա ոստիկանական ուժեր են բերվում:
Ելույթ ունեցող քաղաքացիներից մեկն առաջարկեց, որ հանրային ընկալում ունեցող գործիչները հավաքվեն Գիտությունների ակադեմիայի մոտ՝ քննարկելու հետագա քայլերը:
Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հերքել են, թե փաստաթուղթ կա, որը պատրաստվում է ստորագրվել: Ավելի ուշ էլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ, ապա՝ ուղիղ եթերում, պնդեց, թե նման բան չկա. «Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ-բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, իր հերթին, ուղիղ եթերում հայտարարեց. «Վարչապետի ելույթն այն բանի մասին էր, որ ոչ մեկը ոչ մի բան չի տալիս։ 29,8 հազարը Հայաստանի ամբողջ տարածքն է։ [...] Ոչ Արցախի մասին է խոսքը գնացել, ոչ էլ Հայաստանի Հանրապետության մասին»:
Ուշ երեկոյան հաղորդագրություն տարածեց Ազգային անվտանգության ծառայությունը՝ շեշտելով, որ Փաշինյանի խոսքը «տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է»։
«ՀՀ ազգաբնակչությանը կոչ ենք անում տուրք չտալ մանիպուլատիվ հայտարարություններին, և հիմնավորապես վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել», - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:
22:55
Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար է դիմել ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին, Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով ՀԱՊԿ-ի երեկվա նիստում նվազագույն անհրաժեշտ որոշումներն այս պահի համար կայացվել են:
22:00
Ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
«Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով», - գրում է Արամ Թորոսյանը Ֆեյսբուքում:
20:50
Իրանի և Հայաստանի սահմանը պետք է անփոփոխ մնա, չորեքշաբթի երեկոյան Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
«Իրանի և Հայաստանի սահմանը մեզ համար հաղորդակցության պատմական ուղի է, և այն փոփոխությունների չպետք է ենթարկվի», - Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` նշել է Ամիր Աբդոլահիանը` հավելելով. «Տարածաշրջանը չի կարող հաշտվել նոր պատերազմի իրողության հետ, ուստի Թեհրանը կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել»:
20:40
«Ադրբեջանը Հայաստանին միակողմանի մարդասիրական հրադադար հաստատելու առաջարկ է ներկայացրել», - չորեքշաբթի երեկոյան Բաքվում նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարն այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով բանագնաց Միխայիլ Շվիդկոյի հետ հանդիպման ժամանակ։
«Մեր երկիրը շահագրգռված չէ իրավիճակի ապակայունացման և սրման մեջ», - ասել է նա։
Հայաստանի ԱԳՆ խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահի դրությամբ նման առաջարկի վերաբերյալ տեղեկություններ չունեն։
Բայրամովն այսօր ընդունել է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Եվրոպացի դիվանագետի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է, թե «Հայաստանը խախտել է եռակողմ հայատարարությունների դրույթները», ինչպես նաև այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
20:35
Ռուսաստանի դեսպանությունը կոչ է արել ռուս զբոսաշրջիկներին խուսափել Հայաստանի սահմանամերձ շրջաններ այցելելուց։
«Խորհուրդ չենք տալիս այցելել Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններ»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
20:27
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին հորդորում է հետ կանգնել սխալ ուղուց, այլապես սպառնում է հետևանքներով:
«Մենք անընդունելի ենք համարում Հայաստանի կողմից Ադրբեջանի հաղթանակով ավարտված պատերազմից հետո կնքված համաձայնագրի խախտման հետևանքով ստեղծված իրավիճակը: Ինչպես միշտ, ողջ աշխարհը պետք է իմանա, որ այս իրավիճակում էլ մենք Ադրբեջանի կողքին ենք: Հայաստանը չի կատարում Ղարաբաղյան պատերազմից հետո ստորագրված համաձայնագրի պայմանները և մշտապես ագրեսիվ կեցվածք է դրսևորում: Անկասկած, նման պահվածքը հայկական կողմի համար հետևանքներ կունենա: Մեր ցանկությունն է, որ Հայաստանը հնարավորինս շուտ հետ կանգնի այս սխալ ճանապարհից, իրագործի համաձայնագրի դրույթները, իր ժամանակն ու էներգիան օգտագործի խաղաղության ամրապնդման ուղղությամբ», - այսօր հայտարարել է Էրդողանը:
19:15
Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
«Ժամը 15:00-17:00 ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր: 16:40-ից սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին ինչի հետևանքով բռնկվել է հրդեհ, այս պահին այն մարվել է», - նշեց Թորոսյանը:
ՊՆ խոսնակը հավելեց, որ նշված ուղղությամբ ժամը 17:00-ից «թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է»:
18:55
ՀԱՊԿ առաքելության անդամների առաջին խումբը Հայաստան կժամանի վաղը, տեղեկացրել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Նրա խոսքով` սեպտեմբերի 15-ին Երևան ժամանող խումբը ղեկավարելու է ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կուղևորվի հաջորդ շաբաթ», - «Ինտերֆաքսին» տեղեկացրել են կազմակերպության մամուլի ծառայությունից։
17:19
Հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Նրանց այցելել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
17:17
Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է, խորհրդարանում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
17:00
«Բաքուն պատրաստ է Հայաստանին հանձնել վերջին երկու օրերին զոհված շուրջ 100 հայ զինծառայողների մարմինները», - սեպտեմբերի 14-ին հայտարարել է Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։
«Ադրբեջանը կոչ է անում Հայաստանին՝ դադարեցնել կրակը և պատրաստ է միակողմանիորեն հակառակ կողմին հանձնել հայ շուրջ 100 զինծառայողների մարմինները, որոնք զոհվել են սեպտեմբերի 12-ին և 13-ին», - նշված է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։
16:48 (14.09.2022թ.)
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեպ Թայիփ Էրդողանը այս շաբաթ Սամարղանդում քննարկելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալված բախումները։ Այս մասին Reuters գործակալությանը փոխանցել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
16:32
Միայն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ հստակ արձագանքը և համարժեք գնահատականը, ներառյալ միջազգային հանրության կողմից համապատասխան գործուն քայլերը կարող են կանխել նոր պատերազմը տարածաշրջանում, երեկ, ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, ասել է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը։
Նիստը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ։
16:07
Ժամի 15:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է, հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Ժամը13։00-ից սկսած, նրա փոխանցմամբ, ադրբեջանական կողմը սկսել է Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, կիրառելով ԱԹՍ-ներ ևս:
«Հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին», - հայտնեց խոսնակը` հավելելով, որ սրան զուգահեռ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը:
16:01
«Հայաստանը դիմել է Ռուսաստանին ռազմական դաշնագրի որոշ դրույթների կատարման խնդրանքով, քանի որ մեր երկրի տարածքային ամբողջականությունը վտանգված է», - Reuters գործակալության հետ զրույցում այսօր նշել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննսյանը։
Դիվանագետի խոսքով՝ Ադրբեջանի հետ բախումները կարող են վերածվել լայնածավալ պատերազմի։
16:00
«Լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միանշանակորեն պահպանվում է», - այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նաև հիշեցրել է, որ առաջիկայում տարածաշրջան է մեկնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած առաքելությունը։
15:35
«Ադրբեջանը շարունակում է պաշտպանել խաղաղ օրակարգը` որպես Բրյուսելում կայացած քննարկումների շարունակություն», - քիչ առաջ Բաքվում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
15:00
Ըստ ՄԻՊ հավաքագրած տվյալների՝ քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է:
Ադրբեջանական հարձակումից մինչ այս պահը առնվազն 2570 անձ տեղահանվել է իրենց տներից` Գեղարքունիքի ու Սյունիքի մարզի տարբեր համայնքներից։ Տեղահանվածների գերակշիռ մեծամասնությունը կանայք են, երեխաներ, տարեցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք, հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանը:
14:36
Հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերին կմեկնի Երևան և Բաքու՝ երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքները շարունակելու նպատակով, ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարը։
«Խաղաղ պայմանագրի մշակման հարցը կարևոր տեղ ունի հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված մեր ջանքերում։ Ռուսական օժանդակության պահանջվածությունը հաստատել են թե՛ Բաքվում, թե՛ Երևանում։ Մեզ համար, դա իհարկե, ահռելի պատասխանատվություն է, այլ ոչ թե ինքնագովազդ», - հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։
14:15
Ադրբեջանը հրապարակել է իր զոհերի անվանական ցանկը, հաղորդում է «Թուրան» գործակալությունը։
Վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ լրատվամիջոցը հաղորդում է, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերը սկիզբ առած մարտական գործողությունների ընթացքում զոհված 50 ադրբեջանցի զինվորականներից 10-ը լեյտանանտի կոչում ունեին,17-ը՝ սերժանտի, 3-ը՝ ենթասպայի։
14:00
Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների հետևանքով հայկական կողմն զոհեր ունի նաև քաղաքացիական բնակչության շրջանում, միջազգային գործընկերներին պաշտոնապես ուղղված դիմումում հայտնել է ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը գնդակոծում է հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի, Ջերմուկի և հարակից բնակավայրերի ուղղությամբ՝ կիրառելով անօդաչու թռչող սարքերի և ականանետեր, ինչպես նաև միտումնավոր թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները և գնդակոծում:
13։00
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդումը, թե սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։
«Սա հերթական ապատեղեկատվությունն է, որն, ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսի իրականացնելու համար», - նշում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Թորոսյանը վերահաստատեց՝ այս գիշեր ադրբեջանական զինված ուժերը, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, իսկ առավոտից սկսել ինտենսիվ հերտակոծություն՝ մասնավորապես թիրախավորելով Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։
12: 50
«Եթե տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ենք ուզում, ապա Հայաստանը պետք է հրաժարվի սադրանքներից, համագործակցության ու խաղաղությանը միտված անկեղծ քայլեր անի»,- այսօր վերստին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանը չէր կարող անպատասխան թողնել դրանք:
Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանային բախումները ցույց են տալիս, թե ինչքան փխրուն է իրավիճակը տարածաշրջանում:
«Ադրբեջանը Հայաստանին խաղաղության պայմանագիր է առաջարկել, որին Հայաստանը երկար ժամանակ չէր պատասխանում: Մեր խորհուրդներով, Եվրամիության միջնորդությամբ արտգործնախարարներին հանձնարարվեց աշխատանք տանել: Մյուս կողմից սահմանների ճշգրտման համար սահմանազատման հանձնաժողով ստեղծվեց», - ասել է Չավուշօղլուն՝ պնդելով, թե «չնայած սրան, Հայաստանը ժամանակ առ ժամանակ սարդանքների է գնում»
13։45
Ջերմուկ քաղաքի ուղղությամբ հրետանին աշխատում է, քաղաքում մուտքի ելքի ճանապարհը վտանգված է, «Ազատությանը» փոխանցեց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը՝ նշելով գուցե ճանապարհի անմիջապես ասֆալտապատ հատվածը դեռ չի վնասվել, բայց հարակից հարվածներ ստանում է։
Քաղաքացիական անձանց շրջանում այս պահի դրությամբ վիրավորներ չկան, ասաց փոխքաղաքապետը՝ նշելով՝ կանայք և երեխաները հիմնականում ինքնակամ դուրս են եկել քաղաքից։
«Առաջին պահից, երբ խնդիրը սկսել է, բնակչությունն ինքնակամ քաղաքը լքել է՝ ովքեր ցանկացել են, ովքեր չեն ցանկացել, քաղաքում են, օգտվում են ապաստարաններից, պայքարում են, կռվում են, ով էլ ցանկանում է քաղաքապետարանն աջակցում է, դուրս է բերում։ Եթե տրանսպորտի խնդիր ունեն, տրասնպորտի խնդիրն ենք լուծում, սննդի խնդիր ունեն, սննդի խնդիրն ենք լուծում, հագուստի՝ հագուստի, ուղղակի իրավիճակից ելնելով՝ մի քիչ շուտ մի քիչ ուշ», - ասաց Սարգսյանը։
12։30
Բաքուն պնդում է, թե անցած գիշեր և այսօր առավոտյան հայկական ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից և հրետանային կայանքներից գնդակոծել են Լաչինի և Քելբաջարի շրջանում գտնվող ադրբեջանական դիրքերը։ Այդ մասին այսօր առավոտյան հաղորդել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, թե այսպիսով հայկական կողմը «խախտել է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը»։
Գերատեսչությունը նաև պնդում է, որ «ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են համարժեք պատասխան քայլերի»։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ այսօր առավոտյան ժամը 8-ից Ադրբեջանի բանակը վերսկսել է նախահարձակ գործողությունները Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։
10:30
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։
Հայաստանի արտգործնախարարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ մեկնարկած հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Երկուստեք կարևորվել է Հայաստանի տարածքային ամբողջականության անվերապահ պահպանումը և հրադադարի ռեժիմի խիստ հարգումը:
Միրզոյանն անընդունելի է համարել խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղեկցվող Ադրբեջանի ռազմական գործողություններն ու առավելապաշտական նկրտումները, ասված է հաղորդագրությունում:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է միջազգային հանրության՝ այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերը ադրբեջանական ագրեսիայի դատապարտման և հետևանքների վերացման համատեքստում։
09:35
Ֆրանսիայի նախագահն ադրբեջանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում իր մեծ անհանգստությունն է արտահայտել հայ – ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների առնչությամբ՝ հատկապես հաշվի առնելով, որ ռմբակոծվում են հայաստանյան բնակավայրեր, հաղորդում է Ելիսեյան պալատը:
Հաղորդագրության համաձայն՝ երեկ կայացած հեռախոսազրույցում Էմանյուել Մակրոնն ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու հրատապ անհրաժեշտությունը:
Ֆրանսիայի նախագահը նաև պնդել է, որ անհրաժեշտ է շարունակել ու ինտենսիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ջանքերը, և վերահաստատել է բոլոր գործընկերների, մասնավորապես՝ Եվրամիության հետ դրանց աջակցելու պատրաստակամությունը, ասված է հաղորդագրությունում:
09:30
Մոսկվան սերտ կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ և միջոցներ է ձեռնարկում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շուտափույթ կայունացնելու համար, «Նովոստի» գործակալությանն ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Դենիս Գոնչարը։
09:12
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ – ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ, այսօր առավոտյան հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
«Մասնավորապես, Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր: Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր ժամը 8-ից սկսած հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ մասնավորապես Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով», - ասաց Արամ Թորոսյանը:
Հայաստանի Զինված ուժերը ձեռնարկում են համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները, նշեց խոսնակը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստեղծված իրադրության և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, իր հերթին, պնդում է, թե «հայկական կողմը, չնայած կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությանը», գիշերը և այսօր առավոտյան հրետակոծել է Լաչինի և Քելբաջարի շրջանում իրենց դիրքերը:
03:47, 14.09.2022
Միացյալ Նահանգներն էական փաստեր է տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքն ու զգալի վնաս հասցնում երկրի ենթակառուցվածքներին, ամենօրյա ճեպազրույցի ընթացքում լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը: Նեդ Փրայսը շեշտել է՝ ամերիկյան կողմի համար ամենակարևոր այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հանձնառու լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը։
Խոսնակը հիշեցրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր հարցերի կարգավորման գործում։
23:59
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարող է մեկնել հակամարտության գոտի, հայկական կողմի նախաձեռնված դաշինքի արտահերթ գագաթաժողովից հետո հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից՝ նշելով՝ առաջնորդների հեռավար հանդիպման ընթացքում առաջարկվել են այն քայլերը, որոնք հնարավոր է անհապաղ ձեռնարկել։
«Դրանց թվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մեկնումը հակամարտության գոտի՝ պետությունների առաջնորդների համար մանրամասն զեկույց պատրաստելու, և ՀԱՊԿ քարտուղարության անձնակազմից ու ՀԱՊԿ միասնական շտաբից աշխատանքային խմբի ստեղծումն է՝ իրավիճակը վերլուծելու և առաջարկներ մշակելու համար», - նշված է հայտարարության մեջ։
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը գագաթաժողովին հայտարարել է, թե Մինսկը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:
23:51
Ֆրանսիան հայ - ադրբեջանական հակամարտության հարցով խորհրդակցություններ կանցկացնի, հայտարարել է երկրի արտգործնախարարությունը։
«Ֆրանսիան այս հարցը կտանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որտեղ նախագահում է այս ամիս։ Արտգործնախարար Կատրին Կոլոննան ծրագրում է քննարկումներ անցկացնել շահագրգիռ բոլոր կողմերի հետ», - այսօր հաղորդել է դիվանագիտական գերատեսչությունը, հավելելով՝ Ֆրանսիան հանդես է գալիս վիճահարույց բոլոր հարցերը բացառապես բանակցություններով լուծելու օգտին։
23:50
Միջազգային իրավական հարցերի ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմից մի անձ է գերեվարվել:
«Ցավոք սրտի, ունենք մեկ գերեվարված անձ», - ասաց Կիրակոսյանը, շարունակելով` շրջանառվում է տեսագրություն, որտեղ «երևում է վիրավորված մեր հայրենակիցը, որը գերեվարված է և ադրբեջանական վերահսկողության ներքո է, և որի իրավունքների պաշտպանության նպատակով մենք արդեն ներկայացրել ենք դիմում Եվրոպական դատարան»:
Դիմումով պահանջվում է Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց, «ապահովել մեր հայրենակցի իրավունքները և ֆիզիկական անձեռնմխելիությունը մինչև նրա հայրենադարձումը»:
23:02
Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնում է, որ դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը:
«Եվրոպական դատարանից պահանջել ենք նաև կիրառել իր կանոնադրության 39-րդ կանոնի 2-րդ կետը և անհապաղ ծանուցել որոշման մասին ԵԽ Նախարարների կոմիտեին», - ասված է հաղորդագրությունում:
22:40
Սպիտակ տունը քաջալերում է Հայաստանին ու Ադրբեջանին ուղիղ երկխոսություն հաստատել, այսօր հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Ինչպես երեկ պետքարտուղար Բլինքենն է հայտարարել, մենք մնում ենք խորապես մտահոգված հայ - ադրբեջանական սահմանին շարունակվող հարձակումների մասին հաղորդումների, այդ թվում՝ Հայաստանի ուղղությամբ գնդակոծությունների և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների առնչությամբ։ Մենք ակտիվ շփումների մեջ ենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կառավարությունների հետ՝ տեսնելու, թե ինչ կարող ենք անել բռնությունները դադարեցնելու համար։ Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել թե՛ նախագահ Ալիևի, թե՛ վարչապետ Փաշինյանի հետ», - ընդգծել է Քիրբին:
«Մենք տևական ժամանակ հայտարարել ենք, բայց կարևոր է կրկնել, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կոչ ենք անում խուսափել հավելյալ բռնություններից։ Մենք նաև հորդորում ենք երկու կառավարություններին հաստատել շփման ուղիղ միջոցներ, այդ թվում՝ դիվանագիտական և ռազմական խողովակներով, և հանձնառու մնալ ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
22:34
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Նիստում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀԱՊԿ հետագա քայլերը: Ընդունված որոշումների վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես կգա ՀԱՊԿ քարտուղարությունը, փոխանցում է պաշտոնական աղբյուրը:
22:20
Ժամը 21-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Այդուհանդերձ, ՊՆ խոսնակը նշեց, թե հայկական դիրքերի, բնակավայրերի, քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության և Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է:
Արամ Թորոսյանը նաև հերքեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե իբր Հայաստանի զինված ուժերը խախտել են այսօր ժամը 9-ից սկսած հրադադար հաստատելու մասին պայմանավորվածությունը՝ հրետակոծելով ադրբեջանական դիրքերը:
«Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության այս հայտարարությունը բացահայտ անհեթեթություն է, քանի որ կեսգիշերից սկսած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ոչ մի րոպե չեն դադարեցրել հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծությունն ու գնդակոծությունը», - նշեց ՊՆ խոսնակը՝ հայտարարելով, որ Պաշտպանության նախարարությունը բացառապես պատասխանել է պաշտոնական Բաքվի «սանձազերծած լայնածավալ ագրեսիային»:
21:42
Հնդկաստանն «ագրեսոր կողմին» կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին, լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնել է այդ երկրի արտաքին գերատեսչության խոսնակ Շրի Արինդամ Բագչին (Shri Arindam Bagchi)՝ առանց հստակեցնելու, թե, մասնավորապես, կոչը որ կողմին է ուղղված։
«Մենք տեսել ենք 2022 թվականի սեպտեմբերի 12/13-ին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին հաղորդումներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորումը։ Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակը՝ նշելով՝ երկկողմ վեճերը պետք է կարգավորվեն դիվանագիտական երկխոսության միջոցով։
«Որևէ հակամարտություն ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք խրախուսում ենք կողմերին, որպեսզի հետամուտ լինեն բանակցություններին՝ հասնելու համար կայուն և խաղաղ լուծմանը», - ասել է արտաքին գերատեսչության խոսնակը։
21:28
Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով սահմանային բախումներն ու լարվածությունը տարածաշրջանում:
Ադրբեջանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, Ջեյհուն Բայրամովը Սերգեյ Լավրովին է ներկայացրել վերջին իրադրությունը, որը ծագել է, իր ներկայացմամբ, «Հայաստանի զինված ուժերի լայնամաշտաբ սադրանքների հետևանքով», ինչպես նաև «Ադրբեջանի ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումները»:
21:27
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած բախումներում իր 50 զինծառայողների զոհվելու մասին:
Հաղորդագրության համաձայն՝ զոհվածներից 42-ը զինծառայողներ են, 8-ը՝ սահմանապահներ:
Հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 49 զոհի մասին:
21:00
Ադրբեջանի արտգործնախարարությունում հանդիպում է կայացել երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ, որի ժամանակ նախարար Ջեյհուն Բայրամովը և նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օտարերկրյա դիվանագետներին են ներկայացրել գիշերվանից սրացած սահմանային իրավիճակը և Ադրբեջանի ձեռնարկած գործողությունները:
20:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ քայլեր ձեռնարկել սահմանային լարվածությունը թուլացնելու համար։
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է սահմանին վերսկսված բախումների մասին հաղորդումներով։ Անտոնիո Գուտերեշը կոչ է անում կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը մարելու ուղղությամբ, առավելագույն զսպվածություն ցուցաբերել և առկա բոլոր հարցերը լուծել երկխոսության և առկա ձևաչափերի միջոցով», - այսօր ասել է նրա խոսնակը։
20:30
Մինսկը հորդորում է «բարեկամ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին» զսպվածություն ցուցաբերել և հետևել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին։
20:35
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը, ասվում է կառույցի տարածած հայտարարության մեջ:
ԵԱՀԿ-ն ղեկավարող Լեհաստանի արտգործնախարարն ասել է, որ դիվանագիտական ճանապարհով մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը չպետք է մսխվի։
20:14
Ադրբեջանի նախագահն այսօր Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։
Ըստ պաշտոնական «Ազերթաջ» գործակալության, «հանդիպմանը քննարկվել են Հայաստանի կողմից ձեռնարկված լայնածավալ սադրանքները», Ալիևը կրկին պնդել է, թե Ադրբեջանը «պատասխան քայլեր է ձեռնարկել», և կատարվածի ողջ պատասխանատվությունը դրել հայկական կողմի վրա։
«Կողմերը ընդգծել են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության օրակարգը շարունակելու կարևորությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահական նստավայրը։
Բաքուն Ռիքերին ներկայացնում է որպես Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական` չնշելով նրա պաշտոնը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։
20:00
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, թե մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է փորձել «պղտորել ջրերը» Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունում: Ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնը հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։
19:50
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներում փոխանցել է, որ «Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայ - ադրբեջանական սահմանի երկայնքով»: Այդ մասին Պետքարտուղարը տեղեկացնում է Թվիթերում արած գրառումներով:
19:22
Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ, հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Չնայած իրավիճակի կայունացման մասին վաղ է խոսել, սակայն կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է, հավելեց նա:
«Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղաղացում ապահովել, մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ», - նշեց ռազմական գերատեսչության խոսնակը:
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են, ասաց նա: Առավոտյան վարչապետ Փաշինյանը առնվազն 49 զոհի մասին էր հայտնել:
Արամ Թորոսյանն ասաց նաև, որ ադրբեջանական կողմը թիրախավորում է սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
18:25
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմում է միջազգային գործընկերներին՝ դատապարտելու ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններն ու սադրանքները, կոչ անելով միջազգային իրավունքի նորմերին համաձայն հարկադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքի և բռնության սանձազերծման գործելաոճից:
Հայտարարության մեջ նախագահը նշում է, որ ակնկալում է` ՀԱՊԿ գործընկերները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ համապատասխան կառույցները ու միջազգային հանրությունը միասնական՝ համարժեք և հասցեական գնահատականներ կհնչեցնեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար՝ տարածքային ամբողջականության սկզբունքի կոպտագույն խախտման, խաղաղության օրակարգի խաթարմանն ուղղված ագրեսիայի վերաբերյալ:
17:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը անդրադարձել են «Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիային և ստեղծված իրավիճակի հաղթահարմանը վերաբերող հարցերի»:
Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Փաշինյանն ու Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Վարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:
17:28
Իրավիճակը լարված է, ինտենսիվ մարտեր են ընթանում, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Ըստ նրա` Սոթքի, Վերին Շորժայի, Ախպարաձորի հատվածներում դեռ գիշերը սկսված բախումները շարունակվում են: Տարհանում, սակայն, չի կատարվել. «Մտել ենք բնակավայրեր, ովքեր ուզեցել են դուրս գալ, օգնել ենք` դուրս գան, ովքեր ուզեցել են պատսպարվեն, ապաստարաններում տեղ ենք տվել, որպեսզի պատսպարվեն»:
«Առավոտյան որոշակի ժամանակ` գրեթե 40 րոպե եղել է, որ կրակոցներ չեն հնչել, այնուհետև նորից սկսվել են կրակոցները ու մինչև այս պահը շարունակվում են», - նշեց նա:
Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների մասին տվյալներ մարզպետը չուներ, ասաց` վիրավորներ կան զինված ուժերի կազմում, նրանք տեղափոխվել են Մարտունիի ԲԿ, ապա Երևան:
«Ժամը 3-4-ի կողմերն ունեցած տեղեկություններով` մոտավորապես 43 հոգի: Եղել են ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնց տեղափոխել ենք Երևան: Առավոտվա տվյալներով` ունեինք 4 զոհ, դրանից հետո որևէ այլ տվյալ չունենք», - ասաց Կարեն Սարգսյանը:
17:01
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն առցանց քննարկումներ է ունեցել Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական շարունակվող հարձակման հետևանքով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում տիրող իրավիճակի փաստերը:
Պաշտպանն առանձին քննարկումներ է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչի, ապա նաև ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողի ու հանձնաժողովի քարտուղարության հետ։
16:52
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:
ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ Միրզոյանը շեշտվել է, որ «ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներ»։
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է Ադրբեջանի գործողությունների հասցեական և համարժեք միջազգային արձագանքի անհրաժեշտությունը:
16:31
ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստին Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը, դիմելով ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներին, հայտարարել է, որ հայկական կողմն ակնկալում է նրանցից գործուն հավաքական քայլեր ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման համար՝ կազմակերպության կանոնադրության շրջանակներում՝ վստահություն հայտնելով, որ «ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին»։
Բիյագովն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները համարվում են Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպիտ խախտում, իսկ իրավիճակը կարող է հանգեցնել լայնամասշտաբ զինված հակամարտության:
16:01
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ուղևորվում է Հայաստան ու Ադրբեջան, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ջոզեպ Բորելը՝ նշելով, որ եվրոպացի պաշտոնյան տարածաշրջան է մեկնում՝ աջակցելու անհրաժեշտ դեէսկալացիային և քննարկելու Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև բրյուսելյան երկխոսության գործընթացի հաջորդ քայլերը։
Եվրամիության արտգործնախարարը հայտարարության տեքստում խոսել է ռազմական գործողությունների դադարեցման ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտության մասին։
15:54
Ադրբեջանի նախագահը խորհրդակցություն է անցկացրել զինված ուժերի ղեկավարության հետ՝ քննարկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:
Նախագահական գրասենյակի փոխանցմամբ, խորհրդակցությանը, որին մասնակցել է նաև պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Իլհամ Ալիևին զեկուցվել է՝ «երկու երկրների սահմանին հայկական զինված ուժերի սադրանքները կասեցվել են, բոլոր անհրաժեշտ առաջադրանքներն ու հանձնարարությունները կատարվել են»:
Ընդգծվել է, որ «առաջացած լարվածության ողջ պատասխանատվությունը Հայաստանի քաղաքական ղեկավարությունն է կրում»:
15:50
ՆԱՏՕ-ն հորդորում է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և հապշտապ գնալ լարվածության թուլացման։
«Մենք խիստ մտահոգված ենք Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի կրակոցներով և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել դրանք»,- Թվիթերում գրել է ռազմական դաշինքի Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
15:45
Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանն այս պահին ապահովված է արյան բաղադրամասերով, բայց առավոտից շարունակում են արյան դոնորների ընդունելությունը, «Ազատությանն» ասաց կայանի տնօրեն Արթուր Առաքելյանը։
«Արյան բոլոր խումբ ռեսուրսի բաղադրությամբ արյան բաղադրություններով ապահովված ենք, բայց առավոտյան ժամը 10-ից մինչև հիմա դոնորների ենք ընդունում։ Արյունը վերցնում ենք 18 տարին լրացած առողջ քաղաքացիներից, կան մշտական և ժամանակավոր հակացուցումներ և այդ պահանջները բավարարելուց հետո նոր սկսվում է արյունատվությունը»,- «Ազատությանը» փոխանցեց Արթուր Առաքելյանը։
15:40
Հայաստանի և Ադրբեջանի միջև անցած գիշեր տեղի ունեցած ռազմական բախումը վտանգավոր էսկալացիա է, որը պետք է դադարեցվի, հայտարարել է Եվրամիության արտգործնախարարը։
«Մենք հորդորում ենք անմիջապես դադարեցնել բռնությունները և վերադառնալ բանակցությունների։ ԵՄ-ն կապի մեջ է երկու կողմի հետ՝ դեէսկալացիային նպաստելու համար»,- Թվիթերում գրել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ջոզեպ Բորելը։
15:16
Ժամը 14։0-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ չնայած հրատակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը ադրբեջանական կողմը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։
Հայաստանի Զու ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները, ասված է հայտարարւթյունում։
Նախարարությունը նշում է, որ ադրբեջանակն ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչ հետևանքում վիրավորներ կան նաև քաղաքացիկան անձանց շրջանում։
15:15
Հայաստանի նախաձեռնությամբ այսօր Երևանի ժամանակով 19։00-ին տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
15:12
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ և իր վրաց գործընկերոջը ներկայացրել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ «Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը»:
Իրակլի Ղարիբաշվիլին, Հայաստանի կառավարության փոխանցմամբ, կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը՝ հավելելով, որ Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը դրան նպաստելու համար:
15:08
Ազգային ժողովն առանց ընդդիմության 65 կողմ, առանց դեմ ու ձեռնպահ ձայների ընդունեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը:
Նախագիծն ԱԺ ամբիոնից ներկայացնող իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նախքան քվեարկությունն ասաց, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ չունեցան միասնականություն։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրել էին առանձին առաջարկությունների փաթեթներ։ «Հայաստան» խմբակցության» ներկայացրած առաջարկների փաթեթն ուղղակիորեն վերաբերելի չէր երեկ սանձազերծված ագրեսիվ գործողություններին։ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած առաջարկների մի մասը վերաբերելի էր որոշ մասով ստեղծված վիճակին, և մենք պատրաստ էինք մասնակիորեն հաշվի առնել առջարկները նշված հայտարարության մեջ։ Ընդ որում ուզում եմ հստակ նշել, որ մեզ համար չափազանց կարևոր էր ունենալ միանականություն խորհրդարանական բոլոր խմբակցությունների միջև։ Ցավոք դա չհաջողվեց», - հայտարարեց Վարդանյանը։
15:05
Պաշտոնական Անկարան Երևանին մեղադրում է սահմանային սադրանքների համար և հորդորում վերադառնալ բանակցությունների, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ պնդելով, թե Հայաստանը խաղաղության հնարավորությունից օգտվելու փոխարեն սադրում է:
«Հայաստանը պետք է դասեր քաղի և խաղաղություն ուզի: Ադրբեջանը խաղաղության պայմանագիր է առաջարկել, որին մենք աջակցում ենք: Պետք է որոշել սահմանները, դրա համար համատեղ հանձնաժողով է ստեղծվել: Սրա վրա կենտրոնացեք, դուրս եկեք Ղարաբաղից», - նշել է արտգործնախարարը:
14:17
Ռուսաստանի նախագահը «գործադրում է բոլոր ջանքերը» հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու համար, հայտարարել է Կրեմլի խոսնակը։
Դմիտրի Պեսկովը նշել է, որ անցած գիշեր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ:
«Զրույցի շրջանակներում այժմ աշխատանքներ են տարվում փորձագիտական մակարդակով, երբ այդ աշխատանքը արդյունքներ տա, կտեղեկացնենք»,- ասել է Պուտինի խոսնակը առանց հավելյալ մանրամասների։
«Բնականաբար, նախագահը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի նպաստի սահմանին ստեղծված լարվածության թուլացմանը»,- հավելել է Պեսկովը։
Երբ լրագրողները հարցրել են՝ արդյոք Մոսկվան մտադի՞ր է ինչ-որ քայլեր ձեռնարկել Երևանից ՀԱՊԿ ուղարկված դիմումի առնչությամբ, Պեսկովն ասել է. «Այս պահին ավելին չէի ուզենա ասել, քանի որ այժմ աշխատանքներ են իրականացվում, տարբեր համաձայնությունների և այլնի առնչությամբ, ես չէի ուզենա վաղաժամ ինչ-որ բան ասել, քանի դեռ համաձայնությունների գործընթացը չի ավարտվել»։
14:09
ՀԱՊԿ-ը հայտարարում է, թե գործարկել է կազմակերպության մեխանիզմները՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար։
«Հայաստանի կողմից ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդին ներկայացված դիմումի առնչությամբ ՀԱՊԿ-ի համատեղ շտաբի հետ աշխատանքներ են իրականացվում՝ կազմակերպության մեխանիզմները գործարկելու համար», - հայտարարել է քարտուղարությունը։
Թե ինչ մեխանիզմների մասին է խոսքը, և ինչ քայլեր են հետևելու այս քննարկումներին՝ չի հաղորդվում։ Կազմակերպությունը միայն նշում է, թե անընդունելի է համարում ուժի գործադրումը։
13:35
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ։
Նախարարը զրուցակցին է ներկայացրել կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները, ասված է Արտգործնախարարության հաղորդագրությունում:
13։18
Պաշտոնական Անկարան շարունակում է աջակցել Բաքվին՝ Հայաստանին մեղադրելով սադրանքների գնալու համար:
Իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը Թվիթերում գրել է, թե «Հայաստանը պետք է վերջ տա սադրանքներին և հարձակվողականությանը»:
«Խաղաղությունը բոլորի օգտին է: Այսօր Հայաստանին բախումների հրահրած շրջանակները իրենց շահի վրա են կենտրոնացած: Հայաստանը պետք է հարգի Ադրբեջանի ճանաչված իրավունքներն ու շահերը»,- գրել է Չելիքը:
13։15
Պաշտոնական Մոսկվան «ծայրահեղ մտահոգված է» հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ և կողմերին կոչ է անում՝ զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը։
Այսօր տարածած հաղորդագրությամբ, Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է՝ «սերտ կապի մեջ են Բաքվի և Երևանի հետ»։
«Հայաստանի ղեկավարությունից ստացվել է դիմում՝ երկկողմ պայմանագրերին համապատասխան և ՀԱՊԿ-ի միջոցով իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով»,- հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն։
Պաշտոնական Մոսկվան հավելում է՝ Երևանի և Բաքվի միջևվիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։
13:11
ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանը կոչ է անում անհապաղ նվազեցնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, գրված է կառույցի թվիթերյան պաշտոնական էջում։
Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի։ Չի կարելի վատնել դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված հաջողությունները»,- ասվում է տեքստում։
ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել հակամարտության տևական լուծմանը։
12։37
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեկնարկած լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակը։
Արարատ Միրզոյանը տեղեկացրել է Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերն, այդ թվում՝ Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմելու մասին՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու և դրա հետևանքները վերացնելու նպատակով։
12։30
Հայաստանի դիմումի առիթով այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ, Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ 1997 թվականի «Բարեկամության փոխօգնության մասին» պայմանագրի հիման վրա դիմել են Ռուսաստանին և որոշում են կայացրել դիմել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ իրավիճակը հրատապության կարգով քննարկելու համար։
12:07
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Ըստ Հայաստանի կառավարության, վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ իրականացվող սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ:
Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է, և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին:
Իրանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, և պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է:
«Իրանի նախագահը հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո», - նշված է հաղորդագրությունում:
Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:
12:01
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներին է ներկայացրել իրավիճակը հայ - ադրբեջանական սահմանին:
Պաշտոնական Բաքուն Հայաստանին մեղադրում է «սադրանքների և մի քանի ուղղություններով կրակ բացելու» մեջ՝ պնդելով, թե «Երևանը այսպիսով փորձում է ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ այդ կերպ դանդաղեցնելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման լայնածավալ աշխատանքները»:
Ադրբեջանի արտգործնախարարությունը ևս հայտարարություն է տարածել՝ հայկական կողմին մեղադրելով «իրավիճակի սրման և իրադրության ապակայունացման համար»:
«Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում էր կարգավորման գործընթացը, ապակառուցողական դիրքորոշում էր ցուցաբերում միջազգային ջանքերով անցկացվող բանակցությունների նկատմամբ, զինված միավորումները դուրս չէր բերում Ադրբեջանի տարածքից՝ ի հեճուկս եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների և ձեռք բերված համաձայնությունների, ինչպես նաև շարունակել է ականներ տեղադրել, այդ թվում՝ վերջերս Լաչինի տարածքում:
Հաղորդակցական ու տրանսպորտային ուղիների բացման համար Հայաստանի կողմից նոր նախապայմանների առաջ քաշումը և գործընթացի ձախողումը, ինչպես նաև խաղաղության օրակարգից հրաժարվելն ի ցույց է դնում, որ Հայաստանը հետաքրքրված չէ խաղաղության գործընթացում և նպատակ ունի հարված հասցնել դրան», - ասված է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:
11:48
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին լարվածության առնչությամբ և երկու կողմերին կոչ է արել լուծել վեճերը խաղաղ ճանապարհով։
Զսպվածության և երկու երկրների միջև վեճերը խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքի հիման վրա լուծելու կոչ անելով՝ իրանցի բարձրաստիճան դիվանագետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանի համար անթույլատրելի է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններում որևէ փոփոխություն։
Նա նաև հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ ցանկացած օգնություն ցուցաբերելու երկու հարևան երկրների միջև վեճերը լուծելու համար։
11:47
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հայ - ադրբեջանական սահմանային բախումներին:
Տոյվո Կլաարը մասնավորապես գրել է. - «Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերը և ինտենսիվ հրետակոծությունները, որոնց մասին հաղորդվում է, պետք է անհապաղ դադարեցվեն։ Եվրամիությունը սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ նպաստելու դեէսկալացիային»։
11:44
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել:
Մևլյութ Չավուշօղլուն Թվիթերում գրել է, թե Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են «հայկական սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին»:
«Հայաստանը պետք է դադարեցնի իր սադրանքները և կենտրոնանա Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների և համագործակցության վրա», - մասնավորապես գրել է Չավուշօղլուն։
Ջեյհուն Բայրամովն իր հերթին Թվիթերում գրել է, որ Չավուշօղլու հետ հեռախոսազրույցում «ընդգծվել է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման և ագրեսիայի դադարեցման կարևորությունը»։
11:43
Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները, Հայաստանի սուվերեն տարածքի ռմբակոծությունները և ուժի կիրառումը։
«Այս գործողությունները հանդիսանում են հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում», - հայտարարում է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ կոչ անելով միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ զերծ մնալով ամորֆ և անհասցե կոչերից ու գնահատականներից, կիրառել համապատասխան քայլեր ագրեսորի նկատմամբ։
11:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի, և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար, ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրությունում:
11:20
Հայ - ադրբեջանական սահմանին կեսգիշերից սկիզբ առած բախումներում հայկական կողմն առնվազն 49 զոհ ունի: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ թիվը ցավոք վերջնական չէ», - հավելեց վարչապետը:
10:55
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:
«Խորապես մտահոգված եմ հայկական տարածքի վրա ադրբեջանական հարձակումների մասին հաղորդագրություններով: Հայկական քաղաքների և անմեղ քաղաքացիների գնդակոծումն անօրինական է և անընդունելի: Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար բռնությանը: ԱՄՆ-ը պետք է անհապաղ դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին ուղղված ամբողջ աջակցությունը», - հայտարարում է Մենենդեսը:
10։46
Այսօր ժամը 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կպատասխանի պատգամավորների հարցերին, ինչպես նաև ելույթ կունենա և կներկայացնի իրադրությունը շփման գծում, ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նիստերը բոյկոտած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նիստերի դահլիճում են։
10։45
ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ամեն տեսակի օգնությունը՝ անհապաղ և ընդմիշտ, ֆեյսբուքում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։
«Հաղորդվում է, որ Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա», - գրել է կոնգրեսականը՝ սա որակելով «հրադադարի կոպտագույն խախտում և ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության վրա»։
10:43
Ադրբեջանական զինուժի դիրքային առաջխաղացման փորձը: Տեսանյութը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության։
10:35
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
Պապիկյանը ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, ասված է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական վարչության հաղորդագրությունում:
Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ:
10:20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 11-ին գնալու է Ազգային ժողով: Այս մասին խորհրդարանի նիստի սկզբում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը:
09:27
Այսօր ժամը 9:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ, և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում», - ասված է հաղորդագրությունում:
09։04
Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքններն ու պատուհաններն են վնասվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը՝ նշելով՝ վնասի չափը դեռ պարզ չէ։
Ըստ Խաչատրյանի՝ այս պահին գնդակոծությունը շարունակվում է։
08։40
Առավոտյան ժամը 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություն չի կրել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսկներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիակն ենթակառուցվածքները։
Ըստ նախարարության՝ սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, Ադրբեջանը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
08։15
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս մասին հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Կառավարությունից ստացած տեղեկատվությունը:
Ռուսաստանին և միջազգային կառույցներին դիմելու որոշում է կայացվել Անվտանգության խորհրդի գիշերը կայացած նիստում, որտեղ քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:
06:22
Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն, ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:
Պետքարտուղարը, որ նաև հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ, շեշտել է, որ ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին հաղորդումներով։
Նա նշել է, որ ինչպես ավելի վաղ պարզորոշ ասվել է, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ:
06:02
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը միջազգային հանրության համարժեք արձագանքի հույս է հայտնել, հայտնում են կառավարությունից:
Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
05:46
Ժամը 05:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին մնում է նույնը, հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը: Նրա փոխանցմամբ` սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր:
Կորուստների վերաբերյալ տվյալները դեռ ճշտված չեն, ասաց գերատեսչության մամուլի խոսնակը:
05:43
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին և իր ռուսաստանցի գործընկերոջը` Սերգեյ Լավրովին ներկայացրել է «Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը», հայտնում է ԱԳՆ-ն:
Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:
ԱԳ նախարարը շեշտել է, որ հայկական կողմը ձեռնարկելու է հնարավոր բոլոր ջանքերը՝ ուղղված ադրբեջանական ագրեսիայի ետ մղմանը։
Սերգեյ Լավրովի հետ զրույցից այլ մանրամասներ չեն հաղորդվում:
05:15
Ադրբեջանական կողմի կրակոցներից Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը:
Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, նշում են Առողջապահության նախարարությունից` հավելելով, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել։
05:09
ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին և ներկայացրել ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում ստեղծված իրադրությունը, հայտնում է նախարարությունը:
Նշվել է, որ ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կիրառում է հրետանային տարբեր միջոցներ, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ԱԹՍ-ներ, թիրախավորվում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները, և որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
«Ընդգծվել է, որ լայնածավալ սադրանքի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - փոխանցում են պաշտպանական գերատեսչությունից։
04:37
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:
Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խո
04:33
Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ, դիրքային մարտերը շարունակվում են, փոխանցում է պաշտպանական կառույցը:
04:32
Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ադրբեջանական կողմի գործողությունների առթիվ: Ըստ իրավապահ կառույցի հաղորդագրության` իրականացվում է նախաքննություն։
Քրեական վարույթը նախաձեռնվել է երկու հատկանիշնեչով` առաջին` քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ կրոնական, կրթության, արվեստի, գիտության կամ բարեգործության նպատակների համար նախատեսված շենքերի, պատմական հուշարձանների, բժշկական հաստատությունների, հիվանդների կամ վիրավորների կենտրոնացման վայրերի կամ չպաշտպանվող տարածքների կամ ապառազմականացված գոտիների կամ չպաշտպանվող կամ ռազմական օբյեկտ չհանդիսացող այլ բնակավայրերի կամ շենքերի կամ շինությունների վրա հարձակումը, և երկրորդ` պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիա պլանավորելը, նախապատրաստելը, նախաձեռնելը կամ իրականացնելը:
Քննչական կոմիտեն նշում է, որ այսօր կեսգիշերն անց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, ինտենսիվ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
04:18
Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։
«Հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:
04:17
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անհանգստություն է հայտնում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի և Սոթքի ինտենսիվ հրետակոծության վերաբերյալ հաղորդումների առնչությամբ:
Թվիթերյան գրառման մեջ հեղինակավոր կազմակերպությունը «անմիջապես կրակը դադարեցնելու կոչ է անում և երկու կողմերին հորդորում է խաղաղ լուծում գտնել»:
03։33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:
Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով։ Խոր մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակով՝ Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:
03:31
Սյունիքի Քարաշեն գյուղի ուղղությամբ արձակված արկերից մեկն ընկել է գյուղի կենտրոնում գտնվող հանդիսությունների սրահի վրա: Նախնական տեղեկություններով` տուժածներ չկան:
Այս պահին կրակոցները շարունակվում են, սակայն դրանք ավելի հեռվից են լսվում:
03։19
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գիշերը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի Զինված ուժերի հետ ժամեր առաջ սկիզբ առած բախումներում սեփական կորուստների, նաև՝ ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին:
Պաշտոնական Բաքուն, այդուհանդերձ, տվյալներ չի հրապարակում:
03։15
«Հայաստան» դաշնքը դիմում է միջազգային հանրությանը՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները:
Դաշինքը ռազմավարական դաշնակից Ռուսաստանից ակնկալում է «հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում», ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված համանախագահող պետություններին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է անում՝ «անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխելու և դրանց համարժեք գնահատական տալու համար»:
«Ակնկալում ենք նաև մեր բարեկամ երկրների, հատկապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ ներգրավվածությունը՝ ադրբեջանական հանցավոր վարքագծին գնահատական տալու և Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար», - ասված է դաշինքի հայտարարությունում։
03:15
Ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, նրանց տվյալները ճշտվում են, հաղորդում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Ըստ Թորոսյանի` հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: ՊՆ խոսնակը հերքեց ադրբեջանական կողմի պնդումները, թե հրետակոծությունն սկսել են ՀՀ զինված ուժերը:
«Ավելին` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում», - շեշտեց նա` հիշեցնելով վերջին օրերին տարածվող հաղորդագրությունները:
Արամ Թորոսյանն ընդգծեց, որ վերջին լայնածավալ սադրանքը նախաձեռնել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
03:03
Հայկական կողմը ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են, հայտարարեց ՀՀ ՊՆ խոսնակը:
02:56
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ իրենց ստացած տեղեկություններով՝ թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է, որը նախորդիվ օրերի մանիպուլյատիվ տեղեկություններով նախապատրաստվում էր հարևան պետության կողմից։ Ապօրինի այս գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն», -նշված է տարածած հաղորդագրությունում։
ՄԻՊ-ն այս տեղեկությունները կուղարկի «միջազգային վերաբերելի գործընկերներին ու ցանցերին»։
02:52
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Փաշինյանը «մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով»:
Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի գործողություններն ու ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Զրուցակիցները պայմանավորվել են լինել օպերատիվ կապի մեջ, ասված է հաղորդագրությունում:
02:47
«Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ` իմ հրամանով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար», - Ֆեյսբուքում գրել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
02։45
Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման և առավել մասշտաբային գործողությունների սպառնալիքի ներքո՝ իր պայմաններով,«խաղաղության» պայմանագրի ստորագրման հասնել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
2:41
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում արկեր են ընկել, «Ազատության» հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը:
Ըստ նրա` այս պահին տեղում ինտենսիվ կրակոցներ են, երեխաներից ոմանց տարհանել են, մյուսներին դեռ չի հաջողվել: Ըստ նրա` Գեղամասարի այլ շրջաններում ևս նմանատիպ իրավիճակ է:
Սյունիքի Իշխանասար համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանն էլ հաղորդեց, որ կրակոցները շարունակվում են, զոհերի, տուժաների մասին տեղեկություն չկա:
«Անցած տարի որ 4 ժամ կրակոցներ եղան, նույն կրակոցներն են եղել:
Գյուղի ժողովուրդը ճիշտ է` դուրս է եկել գյուղամեջ, բայց առայժմ դուրս չեն գալիս», - ասաց նա` հավելելով, որ դաշտերում հրդեհներ են բռնկվել:
«Արդեն քաղած չոր խոտեր են, վառվում են, հրետանի է աշխատում», - նշեց նա:
02:21
Բաքուն հերքում է սեփական ինքնաթիռի խոցման մասին տեղեկությունները: Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե լուրերը, իբր Ադրբեջանի բանակը այսօր ռազմական ինքնաթիռ է կորցրել, իրականությանը չեն համապատասխանում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ռազմական գերատեսչությունը պնդում է, թե այդ մասին տեղեկություն էր տարածվել հայկական ալիքներով: Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, առայժմ պաշտոնապես չի հաղորդել ո՛չ սեփական, ո՛չ հակառակորդի կորուստների մասին:
02:06
Պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով՝ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է:
«Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը», - ասված է հաղորդագրությունում։
01։48
Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ շեշտելով՝ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։
01:36
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր:
01:30
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբերը մթության մեջ, օգտագործելով լեռնային տեղանքն ու կիրճերը, տարբեր ուղղություններով ականապատել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերի և մատակարարման ճանապարհների միջև ընկած տարածքները։
«Այս գործողությունները կանխելու նպատակով մեր ստորաբաժանումների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում տեղի է ունեցել ռազմական բախում»,-հայտարարում է Ադրբեջանի ՊՆ-ն և հավելում, որ հայկական կողմից կան կորուստներ անձնակազմի շրջանում, վնասվել են ռազմական ենթակառուցվածքներ։
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ «նման քայլերով Հայաստանը նպատակ ունի դանդաղեցնել ազատագրված սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի կողմից իրականացվող խոշոր քաղաքացիական ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և լարվածության մթնոլորտ պահպանել Ադրբեջանի սահմանների մոտ»։
01:01
Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:
Ըստ հաղորդագրության, Ադրբեջանը կիրառում է նաև անօդաչու թռչող սարքեր:
Այլ մանրամասներ ռազմական գերատեսչությունը դեռ չի հայտնում:
12:59
Հայ֊ադրբեջանական սահմանի մի շարք համայնքների, այդ թվում`Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզի բնակիչներն էին «Ազատությանը» ահազանգել կրակոցների ու ռմբակոծության մասին:
Վերին Շորժայի գյուղապետը «Ազատությանն» ասել է, որ ադրբեջանական բանակը «ինտենսիվ կրակ է բացել»,Վարդենիսից ևս հաղորդել են հրադադարի խախտման ու համայնքում լսվող պայթյունների մասին, կրակոցներ են լսվում նաև Ջերմուկում: «Ադրբեջանական զինուժը հարձակում է սկսել Կապանի ուղղությամբ, այդ թվում օգտագործելով անօդաչու թռչող սարքեր»,֊Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Գորիսում ևս հաղորդում են անօդաչուների մասին, բնակիչներից շատերը պատսպարվել են նկուղներում: