Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ի հետ զրույցում հայտարարել է, որ այս պահին պատրաստ չէ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Կրեմլը նույնպես բանակցությունների առաջարկ հրապարակավ չի արել։
Նախագահ Զելենսկու խոսքերով՝ Ուկրաինան չի նստի բանակցությունների այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը շարունակվում է։
«Նրանք համաձայնագրերով, բանակցություններով կսառեցնեն հակամարտությունը, կուժեղանան և կրկին առաջ կընթանան։ Սա է նրանց ռազմավարությունը՝ քայլ առ քայլ, դանդաղ, կտոր-կտոր մեզ ուտել։ Ես չեմ ցանկանում այդ խաղը խաղալ»,- հայտարարել է Զելենսկին՝ հավելելով, որ Մոսկվայի հետ պայմանագիր կարող է ստորագրել միայն Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական բոլոր տարածքները ազատագրվելուց հետո։
Վլադիմիր Զելենսկու հարցազրույցը հեռարձակվել է Խարկովի մարզում ուկրաինական զինուժի հաջողությունների մասին հայտարարությունների ֆոնին։
Կիևը պնդում է, որ ազատագրել է ռազմավարական նշանակության մի շարք բնակավայրեր։ Ռուսական կողմը նահանջը բացատրում է «զորքերի վերատեղաբշխմամբ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան հայտնում է Խարկովի մարզում նոր բնակավայրեր ազատագրելու մասին