Որևէ մեկը չի կարող գնահատական տալ հրամանատարին, և առնվազն ազնիվ չէ Արզումանյանին մեղադրանք առաջադրել. Մովսես Հակոբյան

Միքայել Արզումանյանը կալանավորվել է

Կալանավորումից ժամեր անց իրավապահները նոր մեղադրանք առաջադրեցին գեներալ Միքայել Արզումանյանին՝ այս անգամ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության, իշխանության անգործության համար։ Քննչական կոմիտի հաղորդմամբ՝ զինվորական պաշտոնական անփութության մեջ արդեն իսկ մեղադրվող Արզումանյանը պատերազմի առաջին օրերին ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման է տվել, ինչի հետևանքով հակառակորդն առանց դիմադրության առաջացել և գրավել է բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է այդ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները, ունենալով գերիշխող դիրք՝ գրոհել է պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ։

44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանը այսօր երկու ամսով կալանավորվել էր մեկ այլ մեղադրանքով` Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնական անփութության համար։

Միքայել Արզումանյանը, արխիվ

Նախկին բարձրաստիճան զինվորականը, որն այժմ Արցախի նախագահի խորհրդականն է, Պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի պատերազմի վերջին օրերին` հոկտեմբերի 27-ին, երբ պատերազմում ծանր վիրավորվեց Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։

Ըստ Քննչական կոմիտեի` պատերազմի վերջին տասն օրերին՝ Շուշիի պաշտպանության ընթացքում, Արզումանյանի ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքն ու մատույցները, հայկական կողմն ունեցել է զոհեր և վիրավորներ։

Իրավապահների հաղորդմամբ՝ Արզումանյանը չի հանձնարարել զորք տեղակայել Շուշիի պաշտպանական բնագծի չպահվող հատվածում այն դեպքում, երբ իր ենթակայության տակ ունեցել է համապատասխան ներուժը։

Ամբողջ օրվա ընթացքում «Ազատությանը» չհաջողվեց Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանից կարծիք, դիրքորոշում լսել իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։ Նա հեռախոսին չի պատասխանում։

Արզումանյանն այս ամենին արժանի չէր. Մովսես Հակոբյան

Փոխարենը Արզումանյանին ճանաչող, Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը թեև խուսափեց ուղիղ գնահատականներ տալուց, բայց «Ազատության» հետ զրույցում անկեղծացավ՝ մի բանում վստահ է՝ Արզումանյանն այս ամենին արժանի չէր:

«Առնվազն ազնիվ չէ Արզումանյանին մեղադրանք առաջադրել, որովհետև ինքը բանակն ընդունեց այն պահին, երբ որ ամեն ինչ արդեն կանխորոշված էր: Երկրորդը` որևէ մեկը չի կարող գնահատական տալ հրամանատարին, այդ պահին ստեղծված իրավիճակում ինքը ճիշտ է որոշում կայացրել, թե սխալ: Ես ինքս ինձ այդպիսի, թեկուզ եղել եմ Արզումանյանի վերադասը, ինձ այդ իրավունքը չէի վերապահի, որ ասեմ` այդ պահին ճիշտ որոշում է կայացրել, թե սխալ, որովհետև հազար ֆակտորներ կան, որոնք ազդում են այդ պահին որոշման վրա», - ասաց Հարությունյանը:

Իրավապահները պնդում են՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը ներառյալ Արզումանյանի ստորագրությամբ օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացվել է վերահսկելի, մինչդեռ նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին արդեն հաջողվել էր ներթափանցել Շուշի։

Պատերազմի ավարտից հետո Շուշիի անկման մեղավորների փնտրտուքը շարունակվում է, սակայն մինչև օրս բարձրաստիճան որևէ այլ զինվորականի մեղադրանք չէր առաջադրվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպես ընկավ Շուշին. մեղավորների փնտրտուքը շարունակվում է

Շուշին չգրավվեց, այլ հանձնվեց, ընդդիմադիրների մի մասը իշխանությանն է ուղղում այս մեղադրանքը, իսկ ավելի կոնկրետ` անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետը հետպատերազմյան այս երկու տարիների ընթացքում տարբեր առիթներով մի քանի անգամ խոսել է Շուշիի անկման մասին։ Այս ապրիլին, օրինակ կառավարության գործունեության ծրագրի զեկույցի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում ասել էր, որ առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմը կանխել կամ կանգնեցնել:

«Մեզ ասում են` Շուշիի համար, Շուշին հանձնել ենք… մենք … պատերազմը Շուշիի համար է եղել, պատերազմը Շուշիի համար է եղել, ասում էին` կանգեցնեինք պատերազմը, ինչի՞ մենք չէինք մտածում կանգնեցնելու մասին պատերազմի, կամ կանխեիք պատերազմը, մենք չէի՞նք մտածում կանխելու մասին: Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել», - ասել էր նա:

«Քաղաքականությունը ազնիվ բան չէ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց նախկին բարձրաստիճան զինվորական Մովսես Հակոբյանը՝ շեշտելով` ինքը դրանով չի զբաղվում, բայց իր համար ակնհայտ է՝ քաղաքականությամբ փորձում են արդեն արվածն արդարացնել. «Քաղաքական հայտարարություն անում են, մնացածը` սկսում դրա տակ կառուցելը, ու սա վտանգավոր է: Կարծում եմ` այդ ոլորտից է դա», - նշեց նա:

44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքներով առավելագույնը 13 տարվա ազատազրկում է սպառնում։