Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 96-ամյա թագուհի Եղիսաբեթ երկրորդի մահվան մասին Նորին Մեծության անձնական քարտուղարը կոդավորված հաղորդագրությամբ տեղեկացրել է վարչապետ Լիզ Թրասին:
Հաղորդագրության մեջ ընդամենը մեկ նախադասություն է՝ «London Bridge is down»՝ «Լոնդոնի կամուրջը փլուզվել է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վախճանվել է Մեծ Բրիտանիայի թագուհինՄիապետի մահվան, ինչպես նաև նոր միապետի հռչակման մասին կոդավորված հաղորդագրությունները բրիտանական ավանդույթներից են:
Հրաժեշտը հանգուցյալ միապետի և նոր թագավորի հռչակումն իրականացվում են նախապես հաստատված, մանրամասնորեն մշակված ընթացակարգով:
Անձնական քարտուղարը միապետի մահվան մասին հայտնում է նաև կառավարության քարտուղարին և թագուհուն կից Գաղտնի խորհրդին:
Դրանից հետո Բրիտանիայի արտաքին գերատեսչությունը միապետի մահվան մասին հաղորդում է 15 երկրների կառավարություններին, որտեղ Եղիսաբեթ երկրորդը համարվել է ի պաշտոնե պետության գլուխ:
Բացի այդ, միապետի մահվան մասին տեղեկությունը փոխանցվում է Բրիտանական Համագործակցության անդամ հանդիսացող 38 երկրների ղեկավարներին:
Բրիտանիայում կա ժամանակին Ֆրանսիայից ներմուծված կարգախոս՝ «The king is dead, long live the king»՝ «Թագավորը մեռավ, կեցցե՛ թագավորը»: Այդպես հռչակվում է թագավորական իշխանության անընդհատության սկզբունքը:
Նոր միապետ է դարձել թագուհու որդին՝ Չարլզը, նրա նոր անունն է Չարլզ երրորդ: Նրա գահակալության ընթացակարգի կոդային անունն է «Spring tide»՝ «Գարնանային ալիք»:
Երբ հանգուցյալ միապետի աչքերը փակում են, այդ պահից ժառանգն օրենքի ուժով հռչակվում է նոր թագավոր:
Այդ ժամանակ ընտանիքի բոլոր անդամները և սենյակում գտնվողները մոտենում են նոր միապետին և համբուրում են նրա աջը:
Պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ անմիջական ժառանգի փոխարեն գահը ստանձնել է հաջորդ թեկնածուն:
Այդպես էր հանգուցյալ թագուհու հոր պարագայում, երբ նրա եղբայրը՝ Էդուարդ ութերորդը, հրաժարվել է գահից, և թագավոր է հռչակվել Եղիսաբեթի հայրը՝ Ջորջ վեցերորդը: Նա չուներ արու զավակ, ինչը նշանակում էր, որ հաջորդ միապետը Եղիսաբեթը կլինի:
Միապետի մահվան կապակցությամբ թագավորության օրհներգի տեքստում փոփոխություն կլինի՝ «Աստված, պահպանիր թագուհուն» տողը հետայսու նորից կդառնա «Աստված, պահպանիր թագավորին»:
73-ամյա Չարլզ երրորդն ի պաշտոնե թագավոր կդառնա Գահակալության խորհրդի վճռով: The Times պարբերականի փոխանցմամբ, դա տեղի կունենա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 10-ին: Օրվա երկրորդ կեսին Չարլզ երրորդը կընդունի վարչապետ Լիզ Թրասին:
Սեպտեմբերի 9-ին երեկոյան եթեր կհեռարձակվի Չարլզ երրորդի առաջին ուղերձի տեսագրությունը:
Բուն թագադրության պաշտոնական արարողությունը կանկացվի Լոնդոնում՝ Սուրբ Ջեյմսի պալատում, սակայն օրը դեռ հայտնի չէ:
Եղիսաբեթ երկրորդի հուղարկավորությունը տեղի կունենա սգո շրջանից հետո, այն կարող է տևել 12-13 օր: Թագուհու աճյունը կամփոփվի Վինձորի ամրոցի տարածքում գտնվող թագավոր Ջորջ վեցերորդի մատուռում: