Գիշերը ոստիկանության Չարենցավանի բաժին է ներկայացել և ձերբակալվել Զորիկ Մելքոնյանը, ով կասկածվում է երկու անձանց սպանության և երեքի դանակահարության համար: Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը՝ նշելով, որ Արզական գյուղի 46-ամյա բնակիչը ներկայացել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի, Կոտայքի, Հրազդանի և Նաիրիի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում:
Մելքոնյանը «հայտնել է, որ կնոջը՝ Սեդա Պ.-ին և 34-ամյա Սոս Գ.ին սպանել է ինքը, ինչպես նաև դանակահարել ու մարմնական վնասվածքներ է պատճառել երեք անձի», - ասված է հաղորդագրությունում:
Քրեական վարույթը շարունակվում է:
Կոտայքի մարզի Արզական գյուղի տներից մեկում մեկ շաբաթ առաջ իրավապահներն Զորիկ Մելքոնյանի կնոջ դին էին հայտնաբերել՝ պարանոցը դանակով կտրած։ Իրավապահներն այս տուն էին մտել, երբ տղամարդը գիշերը կողքի տան ննջասենյակի պատուհանից ներս մտնելով դանակով հարձակվել էր հարևանների վրա, հետո հայտնաբերել էին արնաշաղախ կնոջ դին։
Հաջորդ ոճրագործությունն, ըստ Քննչական կոմիտեի, երեք օր անց էր՝ նույն մարզի մեկ այլ գյուղում։ Տղամարդու դանակի հարվածներից մահացել է գործընկերներից մեկը, մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվել։ Օրեր առաջ էլ տղամարդն, ըստ իրավապահների, Աբովյան քաղաքի բենզալցակայանում դանակով սպառնալով գումար ու սնունդ էր պահանջել։
Անցնող օրերին, քանի դեռ ենթադրյալ մարդասպանն ազատության մեջ էր, Արզականում վախի մթնոլորտ էր: