ՄԱԳԱՏԷ-ի թիմը այսօր կսկսի աշխատանքը Զապորոժիեի ԱԷԿ-ում

Ուկրաինա - ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին և նրա գլխավորած առաքելությունը Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի ուղեկցությամբ ժամանում են Զապորոժիե, 31-ը օգոստոսի, 2022թ.

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի թիմը ժամանել է Ուկրաինայի Զապորոժիե քաղաք, և սպասվում է, որ արդեն այսօր կսկսի իր աշխատանքը՝ ուսումնասիրելու, թե որքան անվնաս է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը ռազմական գործողությունների ֆոնին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ժամանել է Զապորոժիեի ատոմակայան

Գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հույս է հայտնել, որ կազմակերպությանը կհաջողվի մշտապես հետևել ԱԷԿ-ի աշխատանքին, նշելով, որ ատոմակայանի աշխատանքի միայն նախնական դիտարկումը մի քանի օր կտևի։

Ռուսաստանը, սակայն, իրարամերժ նշաններ է ուղարկում։ ԱԷԿ-ում Մոսկվայի նշանակած ներկայացուցիչները հայտարարել են, որ միջազգային գործակալության թիմը կարող է առավելագույնը 8 օր անցկացնել ատոմակայանում՝ ուսումնասիրելու իրավիճակը։ Այնինչ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Ռուսաստանի լիազոր Միխայիլ Ուլյանովը ողջունել է Զապորոժիեի ԱԷԿ-ում միջազգային աշխատանքային խմբի մշտապես մնալու հավանականությունը։

Ուկրաինա ներխուժած ռուսական զինված ուժերն օկուպացրել են Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը, և հարակից մարտական գործողությունների պատճառով միջուկային աղետի վտանգ է առաջացել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը հայտարարում է երկրի հարավում հաջող հակահարձակման մասին, իսկ Մոսկվան պնդում է, թե ուկրաինական հակագրոհը ձախողվել է