Ըստ Բաքվի՝ Հայաստանը վերադարձրել է Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած 138 ադրբեջանցիների մասունքներ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած 138 ադրբեջանցիների մասունքները, այսօր Բաքվում անհետ կորածների հարցերով համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովի ներկայացուցիչ Իսմայիլ Ախունդովը։

«Հայկական կողմը միայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո է փոխանցել մասունքները, որոնք պատկանում են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում ենթադրաբար 138 անհետ կորածների», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հաբիբ Միքայիլին նույն համաժողովում ելույթ ունենալով հայտարարել է, որ Հայաստանին և Ադրբեջանին առաջարկվել է անհետ կորածների հարցերով համատեղ հանձնաժողով ստեղծել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեխանիզմով:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր իր հերթին հայտարարել է, որ մինչ օրս «3890 ադրբեջանցիների ճակատագրեր անհայտ են»։ «Մենք կոչ ենք անում Հայաստանի վրա ճնշում գործադրել, որպեսզի կատարի միջազգային իրավունքի շրջանակներում պարտավորությունները», - ասել է Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Բաքվի` Երևանը դիակների մասունքներ է վերադարձրել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանին են փոխանցվել ԼՂ առաջին պատերազմում անհետ կորած 108 ադրբեջանցիների աճյունների մնացորդներ