Շրջանառության մեջ է դրվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորներին սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու նախագիծ, «Ազատությանը» փոխանցեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Հստակեցվել է շահառուների շրջանակն․ ըստ այդմ, աջակցություն կտրամադրվի զոհերի ընտանիքներին և վիրավորում, խեղում, վնասվածք ստացած այն անձանց, ովքեր հիվանդանոցում են բուժում ստացել:
Աջակցության չափի ու ընթացակարգի մասին նախարարությունը կհայտնի գործընկեր գերատեսչություններից նախագծի վերաբերյալ կարծքիներ ստանալուց հետո։
Օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարարները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու․ 10 ողջ, 16 մահացածի, մահացածների թվում էին հղի կինն ու իր 5 տարեկան երեխան, 1 անհետ կորած քաղաքացին այդպես էլ չգտնվեց։ 60-ից ավելի քաղաքացիներ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, դիմել էին բժշկական կենտրոններ։
Առայսօր պայթյունի պաշտոնական միակ վարկածը շենքում պահվող մեծ քանակի հրավտանգ նյութերն են եղել։ Դեպքից երկու շաբաթ անց 4 անձ ձերբակալվեց՝ առևտրի կենտրոնի փոխտնօրենն ու պահեստը շահագործող երեք անձինք։ Երկու օր անց հայտարարվեց, որ փոխտնօրենն ազատ է արձակվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը «չի փոխհատուցի» «Սուրմալուի» պայթյունից տուժած տնտեսվարողներին