Սպանությունների և այլ հանցագործությունների համար մեղադրվող արզականցին կալանավորվել է. ՔԿ

Կալանավորվել է Արզական գյուղի 46-ամյա բնակիչը, ում մեղադրանք է առաջադրված երկու անձի սպանության, երկու անձի նկատմամբ սպանության փորձ և ավազակություն կատարելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանության Չարենցավանի բաժին է ներկայացել և ձերբակալվել Զորիկ Մելքոնյանը, ով կասկածվում է երկու անձանց սպանության և երեքի դանակահարության համար:

Մելքոնյանը «հայտնել է, որ կնոջը՝ Սեդա Պ.-ին և 34-ամյա Սոս Գ.ին սպանել է ինքը, ինչպես նաև դանակահարել ու մարմնական վնասվածքներ է պատճառել երեք անձի»:

Կոտայքի մարզի Արզական գյուղի տներից մեկում մեկ շաբաթ առաջ իրավապահներն Զորիկ Մելքոնյանի կնոջ դին էին հայտնաբերել՝ պարանոցը դանակով կտրած։ Իրավապահներն այս տուն էին մտել, երբ տղամարդը գիշերը կողքի տան ննջասենյակի պատուհանից ներս մտնելով դանակով հարձակվել էր հարևանների վրա, հետո հայտնաբերել էին արնաշաղախ կնոջ դին։

Հաջորդ ոճրագործությունն, ըստ Քննչական կոմիտեի, երեք օր անց էր՝ նույն մարզի մեկ այլ գյուղում։ Տղամարդու դանակի հարվածներից մահացել է գործընկերներից մեկը, մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվել։ Օրեր առաջ էլ տղամարդն, ըստ իրավապահների, Աբովյան քաղաքի բենզալցակայանում դանակով սպառնալով գումար ու սնունդ էր պահանջել։

Անցնող օրերին, քանի դեռ ենթադրյալ մարդասպանն ազատության մեջ էր, Արզականում վախի մթնոլորտ էր: