Ուկրաինական կողմը հայտնում է Խարկովի ուղղությամբ առաջընթացի և գյուղեր ազատագրելու մասին

Այսօր օրվա երկրորդ կեսին Տելեգրամ ալիքներում լուսանկարներ հայտնվեցին, որտեղ ուկրաինացի զինվորները երկրի պետական դրոշով լուսանկարվել են Կուպյանսկ քաղաքի մոտ: Այս քաղաքը տրանսպորտային կարևոր հանգույց է Խարկովի մարզում:

Պատերազմող կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հաղորդում Կուպյանսկը կամ քաղաքի մատույցները ուկրաինական կողմից վերահսկողությանն անցնելու մասին: Ավելի վաղ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի փորձագետները հավանական էին համարել, որ ուկրաինացիները մոտակա ժամերին կգրավեն քաղաքը` նկատի ունենալով վերջին օրերին նրանց հաջող հակահարձակման տեմպերը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու փոխանցմամբ` սեպտեմբերի 1-ից սկսած հակահարձակման արդյունքում Ուկրաինան իր վերահսկողության տակ է վերադարձրել ավելի քան հազար քառակուսի կիլոմետր տարածք: Զինված ուժերն էլ, իրենց հերթին, նշել են, որ ավելի քան երկու տասնյակ գյուղեր ազատագրվել են միայն Խարկովի շրջանում:

Զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ Ալեքսանդր Շպուտունն այսօր ասել է, որ Խարկովի մարզում ուկրաինական ուժերը հաջող հակահարձակման են անցել` երեք օրվա ընթացքում առաջ շարժվելով 50 կմ: «Հետախուզության տվյալներով` հակառակորդը զգալի կորուստներ է կրել», - ասել է նա:

Խարկովի մարզի ռուսական վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչևը երեկ հայտարարել էր Կուպյանսկ քաղաքից և շրջանից, ինչպես նաև Իզյումի շրջանից բոլոր կանանց և երեխաներին տարհանելու մասին: Նա պատճառաբանել էր, որ սաստկացել են ուկրաինական կողմից հրետակոծությունները և հրթիռակոծումները, բայց հնարավոր է` նման որոշում ընդունելու պատճառը ուկրաինական ուժերի ցամաքային գործողություններն են, կարծում են փորձագետները, որոնք պնդում են, որ ռուսական թիկունքային շրջաններում խուճապային տրամադրություններ են առաջանում:

Ռուսական ռազմական գերատեսչության կողմից Խարկովում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների կորստյան վերաբերյալ որևէ մեկնաբանություն չկա, փոխարենը քաղաքական բնույթի մեկնաբանությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան: Ըստ էության, նա չի հերքել ուկրաինական ուժերի առաջխաղացումը, նշել է, որ ուկրաինական ուժերը ծայրամասային մի քանի գյուղեր են վերցրել: Նրա խոսքով` որևէ ճեղքման մասին խոսք լինել չի կարող, սակայն արևմտյան լրատվամիջոցներն արդեն թմբկահարում են, որ Ուկրաինան անցել է հակահարձակման, որին անհրաժեշտ է աջակցել արևմտյան զենքերի նոր մատակարարումներով: Նման կերպ ինֆորմացիան ֆոն է ստեղծվել ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման համար, ասել է դեսպանը:

Ռուսաստանի ՊՆ խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովն այսօրվա հաղորդագրությամբ ասել է, որ ուկրաինացիներն անհաջող գրոհների փորձեր են կատարել Նիկոլաևի մարզում: Նրա պնդմամբ` Դոնեցկի և Զոպորոժիե մարզերում ոչնչացվել են ամերիկյան ռեակտիվ համազարկային կրակի HIMERS համակարգ և M-777 հաուբից: Կոնաշենկովն ասել է նաև, որ ուկրաինական կողմը Կախովկայի ջրամբարի մյուս ափից հրետակոծում է Էներգոդարը, որտեղ գտնվում է Եվրոպայի ամենամեծ Զոպորոժիեի ատոմակայանը:

«Կիևի ռեժիմը շարունակում է սադրանքները Զոպորոժիեի ատոմակայանում` տեխնածին աղետի սպառնալիքներ ստեղծելու նպատակով», - նշել է նա` հավելելով, որ անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինական ուժերը վեց անգամ հրետակոծել են Էներգոդարը, «էլցանցը գնդակոծության հետևանքով վնասվել է, քաղաքը հոսանքազրկվել է»:

Ռազմաճակատի այլ հատվածների մասին Կիևը հայտնում է, որ Դոնեցկի շրջանում ուկրաինական ուժերը շարունակում են հետ մղել ռուսների գրոհները, մյուս շրջանները նախկինի պես ենթարկվում են ավիահարվածների և հրետակոծությունների, ռուսական ուժերը կրկին հրետակոծել են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը` Խարկովը, մարզային վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ անցած գիշերվա հրետակոծության հետևանքով Խարկովում երկու մարդ է զոհվել, ևս երկուսը զոհվել են այլ բնակավայրերում: