Բալմորալ դղյակում վախճանվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը` 96 տարեկան հասակում, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը։
Պալատն այսօր հայտնել էր, որ բժիշկները անհանգստացած են Եղիսաբեթ II-ի առողջական վիճակով և խորհուրդ են տվել նրան գտնվել բժիշկների հսկողության տակ:
Ավելի ուշ Շոտլանդիայի Բալմորալ դղյակ էին ժամանել նրա բոլոր երեխաները:
Մեծ Բրիտանիայում թագուհու մահվան կապակցությամբ սուգ է հայտարարված: Եղիսաբեթ Երկրորդի որդին` Ուելսի նախկին արքայազն Չարլզը կստանձնի երկրի ղեկավարի և թագավորի պաշտոնը:
Անցյալ տարվա հոկտեմբերից 96-ամյա թագուհին առողջական խնդիրներ ուներ, որոնց պատճառով դժվարանում էր քայլել և կանգնել:
Թագուհին գահ էր բարձրացել 1952 թվականին:
Նա Մեծ Բրիտանիայի ամենաերկարակյաց միապետն էր, երկիրը ղեկավարում էր ավելի քան 70 տարի։
Թագուհու ամուսինը` արքայազն Ֆիլիպը, մահացել էր շուրջ մեկուկես տարի առաջ:
Արքայազնն ամուսնացել էր Մեծ Բրիտանիայի արքայադստեր հետ 1947 թվականին՝ վերջինիս թագադրումից 5 տարի առաջ։ Ամուսիններն ունեն 4 զավակ, 8 թոռ և 10 ծոռ: