Վրաստանը մերժել է հերթական ռուսաստանցի լրագրողի մուտքը երկիր

Ռուսաստանցի լրագրող և բարերար Դմիտրի Ալեշկովսկի, արխիվ

Ռուսաստանցի լրագրող և բարերար Դմիտրի Ալեշկովսկու մուտքը Վրաստան արգելվել է: Այս մասին հայտնել է լրագրողի մայրը՝ հայտնի ընդդիմադիր հանրային գործիչ, պատմաբան Թամարա Էյդելմանը։

Վերջինիս խոսքով՝ Ալեշկովսկին կնոջ և դստեր հետ բնակվում է Թբիլիսիում, երկու օրով մեկնել էր Երևան, և հետդարձի ճանապարհին նրա մուտքն արգելվել է, ինչի պատճառով ստիպված վերադարձել է Հայաստան։

Վրաստանի իշխանությունները վերջին ամիսներին առանց բացատրության բազմաթիվ ռուս ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների թույլ չեն տվել մուտք գործել երկիր։

Վերջին օրերին նույն արգելքը սահմանվել է նաև ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մերձավոր թիմակից, փաստաբան Ֆյոդոր Տելինի նկատմամբ: