Մատչելիության հղումներ

Ադրբեջանին են փոխանցվել ԼՂ առաջին պատերազմում անհետ կորած 108 ադրբեջանցիների աճյունների մնացորդներ


Ադրբեջանին են փոխանցվել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած 108 ադրբեջանցիների աճյունների մնացորդներ: Այդ մասին Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով նաև, որ առաջիկա օրերին կփոխանցվի ևս երկու աճյունի մնացորդ։

Փաշինյանն ասել է, որ այդ քայլը հայկական կողմը կատարում է առանց նախապայմանների, դա հումանիտար հարց է և «մեզ համար առևտրի ենթակա չէ»։

Վարչապետի հաղորդմամբ` փետրվարի 4-ին կայացած հեռավար հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ քննարկվել են հումանիտար հարցերը լուծելու ուղիները։

Ադրբեջանը հայտարարում է 90-ականների առաջին պատերազմի ժամանակ 4 հազար անհետ կորածների մասին։ Այդ պատերազմում հայկական կողմից պաշտոնական տվյալներով` 777 մարդ է համարվում անհետ կորած, ևս 217-ը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Հուսով ենք` կհաջողվի համագործակցություն ձևավորել բոլոր անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

XS
SM
MD
LG