Պուտինը չի մասնակցի Գորբաչովի վերջին հրաժեշտի արարողությանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչով, 2004թ.

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի վերջին հրաժեշտի արարողությանը։

Պեսկովի խոսքով՝ Կրեմլի ղեկավարն իր հարգանքի տուրքը մատուցել է այսօր առավոտյան՝ այցելելով Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, որտեղ մահացել է Գորբաչովը։

Միխայիլ Գորբաչովի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Մոսկվայի Սյունազարդ դահլիճում, նույն օրը տեղի կունենա նաև հուղարկավորությունը:

Առայժմ հստակ չէ՝ հուղարկավորությունը կրելո՞ւ է պետական բնույթ, Կրեմլը խուսափում է միանշանակ պատասխանել այդ հարցին։

«Կլինեն պետական հուղարկավորության տարրեր, կլինի պատվո պահակախումբ։ Կկազմակերպվի հրաժեշտ։ Տվյալ դեպքում այստեղ պետությունն աջակցություն կտրամադրի այդ թաղման կազմակերպման հարցում», - այսօր ասել է Կրեմլի խոսնակը:

Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահը մահացավ երկու օր առաջ՝ կյանքի 92-րդ տարում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մահացավ Միխայիլ Գորբաչովը