Մատչելիության հղումներ

Գորբաչովը երկակի հիշողություններ է արթնացրել Հայաստանում 


Խորհրդային Միության առաջին ու վերջին նախագահը երկակի հիշողություններ է արթնացնում Հայաստանում. մի կողմից՝ Միխայիլ Գորբաչովի հետ են կապում ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին սկիզբ առած ազատությունները, մյուս կողմից՝ հիշում են բալթյան հանրապետություններից մինչև Հարավային Կովկաս ու Կենտրոնական Ասիա բռնկված արյունահեղությունները։

Իրավապաշտան Վարդան Հարությունյանը խորհրդային շրջանի քաղբանտարկյալներից է, նա ութ տարի անցկացրել է ճաղերի հետևում։

Վարդան Հարությունյանը
Վարդան Հարությունյանը

«Տպագրվում էին այնպիսի գործեր, որոնք փակ էին կամ արգելված էին, շատ էր: Ինձ վրա ամենաշատը դա է տպավորվել, ես այդ ժամանակ աքսորում էի, Մագադանում էի գտնվում, բայց միևնույն է` նաև Մագադան էին հասնում այդ ազատության հովերը», - պատմում է իրավապաշտպանը:

1985թ.-ին ստանալով իշխանությունը` Միխայիլ Գորբաչովը վեց տարի գլխավորեց Խորհրդային Միությունը՝ նախ որպես իշխող Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, այնուհետև՝ որպես ԽՍՀՄ նախագահ։ Խորհրդային կայսրությունը ֆորմալ դադարեց գոյություն ունենալ 1991թ. դեկտեմբերին։

«Իհարկե, նրանց խնդիրը Խորհրդային Միությունը քայքայելը չէր, նրանք ուզում էին բարեփոխել այդ արհեստական պետությունը, Խորհրդային Միություն կոչվող արհեստական պետությունը փորձում էին բարեփոխել, բայց բարեփոխման ճանապարհին տապալեցին այդ երկիրը: Տապալման փուլում շատ բացասական դերակատարում ունեցան նրանք, մի դեպքում հրահրեցին ազգամիջյան բախումներ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Միջին Ասիայում», - ասում է Վարդան Հարությունյանը:

ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը և Էրիխ Հոնեկերը՝ ԳԴՀ Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը, ապրիլի 21-ին Արևելյան Բեռլինում, 1986 Արևելյան Գերմանիայի Սոցիալիստական միասնական կուսակցության 11-րդ համագումարի փակման նիստի ժամանակ
ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը և Էրիխ Հոնեկերը՝ ԳԴՀ Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը, ապրիլի 21-ին Արևելյան Բեռլինում, 1986 Արևելյան Գերմանիայի Սոցիալիստական միասնական կուսակցության 11-րդ համագումարի փակման նիստի ժամանակ

Հայաստանում այդ ժամանակահատվածը նախևառաջ ասոցացվում է Ղարաբաղյան շարժման, ղարաբաղյան հարցի հետ։ Իշխանությունը թողնելուց մոտ քսան տարի անց՝ 2010թ.-ի մարտին, լրագրողների հետ հանդիպմանը Գորբաչովն անկեղծացավ, թե իր օրոք Կրեմլն անգամ մտադիր էր կարգավիճակ տալ Լեռնային Ղարաբաղին, բայց իրեն «չեն լսել»։

Պատմաբան Աշոտ Սարգսյանը ոչ միայն Ղարաբաղյան շարժման հետազոտողներից է, այլև լինելով Մատենադարանի գիտաշխատող՝ 1980-ականների երկրորդ կեսին մասնակցում էր շարժմանը։

Աշոտ Սարգսյանը
Աշոտ Սարգսյանը

«Ինքը ցանկանում էր, որ դա չլինի, որովհետև դա խանգարում էր, դրա հետևանքով առաջանում էին նմանատիպ այլ շարժումներ` ժողովրդավարական, ոչ ազգայնական, այլ ժողովրդավարական, և բնականաբար այդ բոլոր ժողովրդավարական շարժումները, քանի որ խոսքը այցելության մասին էր, նաև պիտի ունենային ազգային դրսևորումներ, ազգայնական դրսևորումներ, և դա թուլացնում էր իշխանության հիմքերը», - նշում է նա:

Ղարաբաղյան շարժման ժամանակ էր, որ 1988թ. դեկտեմբերին տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Որպես ԽՍՀՄ ղեկավար Գորբաչովը Հայաստանում միայն մեկ անգամ է եղել. երկրաշարժից հետո ընդհատելով իր այցը ԱՄՆ՝ նա ժամանեց 25 հազար մարդու կյանք խլած աղետի գոտի։

Միխային Գորբաչովը Հայաստանում, 10 դեկտեմբերի, 1988թ.
Միխային Գորբաչովը Հայաստանում, 10 դեկտեմբերի, 1988թ.

Գյումրեցի Սուքիաս Ավետիսյանն այդ ժամանակ Լենինականի Մոսկովյան շրջկոմի կոմերիտմիության առաջին քարտուղարն էր։

«Ոնց որ ժողովրդի մոտ երկու տրամադրվածություն կար այդ ժամանակ իր նկատմամբ` մի կողմից դեռևս որպես հզոր երկրի ղեկավարի, որ պահանջ կար, որ օգնեին տեխնիկայով, որովհետև դեռ փլատակները, տեխնիկաները քիչ էին, չէին բավարարում, որպեսզի այդ փրկարարական աշխատանքներն իրականացնեն, նաև ցասումը կար իր նկատմամբ, որ դա արհեստական էր կազմակերպված և այլն», - հիշում է Ավետիսյանը:

Հայտնի սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի՝ խորհրդարանի վերջին գումարման պատգամավորներից է եղել։

«Երբ որ նրանք սկսեցին այդ փոփոխությունների շարժումը` «Պերեստրոյկան», ստացվում է, որ իրենք սկզբից չէին պատկերացնում ծավալները, չէին պատկերացնում ընթացքը, չէին պատկերացնում, թե ինչով կվերջանա այդ ամենը: Հաճախ պատրաստ չէին այդ հետևանքներին» Ղարաբաղյան շարժումը մեկն էր այդ երևույթներից, որին նրանք պատրաստ չէին: Սովետական միությունը պատրաստ չէր ներքին ընդվզումների և այդ ընվզումները հանգիստ լուծելուն», - շեշտում է Լյուդմիլա Հարությունյանը:

ԽՍՀՄ` Ստավրոպոլի օդանավակայանում հանդիպում են ԳԴՀ դաշնային կանցլեր Հելմուտ Կոլը և ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը, 16-ը հուլիսի, 1990թ.
ԽՍՀՄ` Ստավրոպոլի օդանավակայանում հանդիպում են ԳԴՀ դաշնային կանցլեր Հելմուտ Կոլը և ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը, 16-ը հուլիսի, 1990թ.

«Ազատության» զրուցակիցները միակարծիք էին՝ Գորբաչովը հակասական կերպար էր՝ մի կողմից փորձում էր ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել, բայց հենց նրա օրոք տեղի ունեցան արյունալի մի շարք իրադարձություններ, որոնք ԽՍՀՄ վերջին առաջնորդը չկարողացավ կանխել։

XS
SM
MD
LG